«Բոլորն էլ հասկանում են, որ այսօր իմաստ չունի ֆիզիկական, ֆինանսական, ներվային, հոգեկան ուժ գործադրել…». Ինչո՞ւ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին
Ինչպես հայտնի է, մարտի 11-ին ՀՀ 14 համայնքներում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: Այդ համայնքներից 12-ում առաջադրվել են մեկական թեկնածուներ՝ առանց այլընտրանքի:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը խոսելով այն մասին, թե ինչո՞ւ իրենք թեկնածուներ չեն առաջադրել այս ընտրություններին՝ նախ ասաց, որ իրենք շատ են կարևորում ՏԻՄ ընտրությունները. «Հիմա զբաղվում ենք տեղական թիմերի զարգացմամբ: Այնպես է ստացվել, որ այս համայնքներում այնպիսի ձևավորված թիմեր չունեինք, որոնք կկարողանան ռեալ այլընտրանք լինել և մարտահրավեր նետել այդտեղ գործող ՀՀԿ թեկնածուներին: Մարզային, գյուղական իրականությունները մի քիչ այլ են, որովհետև գյուղապետի դեմ առաջադրվելը նաև որպես տոհմային թշնամանք է դիտվում, դրա համար քաղաքականությունը մարզեր հասցնելու խնդիր ունենք: Բայց մենք բնավ չենք հրաժարվում մարզերում աշխատելուց և անընդհատ զարգացնում ենք մեր այնտեղի թիմերը՝ փորձելով հնարավորինս շատ մարդիկ ներգրավել՝ պատրաստելով նրանց հերթական ՏԻՄ ընտրություններին»:
ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե շատ բնական է, որ ընդդիմությունը չի մասնակցում ՏԻՄ ընտրություններին. «Այդպես էլ պետք է լիներ, որովհետև մեզ մոտ միակուսակցական քաղաքական համակարգը վաղուց վերականգնվել է, ուղղակի մենք չենք ուզում դա ընդունել կամ այդ փաստն արձանագրել, բայց, որ Խորհրդային Միությունն այդ առումով վերականգնվել է ՀՀ-ում, դա վաղուցվա փաստ է:
Դրա ապացույցը վերջին ընտրություններ են, ԱԺ-ում տեղի ունեցած ընտրություններն են, ինչպես նաև՝ համապետական ընտրությունների արդյունքներն են: ՀՀ-ում ընտրություն գոյություն չունի, և սա մեր ամենամեծ խնդիրն է: Մենք 30 տարի հետո կորցրեցինք դա, այն առավելությունը, որ մենք ունեինք 1990-ականներին, երբ անմիջական քվեով քաղաքացին կարող էր ընտրել տեղական իշխանություն կամ պետական իշխանության մարմիններ, նրան այդ իրավունքից զրկեցին, ու 30 տարի հետո վերականգնվեց այն, ինչ ունեինք 1990 թվականից առաջ. միակուսակցական քաղաքական համակարգն իր ամբողջական դրսևորումն է ստանում նաև այս ՏԻՄ ընտրություններում:
Սա պատահական չէ, ու բոլորն էլ հասկանում են, որ այսօր իմաստ չունի ֆիզիկական, ֆինանսական, ներվային, հոգեկան ուժ գործադրել, որպեսզի ընտրություններում արդյունք արձանագրեն, որովհետև գիտեն, որ ադմինիստրատիվ ազդեցությունն ավելի բարձր է, վարչական գործոնն ավելի կարևոր է, քան՝ քաղաքականն ու գաղափարականը»: