«ՀՀԿ-ն, գիտակցելով իր լեգիտիմության խնդիրները, փորձում է համակարգին ինչ-որ լեգիտիմություն հաղորդել այնպիսի նախագահ առաջադրելով»
«Խնդիրն այդքան ընդունելիությունը չի, որքան թեկնածուն առաջադրող քաղաքական ուժի լեգիտիմությունը, քաղաքական ամբողջ համակարգը: Իրականում լավը լինի անհատը, թե վատը, նրա անձը զուտ պրոֆեսիոնալ որակներով կարող է քննարկվել, որովհետև չի վիճարկվում, որ տվյալ քաղաքական ուժն իրավունք ունի նախագահ առաջադրելու և խորհրդարանական մեծամասնության կողմից նրան նախագահ ընտրելու: Քանի որ ՀՀ քաղաքական համակարգը լեգիտիմության խոր ճգնաժամ ունի, նկատի ունենալով, թե խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժը ոնց է քվեներ ստանում, այս առումով, իհարկե, անկախ անձի պրոֆեսիոնալ որակներից, հարց է ծագում այդ լեգիտիմության դաշտում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը` խոսելով Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի` ՀՀԿ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու առաջադրման մասին:
Ըստ նրա` թերևս, ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը հրաշալի հասկանում են, որ այնուամենայնիվ ընտրությունների օրն իրենց հայտնի հնարքներով քվեներ ստանալը դեռևս լեգիտիմություն չի նշանակում, և պատահական չէ, որ նման չափանիշեր են առաջադրել` ընդունելի լինի, աջակցություն լինի բոլորի կողմից. «Իհարկե, ունենալ այնպիսի անհատ, որ որևէ առարկություն չունենա, այդպիսի բան չի լինում, եթե նույնիսկ այդ անձը գերպրոֆեսիոնալ որակներ ունի: Բայց ակնհայտորեն ՀՀԿ-ն, գիտակցելով իր լեգիտիմության խնդիրները, փորձում է համակարգին ինչ-որ լեգիտիմություն հաղորդել այնպիսի նախագահ առաջադրելով, որն այս կամ այն չափով ընդունելի կլինի բոլորի կողմից»:
Ս.Սաֆարյանը նշեց, որ որպես անձ, իհարկե, Արմեն Սարգսյանը պրոֆեսիոնալ պետական գործիչ է. «Ես որևէ գնահատական նրա պրոֆեսիոնալ որակների հետ կապված` և՛ որպես անալիտիկ մտածողություն ունեցող, և՛ որպես կառավարման հմտություններին ծանոթ, կասկածի տակ չեմ դնի: Որքան էլ նա կարճատև ժամանակահատված է վարչապետ եղել, այնուամենայնիվ նա երկարատև դիվանագիտական աշխատանքի փորձառություն ունի: Քանի որ ՀՀ նախագահն ավելի խորհրդանշական նշանակություն ունի, թերևս այն ֆունկցիան, որ նա պետք է կատարի` երկիրը ներկայացնելու և նաև պատվիրակություններ ընդունելու, ճանապարհելու կամ այլ առումներով, նա բացարձակապես համապատասխանում է այս չափանիշերին»:
Ս.Սաֆարյանի խոսքով` խորհրդարանում որևէ քաղաքական ուժ նրան դե՞մ կքվեարկի, թե՞ ոչ, սա զուտ քաղաքական մոտեցում է: Նրա ենթադրում է՝ ընդդիմությունը չի պաշտպանի այս թեկնածությունը՝ անկախ Արմեն Սարգսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, իսկ «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը չի կարելի կանխատեսել:
Ամեն դեպքում, ըստ Ս.Սաֆարյանի՝ Ա.Սարգսյանի ընտրությունը կանցնի օրենքի շրջանակներում, խորհրդարանական մեծամասնությունը կողմ կքվեարկի. «Բայց քանի որ խորհրդարանական մեծամասնությունն ամենևին կամքի ազատ ձևավորման վրա չի հիմնավորված եղել, այլ` ընտրակաշառքի, վարչական լծակների զգալի քանակությամբ, բնականաբար, այս կտրվածքով նոր նախագահն էլ տառապելու է նույն ախտով, ինչ իշխող քաղաքական ուժը, լեգիտիմության դեֆիցիտի պատճառով»:
Վերլուծաբանը նշեց, որ Ա.Սարգսյանի մասին բացասական լուրերը, փողերի լվացմանն առնչությունը և այլն, պետք է հերքեն հենց Սարգսյանն ու նրան առաջադրող ուժը.
«Նա Եվրասիական տարածքում, մասնավորապես` Ղազախստանում, էներգետիկ ծրագրերում մասնակցություն է ունեցել: Ամուլսարի հանքավայրի պատմության մեջ էլ նա ներգրավված է, բայց հանքարդյունաբերության մեջ ներգրավված լինելը կրիմինալ չէ: Լուրջ թեմաներ են, որ առաջին հերթին՝ թեկնածուն ինքը և իրեն առաջադրող քաղաքական ուժը պետք է հերքեն, որպեսզի նման կասկածներ չմնան»:
Անդրադառնալով «Շանթ» հեռտուստաընկերության եթերում հնչեցրած այն հայտարարությանը, որ Արմեն Սարգսյանի որդիներն իրենց բրիտանացի են համարում, Ս.Սաֆարյանը նշեց, որ խոսքն ավելի շուտ նրանց` Բրիտանիայի քաղաքացիներ, Բրիտանիայի հպատակներ լինելու մասին է.
«Իրենց ծագումով բրիտանացի համարելը տարօրինակ կլինի, բայց դժվար թե նրանք դա ի նկատի ունեցած լինեն, երևի թե ավելի շատ խոսում են այն մասին, որ Բրիտանիայի քաղաքացի են, ոչ թե Հայաստանի: Ընդհանուր առմամբ, մի քիչ բարոյական դաշտում գտնվող խնդիր է, քաղաքական նշանակություն այդքան չունի: Իհարկե, իդեալական կլինի, եթե Հայաստանը հրաշալի տիրապետող, իրեն հայաստանցի համարող, ՀՀ հոգսն ու ցավը արտակարգ տիրապետող անձ և ընտանիք լինի, բայց որ Բրիտանիայի քաղաքացիներ են, ես այստեղ զուտ քաղաքացիության պահն եմ տեսնում»: