«Երբեք չպետք է Իրանի հետ մեր հարաբերությունները պայմանավորենք Իրան-Ադրբեջան հարաբերություններով»
Հարցազրույց իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ
– Պարոն Իսրայելյան, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Ադրբեջանն ու Իրանը համատեղ ներդրումային համաձայնագիր կստորագրեն՝ Աստարա-Ռեշտ երկաթուղու կառուցման համար։ Առաջիկայում էլ նախատեսվում է Իրանի նախագահի այցը Ադրբեջան։ Մշտապես ասվում էր, որ Իրանի համար Ադրբեջանն անվստահելի գործընկեր է, երկաթուղու կառուցման հարցը հետաձգվում էր, հիմա ի՞նչ է փոխվել։
– Դա նոր ծրագիր չէ, դրա վերաբերյալ արդեն մի քանի տարի խոսվում է։ Իրանն ու Ադրբեջանը պետք է ներդրում կատարեն այդ ծրագրի մեջ։ Այս ծրագրով Իրանի տարածքում պետք է կառուցվի Ռեշտ-Աստարա մի հատվածը, որը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մասն է, և Իրանի տեսանկյունից՝ դա միջազգային նշանակություն ունեցող ճանապարհ է։ Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերություններին, ապա՝ այո, ես ևս կարծում եմ, որ նրանց հարաբերություններում առկա բազմաթիվ խնդիրներ կան, բայց այստեղ առաջնահերթությունների հարց կա։ Եթե գնահատելու լինենք Իրանի գործող իշխանությունների՝ Ադրբեջանի նկատմամբ վարած քաղաքականությունը, պետք է դա ուսումնասիրել Սաուդյան Արաբիայի, Իսրայելի և Թուրքիայի՝ Ադրբեջանի տարածքում իրականացրած գործողությունների համատեքստում։
Երբ որոշակի ժամանակաշրջանում այդ երեք երկրների և Իրանի հարաբերությունները լարվում են, այդ երկրները Ադրբեջանի տարածքում զբաղվում են հակաիրանական գործողություններով։ Հետևաբար, իր շահերի տեսանկյունից Իրանն առաջնահերթ է համարում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք նախատեսում են տարածաշրջանում իր հակառակորդ պետությունների դիրքերի թուլացումը Ադրբեջանում և սպառնալիքների կանխարգելում։ Դրա նպատակով Իրանը դեռ 2013թ. իր արտաքին քաղաքականության մեջ որոշ վերանայումներ իրականացրեց, և փորձեց մեղմել հարևանների հետ ունեցած խնդիրները։
Երկրորդը տնտեսական գործոնն է, տնտեսական շահույթ ստանալը. մաքսիմալ ծավալներով արտահանում կազմակերպել, օգտվել Ադրբեջանի շուկայից, այսինքն՝ տնտեսական հարաբերությունների խորացմամբ՝ նաև փորձել հասնել քաղաքական ազդեցության մեծացման։ Իսկ Իրանի դեպքում քաղաքական ազդեցությունը Ադրբեջանի նկատմամբ ենթադրում է կրոնական ազդեցության մեծացում։ Հետևաբար՝ ինչպես հայտարարել են Իրանի պաշտպանության նախարարը, դեսպանը, հոգևորականները՝ Ադրբեջանի տարածքից սպառնալիք եղել է։
Օրերս էլ փաստերով ապացուցվեց, որ ժամանակին Իրանի տարածքում կործանված իսրայելական ԱԹՍ-ն օդ է բարձրացել հենց Ադրբեջանի տարածքից։ Հետևաբար՝ այս առումով սպառնալիքներ կան, և Իրանը փորձում է ստեղծված իրավիճակն օգտագործելով տարածաշրջանում՝ իր մրցակիցներին դուրս թողնել այդ տարածքից։
– Այս նախագծի իրականացումն ի՞նչ խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, և Հայաստանն ի՞նչ կարող է առաջարկել Իրանին՝ որպես այլընտրանք։
– Այս առումով մենք երբեք չպետք է Իրանի հետ մեր հարաբերությունները պայմանավորենք Իրան-Ադրբեջան հարաբերություններով՝ անկախ նրանից՝ այդ հարաբերությունները ինչ-որ կարճաժամկետ առումով կբարելավվե՞ն, թե՞ կվատթարանան։ Մենք Իրանի հետ պետք է մեր օրակարգը սահմանենք։ Վերջին երկու-երեք տարիների ընթացքում գործնական քայլեր իրականացվել են։ Գուցե լայնամասշտաբ ծրագրերի առումով դեռևս չենք կարողացել հաջողություն արձանագրել, բայց մի շարք քայլեր ձեռնարկվել են մի քանի ոլորտներում, որոնց դրական ազդակներն իրանական կողմից զգում ենք. իրանական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նրանց կողմից հայ-իրանական հարաբերությունների տնտեսական մասով զարգացումը, և այլն։
Ի՞նչ կարող ենք առաջարկել․ իհարկե, առաջին հերթին՝ պետք է փորձենք՝ ինչպես ներհայաստանյան ներուժով, Սփյուռքի ներուժով, այնպես էլ՝ մեր գործընկեր երկրների ներգրավվածությամբ երկաթգծի կամ ավտոմայրուղու շինարարության ավարտի հետ կապված ծրագրերը մշակել, արագ իրականացնել։ Մի քանի ոլորտներում Հայաստանն ունի առավելություններ, և կարելի է տարբեր ձևաչափերով աշխատել, օրինակ՝ Հայաստան-Իրան-ԵՄ մասնակցությամբ կամ այլ ձևաչափով։ Կարող ենք նաև մասնակցություն առաջարկել ԵՏՄ-ի շրջանակում։ Ոլորտները շատ են, ուղղակի պետք է ձևակերպել, թե որ ոլորտներում կան լայն հնարավորություններ, և ակտիվ աշխատել։
– Հայաստան-Իրան երկաթգծի մասին ակնարկեցիք. այս ուղղությամբ դրական զարգացումների ե՞րբ սպասենք։
– Բարդ հարց է, կարծում եմ՝ կառուցումը կլինի։ Վստահություն ունեմ՝ հաշվի առնելով գազամուղի կառուցումը, որը ևս չափազանց խոշոր ծրագիր էր, դա էլ տարիներ ձգվեց, բայց կարողացանք կառուցել։ Իրանն իր հարևան շատ երկրների հետ ունի գազամուղներ կառուցելու ծրագրեր, որոնց մի մասը նույնիսկ կառուցվել է, բայց չի շահագործվել, օրինակ՝ Պակիստան-Իրան գազամուղը։ Հետևաբար՝ այս առումով հաջող նախադեպ կա, ինչը հույս է ներշնչում, որ, եթե կարողացել ենք նման խոշորամասշտաբ ծրագիր իրականացնել, ապա ինչո՞ւ ոչ, կարող ենք նաև երկաթգծի հետ կապված ծրագիրն իրականացնել։ Բայց թե երբ և ինչ ձևաչափով, դժվարանում եմ ասել, որովհետև դրա մասնագետը չեմ։
Ադրբեջանի հետ երկաթգիծն այլ ուղղություն է, Հայաստանն այլ ուղղություն է։ Ադրբեջանի հետ Իրանն իրենց մշակած «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում է համագործակցում, Հայաստանն ընկնում է Պարսից ծոց-Սև ծով միջանցքում, այսինքն՝ մենք այլ նախագծում, այլ տիրույթում ենք։ Հայաստանը դիտարկվում է՝ որպես Եվրոպայի հետ կապվելու միջոց, իսկ Ադրբեջանը դիտարկվում է՝ Ռուսաստանի հետ կապվելու միջոց։ Հետևաբար՝ դրանք տարբեր նախագծեր են, և ուղղակի այդ երեք երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի առաջնահերթությունների շրջանակներում է այս «Հյուսիս-Հարավ» միջանցքի գործարկումը։ Եթե այլ իրավիճակային պայմաններ լինեն, ես վստահ եմ, որ Պարսից ծոց-Սև ծով նախագիծն էլ կիրականանա, և դա Իրանի առաջնահերթությունների մեջ է, ուղղակի ժամանակային առումով այդ հատվածը մի փոքր դանդաղում է։
– Գազամուղի և իրանական կողմի պատրաստակամության մասին խոսեցիք. ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանի խոսքով՝ իրանական կողմն ասել է, որ իրենք ավելի մրցունակ գին այս պահին չեն կարող առաջարկել, և, որ Հայաստանը չունի գազի ավելի մրցունակ գին, քան Ռուսաստանից տրվող գինն է: Այս հակասություններն ինչո՞վ են պայմանավորված, արդյո՞ք հայկական կողմը չի դանդաղում Իրանի հետ հարաբերություններում։
– Գազի խնդիրն այն խնդիրներից է, որի մասով թյուրիմացություն է միշտ լինում։ Ես այդ պայմանագրերը չեմ ուսումնասիրել, թե ինչ ձևաչափով կարելի է ներկրել, բայց փաստ է, որ գազի տարանցման հարցում մենք ունենք հաջողություն։ Եթե խոսքը ներկրվող գազի ծավալների մեծացման մասին է, ապա արդեն վերջնականապես այդ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է, ուղղակի տեխնիկական հարցեր կան, որոնց վերջնական լուծումից հետո կգործարկվի։ Մենք այս մասին քիչ ենք խոսում, բայց սա ևս շատ կարևոր նախագիծ է, որը ենթադրում է գազի ներկրման ծավալների մեծացում, և մենք հնարավորություն կունենանք ոչ միայն ներքին սպառման համար էլեկտրաէներգիա արտադրել, այլև վաճառել տարածաշրջանի երկրներին։ Ինչ վերաբերում է գազի գնին, դրա մանրամասներին տեղյակ չեմ, ուղղակի հետևելով իրանական կողմի հայտարարություններին՝ կարելի է դիտարկել, որ առաջարկությունը եղել է, բայց այդ առաջարկը եղել է տարանցմա՞ն, թե՞ ներքին սպառման համար, չեմ կարող ասել։ Ես գիտեմ, որ ներքին սպառման համար մենք օգտագործում ենք ռուսական գազը, իսկ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» նախագծում Հայաստանը որևէ սահմանափակում չունի։ Ընդհակառակը՝ մենք նպատակ ունենք գազի ծավալներն ավելացնելու։
Երբ 2 տարի առաջ Վրաստանը ցանկություն հայտնեց Հայաստանի տարածքով գազ ներմուծել Իրանից, Հայաստանն արձագանքեց։ Այսինքն՝ երբ Հայաստանը նկատեց, որ իրական գործողություններ կան, արձագանքեց, և փոքր ծավալով գազ արտահանվեց Վրաստան։ Հետո ինչ-ինչ գործոններով պայմանավորված՝ այդ գործընթացը դադարեցվեց, բայց՝ ոչ Հայաստանի պատճառով։ Հետևաբար՝ նախադեպը կա, երբ լինեն ռեալ առաջարկներ գազի տարանցման հարցում, մենք կկարողանանք դա ռուսական կողմին ներկայացնել, Հայաստանի շահը ներկայացնել։
Եթե արտահանման մասին խոսք լինի, չեմ կարծում, որ դա այնքան մեծ ծավալներով լինի, որ հակասի գազի ոլորտում Ռուսաստանի շահին։ Կարելի է այստեղ պայմանավորվել և որևէ քանակով արտահանել։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքով գազի արտահանման իրանական կողմի թիրախը Եվրոպան է, իսկ Եվրոպայից դեռևս ռեալ առաջարկ չի եղել այդ մասով։ Հայաստանն էլ բազմիցս հայտարարել է, որ, եթե երրորդ կողմերի հետ Իրանը կարողանա պայմանավորվել, և վերջին խոսքը մնա Հայաստանին, ապա Հայաստանը գործուն քայլեր կձեռնարկի։