Բաժիններ՝

«Այդ պահը շոկ էր ինձ համար». Մարիամ Պետրոսյանը՝ Սերժ Թանկյանի մարտահրավերում հաղթելու մասին

System of a Down ռոք-խմբի երգիչ, երաժիշտ Սերժ Թանկյանի հայտարարած «7 նոտա» մրցույթ-մարտահրավերի հաղթողներն արդեն հայտնի են։ Թեպետ ի սկզբանե որոշվել էր, որ հաղթելու է մեկ մասնակից, բայց ժյուրիի վերջնական որոշման արդյունքում հաղթել են երգչուհի Մարիամ Պետրոսյանը և Alpha Lighting System մեքսիկական խումբը։ Մարիամ Պետրոսյանը մրցույթին ներկայացել էր իր հեղինակային «Here I come» երգով, որն իր գեղեցկությամբ անտարբեր չթողեց մրցույթի ժյուրիի անդամներին։ Մրցույթի մրցանակը՝ 5000 դոլարը, կբաժանվի 2 մասնակիցների միջև։

«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքում արդեն ներկայացրել ենք Մարիամ Պետրոսյանի պատմությունը։ Երգչուհին գերազանցության դիպլոմով ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Երաժշտական կրթությունը շարունակել է նաև Լոնդոնում՝ սովորելով Արևմտյան Լոնդոնի համալսարանի մագիստրատուրայում։ Այժմ նա մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին՝ իր հեղինակային «Fade» երգով։

168.am-ը Մարիամի հետ զրուցել է իր վերոնշյալ հաղթանակի, «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի, ստեղծագործական կյանքի և մի շարք այլ հարցերի շուրջ.

– Մարիամ, հազարավոր մասնակիցներից հենց Դուք դարձաք Սերժ Թանկյանի 7 նոտա մրցույթի հաղթողը՝ կիսելով Ձեր մրցանակը մեքսիկական խմբի հետ։ Սպասո՞ւմ էիք այս հաղթանակին, և հիմա ի՞նչ եք զգում, ինչո՞վ էր կարևոր այս մրցույթը Ձեզ համար։

Կարդացեք նաև

– Ինձ միշտ հետաքրքրել է System of a down-ի երաժշտությունը, նրանց գործունեությունը երաժշտական ինդուստրիայում, և երբ իմացա մրցույթի մասին, անմիջապես հետաքրքրվեցի, մտածեցի, որ շատ լավ հնարավորություն է, մանավանդ՝ սկսնակ արտիստների համար, ովքեր ստեղծագործում են։ Ինձ շատ հետաքրքրեց այդ ֆորմատը՝ տրված էր 7 նոտա, և դու պետք է շարունակես դրանք։ Քանի որ ես շատ եմ սիրում ստեղծագործել, դա ինձ համար շատ հետաքրքիր էր։

– Սերժ Թանկյանը բավականին դրական էր արձագանքել Ձեր երգին, գովեստի խոսքեր էր ասել, դա Ձեզ համար ի՞նչ էր նշանակում, ինչո՞վ էր կարևոր։

– Բառերով չեմ կարող նկարագրել, թե ինչ կարևոր էր, որովհետև նա շատ տաղանդավոր երաժիշտ է, կոմպոզիտոր և երգիչ, և, բնականաբար, նրա կարծիքն ինձ համար շատ կարևոր է։ Անկեղծ ասած՝ պատահական եմ իմացել, որ հաղթել եմ, Instagram-ում հանկարծ տեսա, որ Սերժ Թանկյանն իմ նկարն է տեղադրել։ Այդ պահը շոկ էր ինձ համար. շատ ուրախացա։

– Մասնակցում եք նաև «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, այդ մրցույթից ի՞նչ ակնկալիքներ ունեք, և ըստ Ձեզ՝ «Եվրատեսիլն» ի՞նչ է տալիս՝ բացի ժամանակավոր ճանաչումից։ Ունենք փորձ, երբ արտիստները մասնակցել են մրցույթին, իսկ հետո նրանց գրեթե չեն էլ հիշում։

– Կարծում եմ՝ երաժշտական ինդուստրիայում և մյուս բնագավառներում շատ կարևոր է միշտ ակտիվ լինելը։ Դու անընդհատ պետք է ստեղծագործես, անընդհատ հետաքրքրվես, թե ինչ է տեղի ունենում երաժշտական ինդուստրիայում, և ինքդ ոչ միայն զբաղվես քո PR-ով, այլև նորություն ներկայացնես։ Շատ-շատերը հասնում են մի բարձունքի և դադար վերցնում։ Բնականաբար, կարող են տարբեր պատճառներ լինել, ես չեմ կարող դատել։ Բայց շատ կարևոր է՝ միշտ լինել ակտիվ, ստեղծագործել, և ամենակարևորը՝ սիրել այն, ինչ անում ես։ Այս տարիների ընթացքում ոչ ոք չի լսել իմ երգերը, միշտ այդ վախն ունեցել եմ, որ կարող է հանդիսատեսին դուր չգալ, մտածել եմ, որ գուցե այդքան տաղանդավոր կամ պրոֆեսիոնալ չեմ, և այլն։ Այս տարիների ընթացքում շատ խանգարող մտքեր են եկել։

– Բայց դա չխանգարեց, որպեսզի ակադեմիական կրթությանն ուշադրություն դարձնեք, կարմիր դիպլոմով ավարտել եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, հետո երաժշտական կրթությունը շարունակել Անգլիայում։

– Այո, ընդհանրապես կրթությունն ինձ համար միշտ կարևոր նշանակություն է ունեցել։ Ես միշտ փորձել եմ կատարելագործել այն բոլոր գիտելիքները, որ տարիների ընթացքում ստացել եմ։ Երաժշտությունն ամբողջ կյանքում ուղեկցել է ինձ, բայց ամեն անգամ, երբ գալիս էր այն պահը, որ ցանկանում էի ինչ-որ բանով ներկայանալ, ինձ մոտ վախ էր առաջանում, թե արդյո՞ք սա այն բնագավառն է, որի մեջ ուզում եմ լինել, արդյո՞ք սա այն է, ինչ ես ուզում եմ անել՝ պրոֆեսիոնալ առումով։ Նկատի ունեմ ոչ թե՝ երաժշտությունը, այլ՝ հենց կատարող լինելը։ Այդ մտքերն ինձ շատ են խանգարել։

– Իսկ ինչպե՞ս հաղթահարեցիք այդ ներքին վախերը։

– Տարիքի հետ սկսում ես շատ բան գիտակցել, քո լավ և վատ կողմերին սկսում ես ուրիշ աչքով նայել, և հասկանում, որ՝ ինչո՞ւ ոչ, տարիները գնում են, եթե ունես ինչ-որ բան ցույց տալու, եթե սա այն է, ինչ սիրում ես, ցույց տուր, մի վախեցիր։ Եվ երևի տարիների փորձն ինձ շատ օգնեց, որ վերջապես մի փոքր ակտիվանամ։

– Իսկ ինչո՞ւ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն ընտրեցիք։

– Արդեն նշեցի, որ շատ եմ սիրում ստեղծագործել, և քանի որ այս տարի արտիստներին հնարավորություն տրվեց ներկայանալ իրենց ստեղծագործություններով, ինձ գերեց այդ միտքը։ Շատ ուրախ եմ, որ ստացվեց, որ իմ երգն ընտրվեց։ Ինձ համար շատ կարևոր է, որ մարդիկ պարզապես լսեն. կլինեն մարդիկ, որ կհավանեն երգս, կլինեն մարդիկ, որ անտարբեր կանցնեն, ես պարզապես ցանկանում եմ գտնել իմ հանդիսատեսին։ Եվ եթե թեկուզ հանրության մի փոքր հատվածը գնահատի, դա արդեն ինձ համար շատ կարևոր է։ Երբ գրում են, գովեստի խոսքեր են ասում, դա արդեն շատ է ոգևորում, որպեսզի դու շարունակես ստեղծագործել։ Եթե դա էլ չլինի, շարունակում ես ստեղծագործել, որովհետև դա այն է, ինչ քո մեջ կա, ինչ Աստված է քեզ տվել, չես կարող դադարել անել դա։ Բայց երբ մարդիկ գնահատում են, դա, բնականաբար, շատ հաճելի է։

– Մարիամ, հետաքրքիր է՝ բացի երաժշտությունից՝ ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք սիրում զբաղվել, ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։

– Ես այդ առումով բավականին ձանձրալի մարդ եմ, որովհետև չեմ սիրում աղմուկ, ակումբներ, դիսկոտեկներ։ Շատ-շատ մարդիկ ինձ դրանում մեղադրում են, ասում են՝ տարիները կանցնեն, դու կփոշմանես, բայց դա ինձ չի գրավում։ Ես գերադասում եմ ժամանակս անցկացնել տանը կամ բնության գրկում, շատ եմ սիրում նաև ճանապարհորդել, մարդկանց հետ շփվել, բայց՝ ոչ աղմուկի մեջ։

– Գիտեմ, որ այս ընթացքում համագործակցել եք մի շարք հայտնի երաժիշտների հետ, ե՞րբ սպասենք այդ համագործակցությունների արդյունքներին։

– Այս ընթացքում հասցրել եմ համագործակցել «The Beautified project»-ի հիմնադիր Անդրե Սիմոնյանի հետ։ Նրա հրաշալի երաժիշտ է, մեծատառով մարդ, շատ ուրախ եմ, որ այդ համագործակցությունը ստացվեց։ Ես այդ ընթացքում ձեռք բերեցի լավ ընկեր, նաև շատ գեղեցիկ երգ ստացվեց, և հուսով եմ, որ դուր կգա հանդիսատեսին։ Դա իմ հեղինակային երգն է, բալլադ է, իր մեջ նորից ունի մելանխոլիկ տարրը։ Համագործակցել եմ նաև «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդի, Lazzaro-ի, Նիկ Էգիբյանի հետ։ Կարելի է ասել, որ իմ երաժշտական ուղին հենց Նիկ Էգիբյանի հետ եմ սկսել, նրան շատ շնորհակալ եմ, որ այս տարիների ընթացքում միշտ ինձ հետ է եղել։ Շատ շուտով բոլոր համագործակցությունների արդյունքում ստեղծված գործերս կներկայացնեմ հանդիսատեսին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս