
Գիտնականներն ալկոհոլի նոր վտանգ են հայտնաբերել

Հոգեկան առողջության հետազոտությունների ինստիտուտի (Կանադա) գիտնականները հայտնաբերել են, որ ալկոհոլի մշտական գործածումը մեծացնում է բոլոր տիպերի թուլամտության զարգացման վտանգը:
Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում: Հետազոտողները վերլուծել են վաղ դեմենցիայի շուրջ 60 հազար դեպք, որոնք գրանցվել են Ֆրանսիայում: Պարզվել է, որ հիվանդությունների 57 տոկոսը կապված է ոգելից խմիչքի նկատմամբ հակման հետ, որն արտահայտվում է տղամարդկանց մոտ օրական 60 գրամ, կանանց մոտ՝ 40 գրամ էթանոլի գործածմամբ: Գիտնականների խոսքով՝ ոգելից խմիչքների հաճախակի գործածումը հանգեցնում է ավելի քան 20 տարով կյանքի կրճատման, ըստ որում դեմենցիան մահացության բարձր մակարդակ է ենթադրում:
Թեեւ կանայք թուլամտությամբ հիվանդանում են ավելի հաճախ, քան տղամարդիկ, վերջիններս ավելի մեծ չափով են տառապում ճանաչողական խանգարումների վաղ ձեւերից: Խրոնիկական գինեմոլությունը կապված է դեմենցիայի զարգացման վտանգի այլ գործոնների հետ, ինչպիսիք են ծխելը, արյան բարձր ճնշումը, շաքարախտը, ցածր կրթությունը, դեպրեսիան եւ լսողության կորուստը: