«ԵՄ-ն պետք է հաշվի առնի Ռուսաստանի կարծիքը՝ Արևելյան գործընկերությունը զարգացնելիս»
Հարցազրույց Գյոթինգենի համալսարանի (գերմ.՝ Georg-August-UniversitՊt GՓttingen) քաղաքագիտության պրոֆեսոր, «Քաղաքակրթությունների երկխոսություն» հետազոտական ինստիտուտի (DOC Research institute) համահիմնադիր, գերմանացի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան Փիթեր Շուլցի հետ
– Պրոֆեսոր Շուլց, աշխարհը մտել է քաղաքական փոփոխությունների մի այնպիսի փուլ, որը մի շարք փորձագետների, այդ թվում՝ Ձեր կարծիքով, թույլ է տալիս պնդել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո հաստատված աշխարհակարգն այլևս չի գործում: Դրանով պայմանավորված՝ նոր խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացել քաղաքակրթությունների առջև: Ներկայումս ի՞նչ խնդիրների ուղղությամբ է աշխատում Եվրոպական միությունը, ի՞նչ սպառնալիքներ է տեսնում:
– Այո, եկել է աշխարհում մի այնպիսի փուլ, երբ ԱՄՆ-ը պետք է կիսի իր գլոբալ առաջնորդությունն այլ երկրների հետ, թեև մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ ռազմական ոլորտում, իր առաջնորդությունը Միացյալ Նահանգները կպահպանի դեռևս մի քանի տասնամյակ, բայց չի կարողանա հաղթահարել տնտեսական և ֆինանսական անկումը, որը սպասվում է՝ ըստ մի շարք տնտեսագետների: Ուստի այդ հեգեմոնիան կսկսի հետզհետե մարել, և կգա ժամանակ, երբ ԱՄՆ-ը ստիպված կլինի կիսել այդ առաջնորդությունը: Գլոբալ առաքելություններ իրականացնելու համար դաշնակիցներ ձեռք բերելու և պատասխանատվությունը կիսելու անհրաժեշտությունն ամենաբարդ առաջադրանքն է, որը պետք է մոտ ապագայում տեղի ունենա աշխարհի հետ: Այն, ինչ աշխարհում պետք է տեղի ունենա առաջիկա տարիների ընթացքում, ամենադժվար անցումային փուլերից մեկն է լինելու և ամենաբարդ խնդիրը: Սրա մասին ամերիկացի փորձագետները ևս խոսում են: Այդ մասին խոսել է Բզեժինսկին, և այսօր տեղի է ունենում այն, ինչ Բզեժինսկին էր ասում` ԱՄՆ-ը և Եվրամիությունը փոխկախվածության մեջ են արդեն, մի շարք կարծիքների համաձայն` ԱՄՆ-ԵՄ բլոկը փորձում է Ռուսաստանին դուրս դնել, հեռացնել, իսկ ոմանց կարծիքով, պետք է Ռուսաստանին ներգրավել: Այս ամենը դեռ ընթացքի մեջ է, իրավիճակը բարդ կանխատեսելի է, խնդիրները` բարդ լուծելի, ինչը նշանակում է, որ խորանալու է լարվածությունն աշխարհում, թեժանալու են հակամարտությունները, ավելի խոշոր ծավալների է հասնելու միգրացիան:
Եվրոպական անվտանգության գլխավոր մարտահրավերն ու սպառնալիքը գալիս է ոչ թե Արևելքից, այսինքն` Ռուսաստանից, ինչպես շատերն են կարծում, այլ՝ հարավից. նկատի ունեմ միգրացիոն գործընթացները: Սա ողջ Եվրամիության համար է խնդիրներ հարուցել: Սա խնդիր է, որը բազում այլ խնդիրներ է իր հետ բերել: Մենք չենք կարողանում այլևս հաղթահարել այս խնդիրը, այն լիովին պառակտել է Եվրամիությունը` Բալկանյան երկրներն են իրենց այլ կերպ դրսևորում, Վիշեգրադյան քառյակի երկրները` ևս, Ֆրանսիան և Ավստրիան ունեն իրենց դիրքորոշումը, Գերմանիան` իր, որը փոքրամասնությունը ներկայացնող դիրքորոշում է: Սա է խնդիրը, որի վրա կենտրոնացած է Եվրամիության ողջ ներուժը, քանի որ այս մեկ խնդիրը եվրոպական համակարգն է վտանգի տակ դրել, լուրջ տարաձայնություններ և հակասություններ առաջացրել: Եվրամիությունը ելքեր է փնտրում՝ ինչպես փախստականների հոսքը Հարավից դեպի Եվրոպա կանգնեցնել, ինչը բարդ խնդիր է, քանի որ վերոնշյալ պատճառներից ելնելով՝ այդ հոսքերը ժամանակի ընթացքում էլ ավելի են խորանալու և խորանում են:
– Այնուամենայնիվ, Ռուսաստանի ներկայիս քաղաքականությունից բխող սպառնալիքները Եվրամիությունը չի անտեսում, ինչն ակնհայտ դարձավ Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում:
– Բնականաբար, չի անտեսում, այդ ուղղությամբ ևս մի շարք կարծիքներ կան Եվրամիությունում, Ռուսաստանի ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվում, ՌԴ ներկայիս քաղաքականությունը ռևանշիստական է, բայց առանց Ռուսաստանի հետ աշխատելու, հնարավոր չէ, պետք է աշխատել, փորձել փոխզիջումների վրա հիմնված լուծումների հասնել Ուկրաինայի և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ: Դա է իմ դիրքորոշումը` առանց Ռուսաստանի հնարավոր չէ, առանց Ռուսաստանի հնարավոր չեն բանակցություններ Ուկրաինայի շուրջ, Ղարաբաղում ևս հնարավոր չեն բանակցություններ առանց Ռուսաստանի:
– Եվրամիությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակտիվ մասնակցություն չունի, կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում է այս հակամարտությամբ, սակայն՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո, որում կա ԵՄ-ի հստակ դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ: Կան կարծիքներ, որ ԵՄ-ն փորձում է առավել գործուն ազդեցություն ունենալ հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ առարկայացավ պատերազմի հեռանկարը: Ղարաբաղյան հակամարտությունն ի՞նչ տեղ է զբաղեցնում եվրոպական անվտանգության քաղաքականության հարցում:
– Կարծում եմ` ակնհայտ է, որ Ղարաբաղյան հակամարտությունը եվրոպական անվտանգության քաղաքականության գլխավոր բաղադրիչը չէ: ԵՄ-ն չի ցանկանում հակամարտության սրում, չի ցանկանում թեժ հակամարտություն, ցանկանում է, որպեսզի հակամարտությունը վերահսկողության տակ լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքի միջոցով: Բայց բնականաբար սա լուծում չէ, միայն շարժուն դիվանագիտությունը կօգնի, միայն տարածաշրջանային խաղացողները` Հայաստանը ու Ադրբեջանը, պետք է գտնեն տարբերակ երկխոսելու համար, քանի որ, եթե չկա երկխոսություն, չկա նաև կարգավորում: Մեր նպատակն այն է, որպեսզի իրավիճակը չբռնկվի, ԵՄ-ն ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցն է, և դրանից ավելին պատկերացնելը բարդ է: Քանի դեռ Բաքուն և Երևանը չեն գտնում երկխոսելու տարբերակներ՝ ինչպես ուղիղ, այնպես էլ՝ միջնորդների օգնությամբ, չի լինելու հակամարտության կարգավորում:
– Մյունխենի անվտանգության կոնֆերանսի իր ելույթում ՀՀ նախագահն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Երևանը և Զանգեզուրը գրավելու հայտարարություններին, պահանջելով, որպեսզի Եվրոպան արձագանքի նման հայտարարություններին: Ըստ Ձեզ` որքանո՞վ է սա իրատեսական պահանջ, ինչո՞ւ Եվրոպան չի արձագանքում նման հայտարարություններին, այդ արձագանքները կարող են զսպող նշանակություն ունենալ հակամարտության համար: Այն, ինչ արվում է, բավարա՞ր է իրավիճակը վերահսկելու համար՝ ԵՄ-ի տեսանկյունից:
– Չեմ կարող ասել՝ բավարա՞ր է, թե՞ ոչ: Ինչպես ասացի՝ նպատակը սրում թույլ չտալն է: Ինչ վերաբերում է Մյունխենում հնչած պահանջին, ապա առանձին պաշտոնյաների, ԵՄ անդամ երկրների կողմից հայտարարություններ կարող են լինել, եղավ հայտարարություն, եթե չեմ սխալվում, Ֆրանսիայի արտգործնախարարության կողմից, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի: Իսկ Եվրամիությունը, ինչպես ասացի, այն աշխատանքից ավելին, որն անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործիքի միջոցով, չի անի, քանի որ հակամարտությունը զսպում է, իրադարձություններին գնահատական տալիս է Մինսկի խումբը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում Եվրամիությունը ներկայացված է Ֆրանսիայի միջոցով:
ՀՀ նախագահի հնչեցրած պահանջը հասկանալի է, նման հայտարարություններին արձագանքել պետք է, բայց եթե կա համապատասխան հարթակ, կառույցները խուսափում են միջամտել այդ հարթակի աշխատանքներին:
– Պարոն Շուլց, Ձեր նշած փոփոխությունների պայմաններում ի՞նչ ապագա է սպասվում «Արևելյան գործընկերության» երկրներին, որոնցից ոմանք՝ ստորագրելով Ասոցացման համաձայնագրեր, ձգտելու են ավելի մոտենալ Եվրամիությանը, իսկ մնացած երեք երկրները տարբեր ուղիներով են առաջ ընթանում:
– Եվրոպական միության «Արևելյան գործընկերությունը» մի ծրագիր է, որն օգնում է ԱլԳ երկրների տեղական իշխանություններին ներքին բարեփոխումներ իրականացնել, զարգացնել այդ երկրները, բայց, կարծում եմ, դա բավարար չէ, դա Եվրամիության կողմից մի ուղերձ է, որ՝ «այո, մենք ցանկանում ենք Ձեզ՝ որպես հարևան, ավելի մոտիկ՝ որպես ընկերներ, որպես գործակիցներ, բայց դու երբեք չես ունենա հնարավորություն միանալու Եվրամիությանը՝ որպես անդամ»: Սա ապագա անդամակցության հեռանկար չէ, սա պարզապես անդամակցության ձգտումները հետաձգելու միջոց է, նրանց «գազարներ» շնորհելու միջոցով, որ՝ այո, փորձեցին աջակցել այդ ձգտումներին, բայց «խնդրում ենք անդամակցությունն» այս պահին հնարավոր չէ:
– Ընդհանրապես իրատեսակա՞ն է մտածել ինչ-որ մի պահի այս երկրների անդամակցության հեռանկարի մասին:
– Առաջիկա երկու տասնամյակի ընթացքում դա անհնար է, որովհետև Եվրամիությունը Բալկանյան երկրների հետ աշխատանք ունի անելու, դրա համար կպահանջվի 10-15 տարի: ԱլԳ երկրների անդամակցության հեռանկարի հարցը կախված է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններից, թե ինչպես կդասավորվեն այդ հարաբերությունները, եթե Ռուսաստանը չցանկանա այս հեռանկարը, եթե Ռուսաստանին դուրս մղեն, չխնդրեն մասնակցել այդ գործընթացին, ապա մենք խնդիրներ կտեսնենք: Եվրամիությունը պետք է հաշվի նստի Ռուսաստանի կարծիքի հետ: Եվրամիությունը խնդիրներ չի ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ասոցացման համաձայնագրեր ստորագրելիս, ինչո՞ւ, որովհետև յուրաքանչյուր քայլ նախապես քննարկվել և համաձայնեցվել էր Մոսկվայի հետ, որևէ խնդիր չէր առաջացել հետագայում:
– Ըստ Ձեզ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հնարավոր դարձավ առանց ցնցումների, քանի որ համաձայնեցվե՞լ էր Ռուսաստանի հետ:
– Այո, Հայաստանի հետ վերջին համաձայնագիրը ևս համաձայնեցվել է, այո, դու պետք է դա անես, սա Եվրոպա է, յուրաքանչյուր խաղացող պետք է լսելի և նկատելի լինի, պետք է իր մեկնաբանությունը և քննադատությունը հնչեցնի և հաշվի առնվի, այլապես մենք բաժանում ենք այս մայրցամաքը թշնամական հարաբերությունների: