«Հայաստանի ներքաղաքական փոփոխությունները չեն անդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա». Եվրախորհրդարանի փոխնախագահ
«Հայաստանում շատ քիչ են քաղաքական ուժերը, որոնք դեմ են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների ներկայիս բովանդակությանը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, լեհ քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական փոփոխություններին և ՀՀ-ԵՄ հարաբերություններին:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 19-ին հայտարարել է, որ ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն է: Նախագահի ընտրություններն անց են կացվելու մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովում:
Ռիչարդ Չարնեցկին, պարզաբանելով հարցը, թե հնարավո՞ր է փոփոխություններ ՀՀ-ԵՄ հարաբերություններում ՀՀ ապագա նոր նախագահի և վարչապետի օրոք, հայաստանյան ներքաղաքական փոփոխություններից հետո, ասաց, որ հնարավոր փոփոխությունները պայմանավորված կլինեն այն հանգամանքով, թե ինչ քաղաքական առաջնահերթություններ կսահմանեն իշխանությունները:
Ըստ նրա, եթե Հայաստանում իր դիրքերը պահպանի իշխող ուժը, փոփոխություններ, ըստ էության, չեն լինի, եթե իշխող ուժը զիջի իր դիրքերը, ապա պետք է տեսնել, թե ինչ կպատահի:
«Ամեն դեպքում պետք է նշեմ, որ Հայաստանում շատ քիչ են քաղաքական ուժերը, որոնք դեմ են ՀՀ-ԵՄ համագործակցությանը և երկկողմ հարաբերությունների ներկայիս բովանդակությանը: ՀՀ ներկայիս իշխանությունները ևս, հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցությունը, Եվրամիության հետ համաձայնագիր են ստորագրել, հարաբերությունների ծավալն են հստակեցրել բոլոր ոլորտներում, չեմ կարծում, որ սա որևէ քաղաքական ուժի համար խնդիր է լինելու, կամ որևէ ուժ ավելի մեծ հավակնություններ կդնի Հայաստանի արտաքին քաղաքականության առջև, ցանկացած ուժ առաջնորդվելու է իրողություններով»,- նման տեսակետ հայտնեց Չարնեցկին:
Նրա փոխանցմամբ՝ պետք է կանխատեսումների հարցում սպասել, քանի որ ՀՀ նախագահից քիչ բան է կախված լինելու, կարևոր է լինելու ՀՀ վարչապետի անձը և նրա ապագա քաղաքականությունը:
Եվրախորհրդարանի փոխնախագահի խոսքով՝ Եվրամիությունն այս փոփոխություններով ոչինչ չի պայմանավորում, այն պետք է ընթանա նախապես հստակեցված ժամանակացույցով և ճանապարհային քարտեզով: Չարնեցկու վստահեցմամբ՝ ԵՄ-ն հետևում է գործընթացին, դրա թափանցիկությանը, բայց ԵՄ-ի համար կարևոր չէ այս կամ այն ուժը, ԵՄ-ի համար կարևոր է, որպեսզի երկրում ժողովրդավարական գործընթացներ տեղի ունենան: Իսկ թե դրանց արդյունքում, Չարնեցկու խոսքով, ո՞վ կզբաղեցնի վարչապետի կամ նախագահի պաշտոնը, կարևոր չէ, կարևորը, որ նա ընտրվի թափանցիկ և ժողովրդավար գործընթացների արդյունքում: Եվրախորհրդարանի փոխնախագահի կարծիքով՝ փոփոխությունները ոչ մի կերպ չեն անդրադառնա ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
«Չեմ կարծում, որ նոր վարչապետը կամ նախագահն արգելափակեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը: Իսկ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ապագան ստորագրված համաձայնագրից հետո իսկապես կորոշեն նոր իշխանությունները»,- նկատեց նա: