Խաղալիք գնելիս հայ սպառողներն ավելի շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, քան՝ անվտանգությանը
«Հայաստանում խաղալիքի շուկան ամենառիսկային ոլորտներից մեկն է, և այն շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ամենօրյա վերահսկողության ներքո է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ իրենց կառույցը 2017 թվականին 18 ուսումնասիրություն է կատարել խաղալիքի շուկայում առավել ռիսկային և խոշոր ներմուծող ու արտադրող կազմակերպություններում. «18 տնտեսվարող սուբյեկտներից 12-ում հայտնաբերվել են խախտումներ. Հիմնականում՝ համապատասխանության սերտիֆիկատի բացակայություն, ինչպես նաև՝ մակնշման բացակայություն: Թվերը հուսադրող չեն: 2016 թվականին 59 տնտեսվարող սուբյեկտներ խաղալիքներ են ներմուծել, որոնցից ընդամենը 4-ն է համապատասխանության սերտիֆիկատ հանել, որը 6.8 տոկոս է: 2017 թվականին 76 տնտեսվարող սուբյեկտներից 14-ը չգոհացնող ցուցանիշներ են»:
Ա. Մկրտչյանն ընդգծեց, որ իրենց նպատակը շուկայում անվտանգ խաղալիքների իրացումն է, և ոչ թե՝ տվյալ տնտեսվարող սուբյեկտին վարչարարությամբ վնաս պատճառելը: Նա կոչ արեց սպառողներին՝ խաղալիք գնելիս համապատասխանության սերտիֆիկատ պահանջել, ինչպես նաև՝ մակնշումը նայել:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ հանրային կապերի պատասխանատու Սիրանույշ Զաքարյանն էլ հակիրճ ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից խաղալիքի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները: Նա նշեց, որ իրենց հետազոտության նպատակն էր՝ պարզել հանրության իրազեկվածության մակարդակը և շուկայում առկա իրավիճակը: Նրանք հարցում են իրականացրել և՛ բնակչության, և՛ տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում:
«Արդյունքներն այնքան էլ գոհացուցիչ չէին: Օրինակ, հարցվածների 54 տոկոսը պատասխանել է, որ խաղալիքներ ձեռք է բերում իրենց տան մոտակա խանութից, ընդամենը 26 տոկոսն է նշել, որ ձեռք է բերում խաղալիքների մասնագիտացված խանութներից, իսկ 12 տոկոսը մեծածախ խանութներից է խաղալիքներ ձեռք բերում: Էլ ավելի մտահոգիչ է, թե ինչին են ուշադրություն դարձնում սպառողները խաղալիք գնելիս: Հարցվածների ընդամենը 6 տոկոսն է նշել, որ ինքն անվտանգությունը հավաստող սերտիֆիկատ պահանջում է և ուշադրություն է դարձնում: 41 տոկոսն ուշադրություն է դարձնում խաղալիքի գնին, իսկ 38 տոկոսն ուշադրություն է դարձնում արտաքին տեսքին, ընդամենը 15 տոկոսը՝ մակնշմանը: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ տեղյակ է, թե ինչ վտանգներ կարող է ներկայացնել խաղալիքը, բայց, մյուս կողմից, երբ հարց է տրվել, թե կարո՞ղ են թվարկել, թե ինչ վտանգներ կարող են լինել, ընդամենը 28 տոկոսն է կարողացել թվարկել 40 տոկոսից ավելի վտանգների մասին, 61 տոկոսը կարողացել է նշել ընդամենը 2 վտանգ, իսկ 11 տոկոսը գրեթե վտանգ չի կարողացել նշել»,- ներկայացրեց Ս. Զաքարյանը:
168.am-ը հետաքրքրվեց՝ կա՞ ուսումնասիրություն, թե վտանգավոր խաղալիքների պատճառով ի՞նչ դեպքեր են գրանցվել վերջին տարիներին ՀՀ-ում՝ Ա. Մկրտչյանն այսպես պատասխանեց. «Նման դեպքեր չկան: Նման դեպքերն ի հայտ կգան բողոքների վրա, բայց նման բողոքներ մենք չենք ստացել, որ տվյալ խաղալիքն օգտագործելուց թունավորվել են, և այլն»:
Ս. Զաքարյանն էլ ասաց, որ ավելի շատ բողոքները վերաբերում են նրան, որ, օրինակ, ունեցել է սերտիֆիկատ, բայց խաղալիքն ունեցել է սուր հոտ, ի՞նչ անել. «Բայց որ կոնկրետ ունենանք եզրակացություն լաբորատոր փորձաքննության, որ տվյալ թունավորման պատճառը եղել է խաղալիքի օգտագործումը, այսօր նման բան ՀՀ-ում չկա»:
Լրագրողներից մեկի հարցին, թե տեղական խաղալիքներ արտադրողնե՞րն են ավելի շատ խախտումներ թույլ տալիս, թե՞ ներմուծվածների մոտ է ավելի շատ՝ Ս. Զաքարյանը պատասխանեց, որ իրար չեն զիջում. «Առանձնացված չունենք, որովհետև համատարած է»:
Մանրամասն՝ 168.am-ի տեսանյութում: