«Նկարելն ինձ համար կենսակերպ է, ինքնարտահայտման միջոց, որով ես ամեն օր փորձում եմ ապրել». Տիգրան Թադևոսյան
Վանաձորցի նկարիչ Տիգրան Թադևոսյանի հայաստանյան ցուցահանդեսներից հաջողացրել եմ ներկա լինել միայն մեկին: Բարեբախտաբար, լինելով սոցցանցային ընկերներ, լրահոսումս պարբերաբար հայտնվող նրա կտավների լուսանկարները ստիպում են ինձ մշտապես տպավորիչ մտքերով անդրադառնալ դրանց, հատկապես՝ դրանց գույների ներդաշնակ համադրությանը: Դրանք երկար ժամանակ տպավորված են մնում իմ մտապատկերում, մինչև այն պահը, որ մտածում եմ՝ պետք է զրուցել Տիգրանի հետ:
Մտածում եմ նաև՝ կարելի՞ է արդյոք նկարչին պատմել, որ իր կտավներն առավելապես ու առաջին հերթին՝ հետք են թողում իմ վիզուալ զգայարանների վրա, հետո միայն անդրադառնում դրանց բովանդակային մասին: Մոտ ապագայում ես անպայման կընդունեմ նկարչի հրավերը՝ հյուրընկալելու իր արվեստանոցում, և կտրել-անցնելով Երևան-Վանաձոր երկար ճանապարհը՝ արվեստանոցի համապատկերում կծանոթանամ նրա ստեղծած արվեստին՝ ամբողջապես: Հիմա շարունակում եմ մնալ վստահ կարծիքիս, որ նրա աշխատանքները լցնում են ինձ այն պակասող լավատեսությամբ, որ ժամանակակից արվեստը հարատև է:
– Տիգրան, Վանաաձորը մի քիչ հեռու չի՞ մշակութային էպիկենտրոն համարվող մայրաքաղաքից: Ի՞նչն է քեզ այդ քաղաքում ոգեշնչում:
– Քաղաքը չի ոգեշնչում ինձ, այլ արվեստանոցս, որ ինձ համար ստեղծագործելու ամենալավ վայրն է:
– Իսկ ես հիշում եմ, թե ինչպես Վան Գոգը լքեց Փարիզը, մեկնելու հարավային Առլ, միայն տեղի արևի դեղինը որսալու:
– Եղել է նման բան: Ես սիրում եմ այն քաղաքը, որտեղ ապրում եմ, բայց հաճախ նաև նկարելու համար դուրս եմ գալիս ոչ միայն իմ քաղաքից, այլ նաև երկրից… Դա շատ կարևոր է, առանց դրա անհնար կլիներ տեսնել մնացած արևները:
– Արդեն հասկացա, որ արևներ փնտրում ես, իսկ է՞լ ինչը կարող է ոգեշնչել քեզ:
– Նկարելու համար ինձ պետք է ամեն ինչ, և հիմնականում՝ նկարի մեջ պետք է սեր լինի, դրական էմոցիաներ, որ կփոխանցվեն դրանք նայողին:
– Ասացիր՝ շատ ես սիրում արվեստանոցդ: Ավելի հաճախ արվեստանոցո՞ւմ ես նկարում:
– Այո, հիմնականում արվեստանոցում, բայց դրսում էլ հաճախ էտյուդներ և բնանկարներ եմ սիրում նկարել:
-Նկարելու տեխնիկային տիրապետող ամեն մարդ կարո՞ղ է նկարիչ լինել:
– Կարծում եմ՝ նկարել կարող են բոլորը, բայց նկարիչ լինել բոլորը չեն կարող: Նույնը երաժշտության հետ կարող է պատահել՝ նվագել շատերը գիտեն, բայց երաժիշտ քչերն են դառնում: Իմ կարծիքով՝ մարդը, որ ծնվում է, արդեն տաղանդ ունի: Պարզապես քչերին է հաջողվում դա ինքն իր մեջ բացահայտել: Պատահում է և բավական հաճախ, որ մարդ ավելի հասուն տարիքում է սկսում նկարել, բայց կդառնա՞ նա նկարիչ, թե՞ ոչ, ցույց կտան տարիներն ու իրենց ներքին պայքարի արդյունքը:
– Բայց կարող էր, չէ՞, պատահել, որ դու էլ չբացահայտեիր քոնը:
– Կար ժամանակ, երբ ես լրջորեն մտածում էի՝ սպո՞րտ, թե՞ նկարչություն, բայց հաղթեց նկարիչը: Ստացվեց առողջ մարմնում առողջ հոգի վիճակը (ժպտում է.- Ն.Մ.): Նկարելն ինձ համար կենսակերպ է, ինքնարտահայտման միջոց, որով ես ամեն օր փորձում եմ ապրել: Երբ մարդ իրական կյանքով է ապրում, ամեն օրը տարբերվում է մյուսից, և դա արտահայտվում է նաև նկարներում: Հետևաբար, երբ ստեղծագործողն իրապես ապրում է, իր կտավներն էլ են ապրում ու երևի նաև ապրեցնում դրանք նայողին:
– Քո կարծիքով՝ ինչի՞ն է ծառայում արվեստը:
– Էլ ավելի հասկանալու և զգալու գեղեցիկը:
– Հետաքրքիր է, թե հիմնականում ինչպե՞ս են դասավորվում նկարներիդ ճակատագրերը:
– Հիմնականում դրանք վաճառվում են: Դրանց մի մասն էլ շարունակում է մնալ արվեստանոցում՝ հետագա ցուցահանդեսների համար՝ դրսում և Հայաստանում: