«Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին». ՀՀ-ում Իրանի դեսպան

ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին այսօր ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ. «Վերջերս երկարաձգվեց միջկառավարական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, որի շրջանակում պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի, հուսով եմ՝ մոտ ապագայում ականատես կլինենք այդ ծրագրի իրականացմանը։ Ըստ պայմանավորվածության՝ Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալի դիմաց Հայաստանը գազ կստանա։ Մենք ծրագրում ենք «Սուափի» շրջանակում համագործակցություն ձևավորել։ Եթե Հայաստանին կհաջողվի Իրանի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք նաև մեր մասնակցությունն ունենալ այդ ծրագիրն իրականացնելու հարցում»։

Դեսպանի խոսքով՝ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին. «Այս հարցը նաև քննարկվում է, ես հուսով եմ, որ առաջընթաց կունենանք։ Եթե էներգետիկ ոլորտում Հայաստանը մի փոքր աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որպեսզի ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծվեն»։

Ինչ վերաբերում է Մեղրու հէկ-ի գործարկման երկարաձգմանը, դեսպանն ասաց, որ մոտ ապագայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որպեսզի այդ ծրագիրը փորձեն վերջնական տեսքի բերել. «Ուշացման պատճառը մենք չենք եղել։ Կառավարություններն աշխատում են, երկարաձգումը ներգրավված ընկերությունների պատճառով է»։

Հարցին՝ մարտ ամսին նախատեսվում է գործարկել Իրան-Ադրբեջան երկաթուղու մի հատվածը, դա ինչպե՞ս կարող է ազդել Հայաստան-Իրան՝ դեռևս թղթի վրա մնացած երկաթուղու ծրագրի վրա, դեսպանն այսպես պատասխանեց. «Ի՞նչ կապ ունի, թե հարևան պետությունում ինչ են անում։ Իրանի հարաբերությունները Հայաստանի հետ շատ լավ են, մենք պատրաստ ենք գործարկել երկաթգիծը։ Հայկական կողմը պետք է աշխատի ներդրող կողմին ներկայացնել։ «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրի հետ կապված էլ ենք պատրաստ, ուղղակի պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ուղղություններում։ Դուք առաջ եկեք, մենք էլ քայլ կանենք»։

Տեսանյութեր

Լրահոս