Բաժիններ՝

«Մոռացի ինձ». 44-ամյա տաքսու վարորդը խեղդել է իր ծանոթ մարմնավաճառին, դին գցել Երասխավանի ձորակը

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ Երևանի 44-ամյա բնակիչը մեղավոր է ճանաչվել սպանության կատարման մեջ՝ դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Կիրառված խափանման միջոցը` կալանավորումը, թողնվել է անփոփոխ:

Ինչ մեղադրանք է առաջադրվել  

Ըստ դատական ակտի՝ դատաքննության ընթացքում և քրեական գործի նյութերով պարզվել է, որ Երևանի 44-ամյա բնակիչն իր վարած ավտոմեքենայով իրականացրել է տաքսի ծառայություն, իսկ Երևան քաղաքում միայնակ բնակվող կինը, որը զբաղվել է մարմնավաճառությամբ, մշտապես օգտվել է տղամարդու ծառայությունից: Նրանք հաճախակի են շփվել, և կինը մտերիմ է եղել նաև տղամարդու ընտանիքի հետ:

Տղամարդու առաջարկով մարմնավաճառությամբ զբաղվող կինը, նրա ընկերուհին ու մի քանի այլ անձիք գումարով վիճակախաղ՝ են խաղացել, և ըստ պայմանավորվածության՝ հերթական ամսվա գումարը, որը կազմել է 540.000 դրամ, պետք է ստանար մարմնավաճառությամբ զբաղվող կինը, սակայն նրա խնդրանքով այդ գումարը գտնվել է ամբաստանյալի մոտ, ով այդ գումարից 330.000 դրամը տանուլ է տվել այլ վիճակախաղերում: Կինն այդ մասին տեղյակ չի եղել:

Կարդացեք նաև

Ըստ դատական ատի՝ դեպքի օրն ամբաստանյալը տուժող կնոջից պատվեր է ստացել մարզ մեկնելու մասին: Արարատի մարզի վարչական տարածքում, ճանապարհի մերկասառույցի հետևանքով ավտոմեքենայի ընթացքի կտրուկ արգելակումից հետո, ավտոմեքենայի հետևի մասում նստած կինը մարմնով առաջ է եկել՝ դիպչելով վարորդի ուսին, ինչի համար սեռական բնույթի հայհոյանք է տվել վարորդի հասցեին: Դրանից բարկանալով՝ 44-ամյա տղամարդը ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողի դեմքին՝ վնասելով շրթունքը:

Գործի նյութերի համաձայն՝ ավտոմեքենան կայանելով ճանապարհի աջակողմյան մասում՝ տղամարդն իջել է ավտոմեքենայից, նստել տուժող կնոջ կողքին ու նրան ասել, որ իր մոտ գտնվող նրա «լատարեյի» գումարն ամբողջությամբ չի կարող տալ, քանի որ այդ գումարից ինքը ծախսել է: Դա լսելով՝ կինը բարկացել է, և նրանց միջև վիճաբանություն է ծագել, որի ընթացքում տռղամարդու ընտանիքի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ տուժող կինը պահանջել է ամբողջությամբ վերադարձնել իր գումարը: Իր ընտանիքի հասցեին հնչեցրած հայհոյանքներն էլ ավելի են զայրացրել ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդուն, որն էլ երեք անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից հետո տուժող կինը չի լռել, այս անգամ սեռական բնույթի հայհոյանք է տվել տղամարդու մոր հասցեին:

Ըստ դատական ակտի՝ 44-ամյա տղամարդը ևս մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, այնուհետև աջ ձեռքի նախաբազկի շրջանով շուրջ 4-5 րոպե ուժեղ սեղմել է կնոջ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին` պարանոցի առաջնային հատվածին և խեղդելով կնոջը հասցրել է մեխանիկական շնչահեղձության՝ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Դիակը թաքցնելու նպատակով այն գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը և ավտոմեքենայով հեռացել:

Բացի այդ, դիակը թաքցնելուց հետո, նրա սպանության մեջ իրեն չկասկածելու համար, պատրվակ ստեղծելով, թե նա կենդանի է, զանգահարել է ՌԴ-ում բնակվող իր ընկերոջը և խնդրել իր ուղարկած հաղորդագրությունների տեքստը ՌԴ հեռախոսահամարից ուղարկել իր նշած հեռախոսահամարներին: Ընկերը կատարել է ամբաստանյալի խնդրանքը, «մոռացի ինձ» և «Ես լավ եմ, եթե ինձանից հարցնեն, ասա տեղյակ չես» բովանդակություններով հաղորդագրություններ է ուղարկել կնոջ ընկերոջ և ընկերուհու հեռախոսահամարներին՝ վերջում նշելով կնոջ անունը:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, դատական քննության ընթացքում հրաժարվել ցուցմունք տալուց՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը:

Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում տղամարդն ասել է, որ մարմնավաճառությամբ զբաղվող կնոջը մի քանի տարի է՝ ճանաչում է: Նա օգտվել է միայն իր տաքսի ծառայությունից՝ դրա համար յուրաքանչյուր օր իրեն վճարելով 10.000-13.000 դրամ: Կինը մտերիմ է եղել իր ընտանիքի անդամների հետ, իր առաջարկով մի շարք անձանց հետ գումարով «լատարեյ» է խաղացել: Նրան հասանելիք «լատարեյի» գումարը կազմել է 540.000 դրամ, որը վերջինիս խնդրանքով մնացել է իր մոտ: Այդ գումարից 330.000 դրամն ինքը պարտվել է վիճակախաղերում:

Դեպքի օրը տուժող կինը պատվիրել է իրեն տանել Սիսիան քաղաք: Երևան-Մեղրի ավտոճանապարհով երթևեկելիս՝ ժամը 21:30-ի սահմաններում, ճանապարհի մերկասառույցի պատճառով կտրուկ արգելակել է, որից կինը մարմնով առաջ գալով կպել է իր ուսին և իր հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանք: Բարկանալով հայհոյանքից՝ ինքը ձեռքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, որի հետևանքով տուժող կնոջ շրթունքը վնասվել և արյուն է հոսել:

Ինքը ավտոմեքենան կայանել է ճանապարհի աջակողմյան հատվածում և նստել սրահի հետնամասում՝ տուժողի կողքին՝ ասելով, որ նրա հետ կարևոր բան ունի խոսելու: Նրան  պատմել է, որ «լատարեյի» գումարի մեծ մասը ծախսել է և այն ամբողջությամբ չի կարող վճարել: Դրանից կինը բարկացել, իր և ընտանիքի անդամների հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և պահանջել է գումարն ամբողջությամբ վճարել: Այդ ժամանակ ինքը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և հայհոյանքներից բարկանալով՝ 3 անգամ բռունցքով հարվածել է նրա դեմքին, որից հետո տուժող կինն իր մոր հասցեին է տվել սեռական բնույթի հայհոյանք:

Դրանից ավելի բարկանալով՝ ինքը ևս մեկ անգամ բռունցքով հարվածել է կնոջ դեմքին, այնուհետև աջ ձեռքի արմունկի և դաստակի միջին հատվածով 4-5 րոպե ուժեղ սեղմել է տուժողի պարանոցի առաջային հատվածին և խեղդելով սպանել է նրան, որից հետո դիակը թաքցնելու համար գցել է Արարատի մարզի Երասխավան գյուղի օղակաձև խաչմերուկին կից ձորակը և հեռացել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս