ԱՄՆ-ի Կոնգրես օրինագիծ է մտցվել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին
Հանրապետական 20 կոնգրեսականներից բաղկացած խումբը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը օրինագիծ է ներկայացրել Իրանի դեմ պատժամիջոցների վերասահմանման պայմանների մասին, որոնք ավելի վաղ չեղարկվել էին իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման շրջանակներում:
Այդ մասին հաղորդվում է այս նախաձեռնության հեղինակի՝ Իլինոյսի նահանգից Կոնգրեսի ստորին պալատի անդամ Փիթեր Ռոսքամի կայքում: Տեքստի համաձայն, պատժամիջոցները, որոնց գործողությունը կասեցվել էր 2016 թվականի հունվարին, վերստին ուժի մեջ կմտնեն, եթե Իրանը շարունակի բալիստիկ հրթիռների մշակումն ու փորձարկումը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկ կրել, կամ ենթակառուցվածք ստեղծի զինագործական ուրանի կամ պլուտոնիումի արտադրության համար:
Բացի այդ, պատժամիջոցների սահմանման պատճառ կդառնան իրանական միջուկային ու ռազմական օբյեկտներում միջազգային ստուգումների, ներառյալ չպլանավորված ստուգումների անցկացմանը խոչընդոտելը: Օրինագիծն ԱՄՆ-ի նախագահին պարտավորեցնում է յուրաքանչյուր 90 օրը մեկ Կոնգրեսին ծանուցել այն մասին, որ Թեհրանը չի ստեղծում միջուկային զենք ու հրթիռներ, ինչպես նաեւ տեսուչներին թույլ է տալիս այցելելու իր օբյեկտներ:
Եթե պետության ղեկավարը դա չանի, ԳՀՀԾ-ի շրջանակներում կասեցված պատժամիջոցների ռեժիմը վերստին գործի կդրվի: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել էԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը: