ՀՀԿ-ն հետևողականորեն լծակազրկում է Արմեն Սարգսյանին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը վայելում է «հաղթանակի դափնիներն» ու արդեն դերի մեջ մտած՝ այցեր նախաձեռնում, ՀՀԿ-ն հետեւողականորեն լծակազրկում է նրան:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ քննարկվեց նաեւ «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը, ըստ որի՝ այսուհետ պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմելու իրավունք կունենան վարչապետը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահները, իսկ նախագահն այդ միջնորդությունները միայն պետք է հաստատի:
Եթե ԱԺ-ն, ՍԴ-ն եւ ԲԴԽ-ն իրավասու են իրենց գործունեության ոլորտներին առնչվող անձանց պարգեւատրելու կամ կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես գալ, ապա վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու հանրապետության նախագահին բոլոր պետական պարգեւների եւ կոչումների վերաբերյալ:
Օրենքից հանվել են պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու հարաբերությունները կարգավորող, ինչպես նաեւ բարձրագույն կոչում շնորհելու՝ ՀՀ նախագահի լիազորությունը նախատեսող դրույթները:
Ի դեպ, օրենքին դեմ էր միայն Նապոլեոն Ազիզյանը, նա ասում էր, որ չպետք է հանել բարձրագույն կոչում շնորհելու, այն է՝ «Ազգային հերոսի» կոչում շնորհելու դրույթը:
Բանն այն է, որ նոր Սահմանադրությունն այլեւս հատուկ կոչումով պարգեւատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով «Ազգային հերոս» կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է «Հայրենիքի» շքանշանով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: