Միջազգային դիտորդները կգրանցեն նաև տարբեր պետությունների կողմից Արցախի ճանաչմանը միտված քայլերը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։ Խոսքը առավելաբար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների մասին է, որտեղ կային կետեր ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման եւ այդ շրջանակներում դիտորդների թվի աւելացման վերաբերյալ։

Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը ապրիլյան պատերազմից հետո շեշտել էին շփման գծի ողջ երկայնքով տեղադրել մշտադիտարկման սարքեր, նախահարձակողականությունը արագորեն նկատող գործիքակազմեր. ավելին. Սանկտ Պետերբուրգը խոսում էր նաեւ հետաքննության մեխանիզմների ճշտման կարեւորության մասին։

Ստացվում է պարզապես այն, որ հայկական կողմը համաձայն է ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմանը, դիտորդական առաքելությունների հաճախակիացմանն ու նրանց թվի ավելացմանը, ամբողջ շփման գիծը վերահսկելի եւ մնայունորեն դիտարկելի դարձնելու համար սարքավորումների տեղադրմանը, մինչ Բաքուն մերժում է այս բոլորը։

Եթե մի կողմից Բաքվի մերժումը բացատրվում է իր կողմից նախահարձակողականության բացահայտման գործողությունների իրացումով, մյուս կողմից թվում է, թե Բաքուն փորձում է այս առաջադրանքերի իրականացումը պայմանավորել բանակցությունների փաթեթայնացումով։ Երբ պաշտոնական Բաքուն ասում է, որ իրենք միայն այն դեպքում դրան կհամաձայնեն, եթե դա բերի համապարփակ կարգավորման, դա նշանակում է, որ այստեղ կա նախապայմանականություն՝ բանակցությունները հրադադարի կայունացման մեխանիզմների ճշտումից տեղափոխել քաղաքական եւ հարցի փաթեթային լուծման տանող հարթություն։

Սակայն փորձենք շարունակել այս տրամաբանությունը։ Բաքուն պարզորեն միջազգային ընտանիքին ասում է, որ հրադադարի կայունացում չի լինի մինչեւ հակամարտության մեծ համաձայնություն չլինի, այն էլ ադրբեջանական տարբերակով… Այլ խոսքով, Բաքուն կշարունակի խախտել հրադադարը։

Նման նախապայմանային մոտեցումը բանակցային գործընթացի սկզբունքով չպետք է ընդունելի լինի միջազգային ընտանիքի կողմից։ Բայց քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ դեռեվս կշարունակվեն պատասխանատվությունների համահավասարեման երկու կողմերին ուղղված կոչերը։

Բայց այստեղ արդեն համարյա նույնանում են հայկական եւ միջազգային առաջադրանքները բանակցային ներկա փուլի պատկերացման առնչությամբ։ Ռազմական արկածախնդրությունների կանխարգելման երաշխիքների ճշտումը բանակցային միակ օրակարգն է այս պահի դրությամբ։

Իրատեսական չպիտի լինի ակնկալել, որ Բաքուն այս ուղղությամբ կամք կդրսեվորի։ Ադրբեջանական պետական դաշտը նախապատրատվում է արտակարգ ընտրությունների եւ թեման ներքին սպառման համար դեռ շահարկման տեղեր ունի նրանց քաղաքական մտապատկերներում։ Զուգահեռ ուրեմն Բաքուն շարունակելու է իր ռազմաքաղաքական արկածախնդրական վարքագիծը։

Առընթերային-միջանկյալ իրավիճակում հայկական կողմը թե՜ շփման գծի եւ թե՜ պետական սահմանների ուղղություններով գերհագեցած կանխարգելիչ սարքերի արդիականացումով նվազագույնի է իջեցնում հակառակորդի դիվերսիոն գործողությունների ազդեցիկությունը։

Եւ մանավանդ դեպի Ստեփանակերտ տարբեր պետությունների ներկայացուցիչների հոսքը թափ է հավաքում` Արցախի Հանրապետության իրողական ճանաչմանը նոր տարողություն ապահովելով։ Կլինի քաղաքային եւ նահանգային մակարդակների ճանաչումների նոր շարք, Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբերի նման կկազմվեն այլ պետությունների եւ Արցախի միջեւ համատեղ պատգամավորական խմբեր եւ աշխարհի ամենամեծ քաղաքների պետական միջավայրերից կհնչեն կոչեր` բաց, ուղիղ և կառուցողական երկխոսություն սկսելու Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ ։

ԵԱՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի ոչ միայն շփման գծի վրա ռազմական գործողությունների ուղղությամբ, այլեւ` տարբեր պետությունների կողմից դեպի Ստեփանակերտ միջազգային ճանաչման համարժեք քաղաքական քայլերի։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տեսանյութեր

Լրահոս