Որքան փող կստանա նախագահականը 2018 թվականին
Այս տարի վերջապես նոր Սահմանադրությունը կմտնի ուժի մեջ: Ընդիմադիրները պատրաստվում են որոշակի քայլերի, որոնք ավելի շուտ ակցիա են հիշեցնելու: Իսկ իշխանությունները խորհրդարանական համակարգի անցմանն արդեն պատրաստ են: Միակ անհայտն ապագա նախագահի անձն է:
Բայց դա էլ իրականում երկրորդական հարց է: Ի վերջո, անցում ենք կատարելու խորհրդարանական կառավարման: Այսինքն՝ նախագահի պաշտոնը դառնում է խորհրդանշական ու արարողակարգային մի բան: Այդ մասին է խոսում անգամ 2018թ. պետական բյուջեն: Նախորդ տարիների բյուջեն միշտ էլ խոշոր գումար էր հատկացնում նախագահական աշխատակազմի համար: 2015թ. նախագահի աշխատակազմի պարզ ծախսը 3 մլրդ 573 մլն դրամ էր:
2016-ին` 3 մլրդ 572 մլն դրամ: 2017-ին խորհրդարանն արդեն տեղյակ էր, որ դա «հզոր» նախագահականի վերջին տարին էր: Ուստի աշխատակազմին նախկինից ավելի գումար հատկացրեց` 3 մլրդ 856 մլն դրամից ավելի:
Հետաքրքիր է, որ 2015 և 16 թթ. կառավարության աշխատակազմի համար նախատեսված էր մոտ 1,9 մլրդ դրամ: Իսկ 2017-ի բյուջեն մոտ 200 մլն դրամ պակաս փող էր նախատեսել կառավարության աշխատակազմի համար: Հավանաբար այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո նախագահի աշխատակազմի շատ գործառույթներ 2018-ին փոխանցվելու էին կառավարության աշխատակազմին: Գործառույթների հետ կառավարությանն այս տարվա բյուջեի նախագծով փոխանցվել են նաև նախագահի աշխատակազմին նախկինում հատկացված գումարները: Նույնիսկ մի բան էլ ավելի:
2018թ կառավարության աշխատակազմին հատկացված գումարը, 2017-ի 1 մլրդ 710 մլն դրամի փոխարեն, 4 մլրդ 239 մլն դրամ է: Պարզ նկատելի է, որ բյուջեի նախագիծ կազմողներն ու այն հաստատող խորհրդարանական մեծամասնությունը պատրաստվել են այս անցումին:
Հավանաբար, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը բյուջետային տորթի բաժանումից շատ դժգոհ չմնա, 2018թ բյուջեում 4 մլրդ 645 մլն դրամ է ստանալու:
Ստանալու է` 2017-ի 4 մլրդ 194 մլն դրամի դիմաց: Նախորդ տարիներին ՀՀ ԱԺ-ն, ՀՀ Նախագահի աշխատակազմը և ՀՀ Կառավարության աշխատակազմը կառավարման ամենաթանկ հաստատություններն էին: Մեր երկրի բյուջեից այս երեք օղակները միասին տարեկան ստանում էին 9,7-9.9 մլրդ դրամ: Բյուջետային ամենամեծ ծախսը նախատեսված էր 2015թ.-ին` 9 մլրդ 817 մլն դրամը գերազանցող գումար:
Միանշանակ չի կարելի պնդել, որ տնտեսական աճի հետևանքով (կամ պատճառով) 2018թ. այդ երեք կառույցներին առաջին անգամ 10 մլրդ-ից ավելի գումար է հատկացվելու: Ավելի ստույգ` 10 մլրդ 792 մլն 915 հազար 900 դրամ: Այսինքն մեզ` հարկատուներիս կառավարելու համար այս տարի իշխանությունները աննախադեպ ավելի շատ գումար են պահանջել: Պահանջել ու իրենք էլ հաստատել են «ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի» տեսքով:
Բոլոր դեպքերում հետաքրքիր է, թե ինչ ներիշխանական զարգացումներ են ընթանալու: Հասկանալի է, որ կառավարման այդ երեք օղակներում էլ մորքուր-հորքուրի երեխաներից ու խնամի-բարեկամներից բացի՝ լուրջ պրոֆեսիոնալ կադրեր կան: Հատկապես նախագահական աշխատակազմում: Ա՛յ հենց այդ արհեստավարժ մասնագետների տեղափոխումն ի վերջո կարող է լուրջ դժգոհությունների պատճառ դառնալ: Նրանք, որպես կանոն, դժվարությամբ են համակերպվում «դմբո» ղեկավարների աշխատակարգին:
Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ կադրային արտահոսք կլինի պետական ապարատից: Պրոֆեսիոնալները, բնակակաբար, աշխատանք կգտնեն և՛ մասնավոր հատվածում և՛, որ ցավալի է` արտերկրում: Նման մի բան տեղի ունեցավ Վրաստանում, երբ այնտեղ էլ անցում կատարվեց խորհրդարանական համակարգի:
Առանց ավելորդ ակնարկի՝ կարելի է հիշել նաև մի օրինակ ևս: Երբ Վրաստանում նոր իշխանական ուժը Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդությամբ խորհրդարանական համակարգի անցավ՝ 2013թ. Վրաստանի նախագահի «զուտ արարողակարգային» պաշտոնը «վստահեց» Գեորգի Մարգվելաշվիլիին:
Մինչ այդ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին շքեղ նախագահական շենք էր կառուցել:
Իվանիշվիլին պայմանավորվածություն ուներ, որ նոր նախագահը գնահատելով իր համեստ դերակատարությունը պետության կառավարման ոլորտում՝ կհրաժարվի նախագահական շքեղ մասնաշենքից ու ավելի համեստ աշխատավայր կտեղափոխվի: Բայց նոր նախագահը նախընտրեց մնալ մեծ ու շքեղ նախագահականում: Կառավարությունը, իհարկե, փորձեց ֆինանսապես «խեղճացնել» փոքր լիազորություններ ունեցող, բայց անհնազանդ նախագահին: Երեկոյան ու գիշերային ժամերին նույնիսկ նախագահական մասնաշենքի արտաքին լուսավորությունն էին անջատում՝ ասելով, որ երկրի քաղաքական կյանքում սահմանադրությամբ այդքան համեստ դիրք ունեցող պաշտոնի գրասենյակն արժանի չէ բյուջետային մեծ ծախսերի:
Նոր նախագահը չընկրկեց և մնաց պաշտոնավարելու նույն շենքում, որն այսօր արդեն շքեղ լուսավորվում է: Հետաքրքիր է՝ մեր իշխանությունները նոր ու «զուտ արարողակարգային» նախագահին զիջելո՞ւ են Բաղրամյան 26-ը, թե՞ ոչ: Ի վերջո, 2018-ի բյուջեում այս շենքի ու աշխատողների համար 2017-ի բյուջեի համեմատ՝ կիսով չափ գումար է նախատեսված: