Բաժիններ՝

«Յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստական կարող է հավակնել միջինը մոտ 110.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցման». Արման Մելիքյանը խոսեց իր կողմից հավաքագրված «2 պահարան» փաստաթղթերի մասին

Oրերս Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը խոսեց այն մասին, որ ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը դեռ վաղուց երկու պահարան փաստաթուղթ է հավաքել այն մասին, թե հայությունն ինչ սեփականություն է թողել Ադրբեջանի տարածքում:

168.am-ն Արման Մելիքյանին խնդրեց մանրամասնել՝ ի՞նչ փաստաթղթերի մասին է խոսքը: Ի պատասխան՝ Ա. Մելիքյանն ասաց. «Ձեր հարցը վերաբերում է ադրբեջանահայ փախստականների կողմից լրացված շուրջ 30.000 հարցաթերթիկներին, որոնք պարունակում են, ի թիվս այլ կարևորագույն տեղեկությունների՝ նաև մեր հայրենակիցների կրած նյութական ու բարոյական վնասների նկարագրությունը: Այժմ ավելին մանրամասնել նպատակահարմար չեմ գտնում»:

Հարցին՝ ի՞նչ ծավալների հարստության մասին է խոսքը, Ա. Մելիքյանն այսպես պատասխանեց. «Պատահականության սկզբունքով ընտրված 1000 հարցաթերթիկներում բերված զուտ նյութական տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ յուրաքանչյուր ադրբեջանահայ փախստականը կարող է հավակնել միջինը մոտ 110.000 ԱՄՆ դոլարի փոխհատուցման: Սա միջինացված գումարն է, և տարբեր մարդկանց պարագայում կարող է պակաս կամ ավելի լինել: Ընդգծեմ, որ սա բացառապես անմիջական, ուղղակիորեն պատճառված նյութական վնասի գումարային արտահայտությունն է: Դրանից բացի՝ մեր ադրբեջանահայ հայրենակիցներին հասցվել են նաև այլ տիպի վնասներ, որոնք ևս ենթակա են փոխհատուցման»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե նա ի՞նչ է արել այդ փաստաթղթերը, արդյոք հանձնե՞լ է համապատասխան մարմիններին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն դրանք հետ բերելու ուղղությամբ, և մինչ օրս ի՞նչ քայլեր են առհասարակ ձեռնարկվել հայ փախստականներին փոխհատուցումներ տրամադրելու ուղղությամբ:

Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Ժամանակին այդ փաստաթղթերի առանձին խմբաքանակներ ուղարկվել են պետական բարձր կարգավիճակ ունեցող հասցեատիրոջը, սակայն անտեսվել են ու մնացել են անարձագանք: Այդ պահվածքը մտահոգություն առաջացրեց այն իմաստով, որ պարզ դարձավ, որ քաղաքական մակարդակում հստակ որոշում կա՝ անտեսելու ադրբեջանահայ փախստականների շահերը, ինչը ստիպեց մեզ դադարեցնել այս հարցում պետական օղակների հետ համագործակցելու փորձերը:

Վերջին տասը տարիների ընթացքում հայկական իշխանությունները եռանդուն ջանքեր գործադրեցին հայ փախստականների դատն ու շահերը մոռացության մատնելու համար: Առ այսօր ՀՀ կամ Արցախի կողմից որևէ գործնական քայլ չի կատարվել մեր հայրենակիցներին այս հարցում պետական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ»:

Մեր ճշտող հարցին էլ, թե՝ կարո՞ղ եք ասել՝ ո՞վ էր այդ հասցեատերը, որն անտեսեց դրանք, Ա. Մելիքյանն այսպես արձագանքեց. «Նպատակահարմար չէ այժմ, դա միայն իր խնդիրը չէր, ու այս հարցին ավելի հիմնավոր անդրադարձ կարվի մոտ ապագայում: Սա ոչ թե կոնկրետ հասցեատիրոջ խնդիրն էր, այլ Հայաստանի իշխանությունների կողմից որդեգրած քաղաքականության հետևանք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս