«Անցած տարվա ընթացքում Արցախում գրանցվել է մեկ սպանության դեպք». Արթուր Մոսիյան

Անցած տարվա ընթացքում Արցախում գրանցվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված 62 հանցագործության դեպք (2016 թվականին՝ 75), որից 54-ը (2016 թվականին՝ 63-ը) առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իսկ 8-ը (2016 թվականին՝ 12-ը)՝ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը՝ ավելացնելով, որ իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության 8 դեպքից 4-ը արձանագրվել է Ստեփանակերտ քաղաքում, 1-ական՝ Մարտունու, Շուշիի, Հադրութի և Քաշաթաղի շրջաններում:

«Հաշվետու ժամանակահատվածում, ինչպես և նախորդ տարի արձանագրված իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացման փաստեր են: Արձանագրված թվերը վկայում են այն մասին, որ ազգաբնակչության մի որոշ հատվածի մոտ շարունակում է պահպանվել թմրանյութերի նկատմամբ հետաքրքրությունը, որոշ դեպքերում նաև հիվանդագին կախվածությունը, ինչը առաջ է բերում իրավապահ մարմինների կողմից առավել հետևողական ու անզիջում պայքար տանելու անհրաժեշտություն՝ հատկապես դրանց ձեռք բերման աղբյուրների և իրացման գործընթացի շղթայական կապի բացահայտման ուղղությամ»,- նշել է Ա. Մոսիյանը:

Անդրադառնալով 2017թ.-ին Արցախում սպանությունների դեպքերին՝ գլխավոր դատախազը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում սպանության դեպքերի թիվը նախորդ տարվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 1: Գրանցված սպանության միակ դեպքը արձանագրվել էր Ասկերանի շրջանում:

2017 թ.-ին սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել:

Տեսանյութեր

Լրահոս