Բաժիններ՝

Խոհարարը վաճառել է Փարիզի իր շքեղ ռեստորանն ու Երևանում սննդի կետ բացել

Հաջողակ ավագ խոհարարը թողել է Փարիզն ու եկել հաստատվել իր հայրենիքում:

Վարդան Սեպտջյանը, երբ 9 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Մինչ այդ ապրել է Լիբանանում, սակայն 1986 թվականին պատերազմի պատճառով հեռացել են ու մշտական բնակություն հաստատել Փարիզում: Այս մասին գրում է asparez.am-ը:

«Այդ ժամանակ ես ֆրանսերեն խոսել չգիտեի, եւ մայրս մեզ հայկական դպրոց տարավ: Երկու տարի անց շատ լավ ֆրանսերեն սովորեցի, որից հետո ֆրանսիական դպրոց ուսանեցի»,-ասում է Վարդան Սեպտջյանը, ով վաճառել է Փարիզի կենտրոնում գտնվող իր հայտնի ռեստորանն ու տեղափոխվել Հայաստան:
Վարդան Սեպտջյանը պատմում է, թե ինչով է զբաղվել Ֆրանսիայում:

«17-18 տարեկանից սկսել եմ խոհարարությամբ զբաղվել: Այդ ժամանակ եւ դպրոց էի գնում, եւ արձակուրդներին աշխատում: Խոհարարությունը ինձ շատ գրավեց: Հայտնի դասընթացների մասնակցեցի, երկու տարում սովորեցի՝ ինչպես դանակ բռնել, ինչպես եփել եւ այլն: Հետո ռեստորաններում սկսեցի աշխատել»,-ասում է խոհարարը եւ նշում, որ 14 տարի շարունակ Փարիզի կենտրոնում գտնվող իր սեփական ռեստորանի գլխավոր խոհարարն է եղել:

Ռեստորանի անունը եղել է «Chez Vartan», որը նշանակում է «Վարդանի մոտ»: Ռեստորանս գտնվում էր Փարիզի կենտրոնում՝ 9-րդ թաղամասում՝ Օպերայի մոտ, տուրիստական շատ լավ շրջանում: «Ռեստորանը վաճառելու մտադրություն չունեի, պատահական մեկը մոտեցավ, լավ գին առաջարկեց, վաճառեցի»,-ասում է նա եւ պատմում, որ 14 տարվա ընթացքում իր այցելուներին տարբեր երկրների խոհանոցներ է առաջարկել:

«Սկզբում հայկական, հունական եւ ֆրանսիական ուտեստներ էի մատուցում: Հետո այնպես արեցի, որ, ով ինչ ցանկանում էր, այդ պահին էլ պատրաստում էի»,- ասում է Վարդան Սեպտջյանն ու նշում, որ Փարիզում հայկական խոհանոցը շատերի կողմից է սիրված:

«Բաստուրմայի, սուջուխի հետ ծանոթացրեցի ֆրանսիացիներին: Աղի կրեպ էի մատուցում՝ պատրաստած հնկաձավարի ալյուրով: Հայաստանում այդ ալյուրը չկա, Ֆրանսիայից պիտի բերեմ, որ այստեղ էլ մատուցեմ»,-ասում է խոհարարը:

Վարդան Սեպտջյանն անդրադառնալով իր՝ Երեւան գալուն եւ մշտական բնակություն հաստատելու ցանկությանը՝ ասում է.

«Ես Երեւան նշանածիս համար եկա: Սոցիալական ցանցերով շփվելն ուրիշ է, իսկ դեմ առ դեմ խոսելն՝ ուրիշ: Այդ ժամանակ արդեն ռեստորանս ծախել էի եւ ազատ էի, բան չունեի անելու: Ընկերուհիս ասաց, որ տասը օրից տարեդարձն է, ես էլ տասը օրից եկա: Արդեն երկուսուկես տարի այստեղ եմ»,-ասում է նա: Առաջին անգամ Հայաստան Վարդանը եկել է 2014 թվականին:

«Այդ թվականին եւս Երեւանում՝ Պուշկինի փողոցի վրա ռեստորան բացեցի, աշխատողներ նշանակեցի եւ ետ գնացի Փարիզ, բայց քանի որ տեղում չէի, չստացվեց: Պետք է ես այստեղ լինեի, ռեստորանին շեֆ է պետք»,-ասում է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս