Ծերության բնական գործընթացը դանդաղեցնող 15 մթերքներ
Երիտասարդությանը հատկացված ժամանակը հնարավորինս երկարաձգելը մարդու բնական ցանկությունն է: Հատկապես մենք՝ կանայք, աշխատում ենք ճիշտ սնվել, որպեսզի օրգանիզմը ստանա օգտակար նյութերի բավարար քանակություն, հետևում ենք մեր մաշկի ու մազերի վիճակին, փորձում ենք տեղեկացված լինել կոսմետիկ միջոցներից, որոնք օգնում են նվազեցնել ծերության ֆիզիկական և տեսողական դրսևորումները:
Գրագետ ընտրված սննդակարգը երիտասարդության համար մղվող պայքարի հիմնաքարային բաղադրիչներից է: Մասնագետները համարում են, որ ամենաօգտակարը սնվելու, այսպես կոչված, միջերկրածովյան սկզբունքն է: Ճաշատեսակների մեծ մասի բաղադրության մեջ մտնում են բանջարեղեն և մրգեր, ընկուզեղեն, ձիթապտղի յուղ, այսինքն՝ մթերքներ, որոնք հարուստ են բջջանյութով, անփոխարինելի ամինաթթուներով, օմեգա-3 և B խմբի վիտամիններով:
Հաճախ սնվելու այսպիսի ռեժիմն այնքան էլ մատչելի չէ զուտ գնային առումով, քանի որ, ասենք, ծովամթերքն էժան ապրանքներից չէ, սակայն կան նաև ոչ պակաս օգտակար և ավելի քիմքին սովոր համարժեք տարբերակներ, որոնք օգնում են պայքարել վաղաժամ ծերացման դեմ ոչ պակաս արդյունավետությամբ:
1. Կանաչ թեյ
Այս ըմպելիքն ավելի վառ արտահայտված առույգացնող հատկություններ ունի, քան նույնիսկ ամենաթունդ ու բուրավետ սուրճը: Թարմ եփված կանաչ թեյի մեջ կան նաև մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք նպաստում են օրգանիզմի դետոքսիկացիային և պայքարում ազատ ռադիկալների՝ երիտասարդության գլխավոր թշնամիների դեմ:
Այսպիսի ներազդեցությունը պայմանավորված է կատեխինների և պոլիֆենոլների մեծ պարունակությամբ:
2. Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը բարերար ազդեցություն է գործում մաշկի, եղունգների ու մազերի վիճակի վրա: Նրանք ձեռք են բերում բնական գույն, հարթ են դառնում, փափուկ և ավելի ամուր: Նրա մեջ պարունակվող օգտակար նյութերը բարերար ազդեցություն են գործում վերականգնման գործընթացների վրա և խթանում են բոլոր հյուսվածքների նորացումը դեռևս բջջային մակարդակում:
3. Սև շոկոլադ
Կակաոն, որից էլ հենց արտադրում են շոկոլադը, ֆլավոնոլների աղբյուր է, որոնք նպաստում են արյան մաքրմանը և արևի ճառագայթների կործանարար ազդեցությունից մաշկի պաշտպանությանը: Չնայած այս մթերքի օգտակարությանը, չպետք է մոռանալ, որ այն շատ կալորիական է: Եվ ընդհանրապես, քաղցրի օգտագործման ժամանակ չափի զգացողության պահպանումը նորմալ քաշ ունենալու երաշխիք է:
4. Սունկ
Սնկերի բոլոր տեսակները բուսական մանրաթելերի, որոնք լավացնում են մարսողությունը, և D վիտամինի աղբյուր են, որի պակասը հենաշարժողական ապարատի առողջությունը պահպանելու համար այնքան անհրաժեշտ կալցիումի յուրացման համար խնդիր կարող է լինել:
5. Ընկուզեղեն
Ընկույզի ցանկացած տեսակի մեջ պարունակվում է օմեգա-3 վիտամին, չհագեցած ճարպեր, սպիտակուցներ և բջջանյութ: Նրա փոքրիկ բուռն անգամ օգտակար ու սննդարար ուտելիք է, որը հիանալի կերպով թե կհագեցնի քաղցը, և թե օրգանիզմին կապահովի լրացուցիչ էներգիայով:
6. Ձիթապտղի յուղ
Սա բուսայուղերի լավագույն տարատեսակն է, որով արժե հագեցնել օրվա սննդակարգը: Ավանդական ճաշատեսակների մեծ մասի մեջ այս մթերքի ներառումը նպաստում է խոլեստերինի մակարդակի նորմալացմանը, և որպես հետևանք՝ լավացնում է սիրտ-անոթային համակարգի վիճակն ու գործառույթները:
7. Պոմիդոր
Լիկոպենները, որոնցով հարուստ է պոմիդորը, ուռուցքային հիվանդությունների կանխարգելման բնական միջոց են: Բացի դրանից, մասնագետների կարծիքով՝ սա այն քիչ մթերքներից է, որի օգտագործումից ստացած օգուտը մեծանում է նրա ջերմային մշակումից հետո:
8. Բրոկկոլի
Կաղամբի այս տեսակի գլխավոր առավելություններից են բուսական բջջանյութի, վիտամինների և հակաօքսիդանտների բարձր պարունակությունը: Բրոկկոլիի կանոնավոր գործածությունը սննդակարգում նպաստում է աղեստամոքսային համակարգի կենսագործունեության նորմալացմանը, ինչպես նաև տոքսինների՝ օրգանիզմից արդյունավետ դուրսբերմանը:
9. Յոգուրտ
Կաթնամթերքի բոլոր տեսակները կալցիումի անփոխարինելի աղբյուր են, իսկ հենց կալցիումն է օգնում ամրացնել ոսկրային հյուսվածքները: Յոգուրտներն իրենց հերթին՝ հարուստ են սպիտակուցների և D վիտամինի բավարար քանակությամբ: Այս մթերքը հիանալի կերպով համադրվում է մրգերի հետ, իսկ կաթնաթթվային բակտերիաների առկայությունը նպաստում է մարսողության պրոցեսի լավացմանը և խթանում է նյութափոխանակությունը:
10. Նուռ
Նուռը շատ օգտակար է սրտի նորմալ կենսագործունեության համար, ինչպես նաև բարերար ազդեցություն է գործում մաշկի վիճակի վրա: Հենց նռան շնորհիվ կարելի է մաշկին վերադարձնել հարթությունն ու փափկությունը: Նրա կազմի մեջ մտնող պոլիֆենոլները նպաստում են ազատ ռադիկալների դուրսբերմանը և խթանում են կոլագենի սինթեզը:
11. Սպանախ
Սպանախի մեջ շատ մեծ քանակությամբ հատուկ ֆիտոնուտրիենտներ կան, որոնք նվազագույնի են հասցնում մաշկի՝ արևի ճառագայթների հետ տևական շփման հետևանքով առաջացած վնասվածքները: Բետա-կարոտինը և լյուտեինը, որոնցով նույնպես հարուստ է այս մթերքը, նպաստում են հյուսվածքների էլաստիկության վերականգնմանը:
12. Քաղցր պղպեղ
Գոյություն ունեն շատ հիանալի բաղադրատոմսեր, որոնց մեջ որպես բաղադրիչ՝ հանդես է գալիս քաղցր պղպեղը: Բայց սա դրա՝ սննդակարգում հաճախակի օգտագործելու միակ պատճառը չէ: C վիտամինի բարձր պարունակությունը նպաստում է իմունիտետի ամրացմանը, հյուսվածքների ռեգեներացիայի արագացմանը, սպիտակուցների յուրացման նորմալացմանը, իսկ հակաօքսիդանտներն ուռուցքների հիանալի կանխարգելիչներ են:
13. Քրքում
Այս համեմունքի կազմի մեջ մտնող քրքումինը խոչընդոտում է դեգեներատիվ պրոցեսների զարգացմանը բջջային մակարդակում և էականորեն նվազեցնում է քաղցկեղով, Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը, սրտի և իմունային համակարգի աշխատանքի դիսֆունկցիաների առաջացումը:
14. Գազար
Այս բանջարեղենը հարուստ է A վիտամինով, որն անմիջական մասնակցություն ունի կոլագենի սինթեզի գործընթացում: Սննդի մեջ գազարի հաճախակի օգտագործումը բարենպաստ ազդեցություն է գործում մաշկի, մազերի և եղունգների առողջության վրա, նպաստում է տեսողության սրացմանը, ինչպես նաև հանդիսանում էքաղցկեղի լրացուցիչ կանխարգելիչ:
15. Վարսակի փաթիլներ
Վարսակի շիլայի օգտակար հատկությունները դժվար է գերագնահատել: Բուսական բջջանյութի ու լորձային զանգվածի ձևավորման բնական ունակությունը լավացնում են աղիների շարժը: Վարսակի հիմքով մթերքները նաև լավ են ազդում մաշկի վրա՝ այն դարձնելով ավելի մաքուր, թարմ ու տալով նրան առողջ երանգ: Վարսակի գործածությամբ ավելանում է նաև օրգանիզմի կողմից սերոտոնինի մեծ քանակությամբ արտադրությունը:
Հենց այդ հորմոնի շնորհիվ մենք մեզ ավելի լավ ենք զգում:
Երիտասարդության գաղտնիքները պարզ են և մատչելի: Դրանց թվին են պատկանում հավասարակշռված սնունդը, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, մարմնի խնամքն ու դրական տրամադրվածությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը