Բաժիններ՝

«Փայտանյութի ռեսուրսն անսպառ չէ»

Մինչ այժմ Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն կազմակերպվել է միայն Բասեն համայնքում, որի նախաձեռնողը եղավ Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանը: Այս տարի այս համայնքում բիովառելիքի արտադրության համար նոր արտադրական տեխնոլոգիաներ են բերվելու:

Շիրակի մարզի մեկ այլ համայնքում ևս նմանատիպ ծրագիր է իրականացվելու:

Ախուրյան համայնքում զգալի են հողերի դեգրադացիայի խնդիրները: Այստեղ կենսաթափոնների մեծ մասն աննպատակ այրվում են, սակայն նպատակային օգտագործվելու դեպքում դրանք կարող են ամբողջությամբ օգտագործվել՝ բավարարելով Ախուրյան համայնքի տնտեսությունների էներգետիկ պահանջները:

«Կոշտ կենսավառելիքի արտադրության և էներգաարդյունավետ վառարանների կիրառության ընդլայնում Շիրակի մարզի Ախուրյան համայնքում» ծրագրի շրջանակներում, «Վանանդ» հ/կ-ի աջակցությամբ, որը ծրագրի իրականացնողն է, Ախուրյանում սկսվելու է բիովառելիքի արտադրության ծրագիր իրականացվել: Ծրագրի շահառուներն Ախուրյան համայնքի բնակիչները և հանրային նշանակության կառույցներն են, մասնավորապես՝ ֆերմերները: Այն ֆինանսավորում է ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի հայաստանյան գրասենյակը:

Կարդացեք նաև

Ծրագրի շրջանակներում տեղծվել է 400-600 կգ/ժամ հզորությամբ կենսավառելիքի արտադրության միավոր, արտադրվել 50 տոննա կենսավառելիք: Պատրաստվել են էներգաարդյունավետ վառարաններ, որոնք ջերմային էներգիայի օգտագործման 75-80% օգտակար գործողության գործակից (ՕԳԳ) ունեն:

Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առայժմ Ախուրյանում բիովառելիքի արտադրությանը վերաբերող հարցերն են քննարկվում:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել՝ որքանո՞վ որպես այլընտրանք՝ մենք կարող ենք այդ ծրագիրն իրականացնել, որպեսզի ծրագրի իրականացումն անիմաստ չլինի: Անհրաժեշտ է նաև ազգաբնակչության կարծիքն իմանալ, պահանջարկը, որից հետո, եթե նպատակահարմար գտանք, առավել մանրամասն կխոսենք: Քանի որ ծղոտն Ախուրյանում շատ է, այն օգտագործելով՝ հնարավոր է՝ որպես վառելանյութ բրիկետներ ստանալ:

Ի տարբերություն Բասենի, որտեղ պելեն են արտադրում, որի այրվելու համար հատուկ վառարաններ են անհրաժեշտ, այս դեպքում ցանկացած վառարան կարելի է օգտագործել: Հիմնականում ֆինանսավորումը իրականացնում է ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհային ծրագրի հայաստանյան գրասենյակը:

Իրականացնողները երկու հասարակական կազմակերպություններ են, որոնք պետք է իրականացնեն ծրագիրը: Բրիկետների արտադրության համար անհրաժեշտ է սարք, որը 110.000 դոլարի (կամ թե եվրոյի) կարգի գումար արժե:

Ընդամենն այդ սարքն աշխատեցնող է պետք: Դա սարք է, որը ծղոտից համապատասխան բրիկետներն է ստանում: Բրիկետներ հնարավոր է ստանալ նաև ծառի ճյուղերից, մոլախոտերից, որոնք որպես անասնակեր չի կարելի օգտագործել, փշերից, թեփից և այլն: Կամ համայնքային հիմնադրամ է ստեղծվելու կամ շրջանառության մեջ է դրվելու շրջանառու հիմնադրամների գաղափարը, որը տվյալ համայնքի զարգացման համար է ծրագրեր է իրականացնելու»,- ասաց Արծրունի Իգիթյանը:

Ի պատասխան մեր հարցին՝ ի վերջո, ե՞րբ է սկսվելու ծրագրի իրականացումը, Ախուրյանի համայնքապետը նշեց, որ ժամկետները դեռ հստակեցված չեն.

«Անհրաժեշտ է, որպեսզի ոչ միայն արտադրվող բիովառելիքի ջերմատվությունը բարձր լինի, այլև վառելափայտից ավելի էժան լինի: Գիտեք, որ բնակչությունը սովորաբար ավելի էժան տարբերակի է գնում: Մարդը պետք է համոզվի, որ ավելի քիչ ծախսերով ավելի շատ ջերմություն է ստանում»:

Հարցին՝ Ախուրյանում ձմռան վառելիքի հարցը որքանո՞վ է լուծված, Ա.Իգիթյանը պատասխանեց, որ Ախուրյան խոշորացված համայնքում, որի կազմում այժմ 8 համայնք է մտնում, բուն Ախուրյանը, որը մոտ 10000 բնակչություն ունի, գազիֆիկացված է գրեթե 99 %-ով:

«Սակայն մենք ունենք 4 բնակավայր՝ Կառնուտը, Հովիտը, Բասենը և Ջրառատը, որոնք գազիֆիկացված չեն, ուստի այդ վայրերում բրիկետների կարիքն ավելի շատ կա»,- հավելեց մեր զրուցակիցը:

«Բիոսոֆիա» բնապահպանական կազմակերպության ղեկավար Գևորգ Պետրոսյանի խոսքով, այն, ինչ իրականացվեց Բասենում, հաջողությամբ պսակվեց:

«Ողջ Հայաստանում օրինակ են բերում կենսաբանական թափոնների օգտագործման, արևային ջրատաքացուցիչների օգտագործումը, դրա թիվ մեկ օրինակը Բասենն է: Բայց Բասեն համայնքը պետք է նաև այս ընթացքում շատ լավ զարգանա: Դրա հիմնական ճանապարհն այն է, որ մենք այնտեղ հիմնադրել ենք «Բասեն» համայնքի զարգացման հիմնադրամը, որն իր սեփական նախաձեռնությամբ արդեն երկու ծրագիր իրականացրել է: Մենք կփորձենք նաև այդ հիմնադրամը քաղաքացիական շրջանառության հիմնադրամ դարձնել, որն արդեն նոր զարգացման ճանապարհ է, և համայնքներն այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տանեն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Պետրոսյանը:

Իսկ թե ինչո՞ւ Հայաստանում պետք է զարգանա կենսավառելիքի օգտագործումը, բնապահպանը նշեց, որ ողջ աշխարհում այն պոտենցիալ զարգացող ամենակարևոր ուղղություններից է, քանի որ կենսավառելիքից ստացված ջերմային էներգիան համարվում է CO2 գազից ազատ ջերմային էներգիա: Այսինքն, մենք այն CO2 գազն ենք անջատում և մթնոլորտ արտազատում կենսավառելիքը վառելու արդյունքում, որը բույսերը կլանել են մթնոլորտից: Այսինքն՝ մենք չենք ավելացնում մթնոլորտում CO2 գազի քանակը, այլ ընդամենը փորձում ենք ապահովել այդ գազի անընդհատ կլանումն ու արտազատումը՝ ստանալով ջերմային էներգիա:

«Այս ուղղությունը շատ է զարգանում Եվրամիության երկրներում, և այդ կառույցը համայնքներին մեծ դոտացիա է տրամադրում հենց այդ գազի կրճատման հետ կապված տարբեր արտադրական ծրագրեր իրականացնելու համար: Այս ուղղության զարգացումը նպաստելու է նաև մեր էներգետիկ անվտանգության զարգացմանը: Այնպես չէ, որ միայն ծղոտի հիման վրա կարելի է այդ ամենն անել, այլ անմշակ հողերում կարելի է մշակել հատուկ էներգետիկ մշակաբույսեր, որոնք մեկ տարվա ընթացքում շատ արագ են աճում, որոնք կարելի է որպես վառելանյութ օգտագործել: Այսօր Հայաստանում այնքան մեծ է ճնշումն անտառային էկոհամակարգերի վրա, որ այլևս հնարավոր չէ այդ ձևով շարունակել:

Փայտանյութի ռեսուրսն անսպառ չէ: Այս ուղղությունը Շիրակի մարզում կարող է շատ լավ զարգանալ, քանի որ մեր մարզը, լինելով հանրապետությունում հացահատիկային կուլտուրաների մշակման կենտրոն, ունի ծղոտի հսկայական պաշարներ: Շատերն այսօր կարծում են, որ ցորենի կամ գարու մշակությունը եկամտաբեր գործ չէ, քանի որ դրանցից ստացվող եկամուտը ցածր է, և, եթե դրան գումարենք այն, որ ծղոտը կդառնա կենսավառելիք, և դա էլ որոշ չափով գումարվի ստացված եկամուտներին, կամ դրա հաշվին գյուղացիները կարողանան ապահովել իրենց ձմեռվա վառելիքը, ոչ թե աթար վառեն, այլ այն լցնեն դաշտերը՝ որպես օրգանական պարարտանյութ, դրանով հողերի վիճակը կբարելավվի, և կենսաթափոններն օգտագործելով՝ գյուղատնտեսությունն ավելի բարձր մակարդակի վրա կլինի, և չենք ունենա հողերի դեգրադացիայի խնդիրներ»,- ասաց Գևորգ Պետրոսյանը:

Քանի որ ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրում անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ ոլորտին, Գ.Պետրոսյանին հարց ուղղեցինք՝ արդյո՞ք մեր ատոմակայանի հնարավոր փակման դեպքում ՀՀ-ն ունի հնարավորություն առանց դրա, այլընտրանքային աղբյուրների շնորհիվ՝ արտադրել էլեկտրաէներգիա և բավարարել ամբողջ հանրապետության պահանջները:

«Բազմաթիվ մասնագետներ նշել են, որ ատմակայանի հետագա շահագործումն անթույլատրելի է, դա մեծ վտանգ է իրենից ներկայացնում, սակայն այսօրվա դրությամբ շատ դժվար է պատկերացնել Հայաստանի էներգետիկ վիճակը ներկա էներգետիկ ռեսուրսներով, առանց ատոմակայանի: Հայաստանին, իհարկե, անհրաժեշտ է այլընտրանքային էներգետիկ աղբյուրների զարգացում, սակայն մյուս կողմից՝ լավ է, որ Հայաստանը համարվում է ատոմակայան ունեցող երկիր:

Աշխարհում ատոմակայան ունեցող երկրները շատ չեն: Այն գիտական պոտենցիալը և ռեսուրսները, որոնք ունի Հայաստանն ատոմակայանը շահագործելու համար, հսկայական գումարներ արժեն, և պարզապես վերցնել ու ոչնչացնել դրանք՝ այնքան էլ ճիշտ չէ, քանի որ հետագայում մենք հնարավորություն չենք ունենա նման ռեսուրսներ ձեք բերել: Մյուս կողմից՝ ատոմակայանը բացասական ազդեցություն ունի Մեծամորի տարածքի ջրային ռեսուրսների վրա: Իսկ նոր ատոմակայանը, որը նախատեսվում է կառուցել, Հայաստանի հետ այնքան էլ կապ չի ունենա, որը կլինի միջազգային տարբեր կազմակերպությունների բիզնեսը Հայաստանում»:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս