«Ռուսաստանը Հայաստանին համարում է իր գրպանում գտնվող երկիր». Հովհաննես Իգիթյան

«Դավոսում Իլհամ Ալիևը հստակ արտահայտեց այն միտքը, որ այն զենքը, որ Ռուսաստանից եկել էր այդ օրերին, անմիջապես պետք է տեղափոխվի շփման գիծ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը զինվում է, որ ԼՂՀ հարցը լուծի հենց ռազմական ճանապարհով. «Հայաստանը պետք է բարձրացնի այն հարցը, որ այս լարված իրավիճակում հնարավոր չէ խոսել բանակցությունների մասին: Շատ կարևոր է այս փուլում ունենալ նաև ԼՂՀ-ի ներկայությունը բանակցային գործընթացում»:

Հ. Իգիթյանը գտնում է՝ Հայաստանը պետք է նաև բարձրացնի այն հարցը, թե ինչո՞ւ և ինչքա՞ն զենք է գնում Ադրբեջան Ռուսաստանից, որը համարվում է Հայաստանի դաշնակիցը, ընկերը. «Դա շատ ցավոտ հարց է, Հայաստանը պետք է այդ հարցը բարձրացնի, չնայած՝ բոլոր իշխանավորներն ունեն բարդույթ՝ «Ռուսաստան» բառն արտահայտելու համար: Դա սխալ է, Հայաստանը պետք է բարձրացնի այդ հարցը»:

Խոսելով ՌԴ-ի հանդեպ կիրառվող պատժամիջոցների մասին՝ Հ. Իգիթյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ Հայաստանը հնարավորինս հեռու մնա այս հանգամանքներից. «Չպետք է մոռանանք՝ ինչի հետաևանք են ՌԴ-ի նկատմամբ այդ բոլոր պատժամիջոցները: Ամեն անգամ հստակ նշված է, որ դա արվում է ՌԴ-ի՝ Ուկրաինայի հանդեպ ագրեսիվ քաղաքականության հետևանքով: Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչի համար է պատժվում Ռուսաստանը, և զերծ մնա ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականությունից, այսինքն՝ չքվեարկի կամ չմասնակցի կամ իր դիրքորոշումը զգուշավոր ունենա՝ Ուկրաինայի հետ առնչվող բանաձևերի հետ կապված: Չպետք է վախենալ, որ ՌԴ-ն մեզ կպատժի:

Կարդացեք նաև

Մենք հակառակն ենք տեսնում, Թուրքիան իր հստակ դիրքորոշումն ունի, Ղրիմի անեքսիան չի ճանաչում և անընդհատ այդ հարցերում դեմ է քվեարկում ՌԴ-ին, Ադրբեջանն էլ իր հերթին՝ անընդհատ ներկայացնում է ՌԴ-ի դիրքորոշումը Ղրիմի հանդեպ՝ որպես օկուպացիա, և մենք տեսնում ենք, որ իրենք չեն պատժվում, հակառակը, ՌԴ-ն փորձում է այս երկրներին ավելի բարեկամական, սերտ, սիրաշահելով՝ բերի իր մոտ, իսկ Հայաստանին համարում է իր գրպանում գտնվող երկիր և մեզ հետ ընդհանրապես որևէ լավ քայլերի չի գնում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս