«Նախագահի իրավասությունն է ներում շնորհելը». արդարադատության նախարարը՝ համաներման վերաբերյալ խոսակցությունների մասին
«Յուրաքանչյուր քայլ, որը մենք կատարում ենք և որը վիճահարույց է, անպայման քննարկում ենք նաև միջազգային փորձագետների հետ, որպեսզի տեսնենք այլ երկրների փորձը, դատարանների փորձը, այլ երկրների մեկնաբանությունը և այլն»,- այսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացման նախագծին։
ՀՀ «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին նախագծով առաջարկվում է ահաբեկչության քարոզի և դրա արդարացման պատասխանատվության քրեականացում, որը քննարկումների և դժգոհությունների առիթ է դարձել։
«Քրեական օրենսգիրքը հենց նրանով է օրենսգիրք, որ այն մեկնաբանվում է ոչ թե՝ ուղղակի կարդալով մեկ նախադասություն, այլև ունի հատուկ մաս, և ամեն ինչը պետք է դիտարկել այդ պրիզմայով։ Եթե որևէ մեկն ընթերցի որևէ դրույթ հատուկ մասից և փորձի մեկնաբանել, կունենա լուրջ դժվարություններ։ Ի սկզբանե մշակված է եղել հայեցակարգը, և հանցակազմի յուրաքանչյուր նկարագրություն արվում է՝ հենց հայեցակարգի դրույթները հաշվի առնելով»,- պարզաբանեց նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին պատրաստ են քննարկումների։
«Առաջարկում եմ յուրաքանչյուրին՝ փոխանակ ընթերցել հատուկ մասի դրույթ և փորձել հընթացս այն մեկնաբանել, անպայման հաշվի առնել, որ դա պետք է դիտարկվի ընդհանուր մասի բոլոր սկզբունքները հաշվի առնելով»,- ասաց նա։
Նախարարը հերքում է այն մեղադրանքները, որ այդ հոդվածը ներդրվել է կոնկրետ անձանց շրջանակների համար․ «Չկա այս նախագծում որևէ հանցակազմ, որն արված է՝ կոնկրետ անձի հետ կապված»։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև այլ թեմայից՝ մամուլը գրում է, որ համաներում է լինելու, որևէ փաստաթուղթ դրա հետ կապված մշակվո՞ւմ, է թե՞ ոչ։
«Անգամ եթե մշակվեր, ես դրա մասին չէի ասի»,- ի պատասխան՝ ասաց նախարարը։
Ճշտող հարցին՝ այսինքն՝ նախագահականից իրեն որևէ հանձնարարական չի՞ ուղարկվել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանը կոնկրետ անձանց ներում է շնորհում, Դավիթ Հարությունյանն այսպես պատասխանեց. «Նախագահը պարբերաբար ներում է շնորհում տարբեր անձանց, և այդ պրոցեսն ավտոմատ է՝ առանց նախարարի մասնակցության, անմիջապես այն կատարվում է ՔԿՀ-ի կողմից։ Նախագահի իրավասությունն է ներում շնորհելը»։