Բաժիններ՝

«Ինքս էի սարքել իմ բեմը ու ինքս էլ իմ բեմի բանվորն էի». Ֆորշ

«Նարեկացի» արվեստի միությունում մարտի 6-ի երեկոյան Ֆորշի հանդիպումն էր երկրպագուների հետ: Վերջերս հանրային շփումներով առանձնապես աչքի չընկնող երաժիշտը նույնքան ուրախ էր տեսնել երկրպագուներին, որքան հենց իրենք՝ Ֆորշի երաժշտության բոլոր ժամանակների սիրահարները: Հանդիպումից ուշացումը մի պատճառաբանություն ուներ՝ Ֆորշը նոր երգեր է ձայնագրում և հանդիպման էր գալիս ձայնագրման ստուդիայից: Լսարանն իրեն հետաքրքրող հարցեր ուներ, Ֆորշն էլ ակնհայտ անկեղծությամբ՝ պատասխաններ հնչեցնելու ցանկություն…

– Ինչպե՞ս սկսեցիք նվագել ջութակի վրա:

– Միշտ սիրով նկարել եմ, երգել եմ՝ նույն չափ սիրով, բայց ա՛յ, նվագել… ինձ փոքրուց միշտ ստիպել են, որ նվագեմ: Դասատուս ասել էր՝ օրական չորս ժամ պետք է ջութակ նվագի: Այսինքն՝ օրական չորս ժամ այդ ջութակի ձայնը պետք է գար իմ սենյակից: Լավ էր՝ այդ նույն դասատուս հայրիկիս ասել էր, որ ես պետք է նաև Բախ լսեմ: Էն ժամանակներին հատուկ ձայնագրիչներ կային, առավ հայրս, ու այդ օրվանից բախտս բերեց, գիտեք:

Միացնում էի սենյակում, դուռը փակում էի ներսից, ու չորս-հինգ ժամ նվագում էր Բախը սոլո ջութակ՝ իմ փոխարեն… Ո՞վ էր իմանում՝ ո՞վ է նվագում… ես էլ գոնե պատուհանին հենված կարողանում էի նայել, թե ի՞նչ են անում ընկերներս բակում:

Կարդացեք նաև

– Ինչպե՞ս եղավ անցումը երաժշտությունից՝ թատրոնի բեմ:

– Ես միշտ ցանկացել եմ երաժիշտ լինել ու, փառք Աստծո, հասել եմ իմ նպատակին: Բայց ներսումս, ինչ-որ տեղ միշտ ցանկություն եմ ունեցել նաև բեմում խաղալու, թեև, ճիշտն ասած, չեմ պատկերացրել, որ դա հնարավոր է: Այդ անցումն ինքնաբերաբար ստացվեց, լավ էր, ես գոհ եմ… Վիգենն էր (Վիգեն Ստեփանյանը) մեղավորը: Վիգեն ջան, քեզ большой привет, եղբայր:

«Մետրո» թատրոնում երկու մյուզիքլ բեմադրեցինք Վիգենի հետ: Հետո Կոլյան եկավ (Նիկոլայ Ծատուրյանը), պատիվ ունեցա աշխատելու նաև իր հետ: Լավ տարիներ էին… Էնքան հիշողություններ կան՝ թատրոնում անցկացրած տարիների հետ կապված: Էսօրվա պես հիշում եմ՝ մի անգամ ներկայացման կեսին մի գմփոց լսվեց, պարզվեց՝ մեծ լուսարձակը պայթել էր, ու հենց՝ խեղճ Վիգենի գլխին: Ո՞ւմ էիր մի բաժակ ջուր տվել, այ Վիգեն ջան:

 – Ի՞նչ էիք երազում դառնալ մանկուց:

– Գիտեք, ես միշտ երազել եմ դառնալ երգիչ: Կարող է բոլորին թվալ՝ կատակ եմ անում, կամ տիեզերագնաց, օդաչու ու նման մի բան երազած կլինեմ, բայց ոչ՝ հենց երգիչ, ու հասել եմ ուզածիս:

– Իսկ հիմա ի՞նչ եք երազում:

– Հիմա երազում եմ՝ երազեմ:

– Հաճա՞խ եք երկխոսության մեջ մտնում քաղաքի հետ:

– Ամեն առավոտ:

– Եվ նոր երգե՞ր են ծնվում:

– Չէ, լույսն է բացվում:

– Ֆորշ, Երևանը առաջվա պես ոգեշնչո՞ւմ է ձեզ:

– Նայած առավոտ…

– Երևանյան իրականությունների մեջ ո՞րն է ձեր գույնը:

– Երևանը իրականություն չունի, իսկ իմ գույնը նարնջագույնն է: Իմ տունն էլ ամբողջությամբ նարնջագույն է:

– Ի՞նչը ձեզ դուր չի գալիս Երևանում, ի՞նչը կփոխեիք:

– Օ՜ֆ, Էնքան բան կա, որ դուրս չի գալիս, բայց հիմա արդեն ես ավելի շատ մտածում եմ, թե ի՞նչն է դուրս գալիս: Էդպես ավելի հեշտ կլինի մեր համար: Եկեք դուր չգալու մասին մոռանանք ու մտածենք, թե ի՞նչն է դուր գալիս… էն օրը հետս նենց լավ բան եղավ՝ ընկերներիցս մեկն եկավ, ասաց՝ գիտե՞ս, որ նախագահդ փոխվել ա… Ասի՝ լո՞ւրջ, գոնե իմանամ՝ ո՞վ է, որ դեմքով ճանաչեմ, պետք կգա…

– Երևանում սիրած վայր ունե՞ք:

– Երևանը դուռ ու շենք չէ, Երևանը մենք ենք, Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է:

– Կպատմե՞ք Քրիստ Մանարյանի հետ ձեր համագործակցության մասին:

– Քրիստն իմ ընկերն է, և նրա հետ կապված որևէ բան չի կարելի համարել համագործակցություն, այլ միայն ընկերություն: Մի օր իրենց տանը նստած էինք, Քրիստի կինը՝ Նունուշը, ասաց՝ Ֆորշ, դու ինչի՞ Քրիստի երգերը չես երգում, ասացի՝ բա որ ես Քրիստի երգերը երգեմ, իմ երգերն ո՞վ երգի: Քրիստի երգերը երգել՝ նշանակում է՝ լավ որակով երգ երգել:

– Մի առիթով ձեր ընկերներից մեկը հիշում էր, որ մութ ու ցուրտ տարիներին ձեզ կարելի էր գտնել Ամիրյան փողոցի վերջնամասում գտնվող խորտկարաններից մեկում, որտեղ դուք ձեր մտերիմ ընկերների համար երգում էիք…

– «Встречь»-ի մասին եք ասում՝ «Հանդիպում» բարի… թե չէ՝ խորտկարան, Ամիրյան… Էդ թվերին և այդ մթության մեջ դա մի լույսի շող էր, որտեղ կարող էիր գալ և մթության մեջ կորած, սոված ու ցուրտ տարիների նեգատիվի մեջ մի կարգին երաժշտություն լսեիր, կտրվեր այդ իրականությունից: Դա խորտկարան չէր, դա «Լավ տեղ» էր, այնտեղ չէիր ստեղծագործում, այնտեղ ապրում էիր:

– Որքանո՞վ է մրցակցությունը կարևոր արվեստում:

– Արվեստում ի՞նչ մրցակցություն: Մի հատ Պելե կար, էն էլ արդեն վաղուց չի խաղում, հետևաբար, արվեստում մրցակցություն չկա:

– Ո՞րն է Ֆորշի հոգևոր հայրենիքը:

– Բարդ հարց էր՝ հոգևոր… հայրենիք… Գիտե՞ս ինչ՝ եթե դու դեռ շնչում ես, կաս, նստած ես այստեղ, խոսում ես քո հայրենակիցների հետ, սա արդեն այն օդն է, որ իր մեջ ընդգրկում է և՛ հոգևորը, և՛ հայրենիքը:

– Դուք ձեր կյանքի որոշ շրջան ապրեցիք Արգենտինայում: Կարելի՞ է համարել, որ դա երկու քայլ հետ էր այն ամենից, ինչ դուք արդեն ստեղծել էիք հայրենիքում:

– Դա ոչ թե երկու քայլ հետ էր, այլ երկու քայլ առաջ: Դա ուրիշ աշխարհ էր, ուրիշ մշակույթ, ուրիշ լեզու, ուրիշ մարդիկ, ուրիշ օդ, ուրիշ կյանք, ընդհանրապես ամեն ինչ շատ ուրիշ էր: Հետաքրքիր չի՞ մի քիչ էլ ուրիշ բան փորձել: Վերադառնալն էլ միշտ կար ու կար:

– Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ հետ վերադառնաք այնտեղից:

– Երբ տղաս դարձավ 7 տարեկան, մենք ապրում էինք Բուենոս Այրեսում: Ծննդյան օրը ընկերներիցս մեկը տղայիս հարցրեց՝ Արեգ ջան, դու քանի՞ տարեկան ես, տղաս մտածեց, մտածեց ու ասաց՝ ես ունեմ յոթը տարեկան: Դա գիտեք՝ ի՞նչ էր նշանակում, որ երեխան սկսում է մտածել օտար լեզվով, հետո էդ օտար լեզուն թարգմանում է հայերեն ու բառացի ասում այն, ինչ ստացվեց: Հենց այդ օրը կնոջս ասացի՝ հավաքիր իրերը, գնում ենք Հայաստան:

– Հիշո՞ւմ եք՝ երբ եք առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ բարձրացել:

– Իմ ամենապրոֆեսիոնալ բեմը եղել է մեր տան վարագույրի հետևը: Ինքս էի սարքել իմ բեմը ու ինքս էլ իմ բեմի բանվորն էի: Երբ հայրս կամ մայրս ասում էին՝ մի հատ երգի, գնում, մտնում էի այդ վարագույրի հետևը, իմ ձեռքերով հանդիսավոր կերպով բացում էի վարագույրը ու սկսում էի երգել… Երգում էի Крокодил Гена-ի երգը:

– Իսկ ի՞նչ եք լսում հիմա:

– Հիմա նենց մի լավ գործ եմ լսում ու ձեզ բոլորիդ խորհուրդ կտամ լսել Արթուրո Սանդովալիին, հրաշագործ շեփորահար է, հիմա արդեն՝ մեծ պապիկ: Իր ողջ կյանքում ընդամենը մեկ երգ է երգել՝ «Էստադե»: Փնտրեք այդ երգը ու լսեք:

– Վիգեն Ստեփանյանի հետ զրույցից պարզվեց, որ «Ես եմ քո հավատարիմ ընկերը» երգը նվիրված է նրան: Հաճա՞խ եք երգեր նվիրում ձեր ընկերներին:

– Այդ երգի հետ կապված, գիտեք՝ ի՜նչ լեգենդներ կան: Բոլորը գիտեն, որ այդ երգը հենց իրենց է նվիրված: Ինչքան հավատարիմ ու հարազատ ընկեր ունեմ, բոլորն ասում են, որ այդ երգը հենց իրենց է նվիրված: Ես էլ երջանիկ եմ, որովհետև եթե ինձ այդքան սիրելի մարդիկ ասում են, որ դա իրենց է նվիրված, ուրեմն՝ մարդավարի երգ է ստացվել: Իսկ իրականում այդ երգը որևէ մեկին նվիրված չէ, ուղղակի ով ուզում է, իրեն եմ նվիրում:

– «Բարև, իմ սեր» երգը նույնպես սիրված է շատ-շատերի կողմից: Ինչպե՞ս է ստեղծվել այդ երգը:

– Խոհանոցի սեղանի վրա, առանց դաշնամուրի, նոտայի թղթի վրա: «Բարև, իմ սեր»-ը մտքիս մեջ գրված երգերից է:

– Եվ այնուամենայնիվ, ո՞րն է հիմա ձեր ամենամեծ ցանկությունը:

– Կուզենայի, որ նախագահիս դեմքը ֆեյսով սիրուն նայվեր:

Լուսանկարները՝ ԳԱՐԵԳԻՆ ԱՂԱԲԵԿՅԱՆԻ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս