«Պարզ չէ՞, որ դառնալու է ոստիկանական երկիր». Սասուն Միքայելյանը դեմ է ոստիկանության կողմից տեսախցիկների ներդրմանը
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը նշեց, որ օրինագծով նախատեսվում է՝ հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունը պահպանելիս ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:
«Օրենքում ամրագրված է, որ հանրային վայրերում կսահմանվեն անշարժ տեսանկարահանող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների, ինչպես նաև ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող և լուսանկարահանող տեխնիկական միջոցների օգտագործման առանձնահատկությունները:
Տեսաձայնագրումները և լուսաձայնագրումները կատարվելու են միայն ծառայողական և ոչ անձնական տեխնիկական միջոցներով: Կսահմանվեն տեսանյութերը և լուսանկարները պահպանելու ժամկետները, օգտագործման նպատակները, ինչպես նաև կսահմանվի դրանք այլ նպատակներով օգտագործելու արգելքը:
Տվյալների պահպանման ժամկետն ընտրվել է 7 օր, որից հետո դրանք պետք է ոչնչացվեն: Միաժամանակ սահմանվում են այն դեպքերը, երբ կարող է այդ ոչնչացումը տարաժամկետվել»,- նշեց Վ. Եղիազարյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ տեսախցիկների ներդրումը միջամտություն է անձնական կյանքի հարգանքի իրավունքին. «Կարո՞ղ ենք ասել, որ մինչև այս արված նկարահանումները եղել են օրենքով չնախատեսված կարգով»:
Ի պատասխան՝ Վ. Եղիազարյանն ասաց, որ այդ տեսախցիկները հիմա էլ գործում են, դրանք սահմանված են Ճանապարահային անվտանգության օրենքով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց՝ տեսախցիկները տեղադրելով՝ մենք մարդու իրավունքները կպաշտպանե՞նք, թե՞ ավելի կվնասենք, կսահմանափակենք խոսքի ազատությունը մարդկանց կողմից.
«Ոստիկանության աշխատողները կփորձեն մարդկանց հրահրել, որ նրանք չափերից դուրս գան, ու իրենք ճիշտ դուրս գան: Ինչքանո՞վ է դա ճիշտ»:
Վ. Եղիազարյանն ասաց, որ Ս. Միքայելյանի մտավախությունն ավելորդ է. «Այս նկարահանող սարքերը միայն օգնելու են ոստիկանությանը՝ հանցագործությունները բացահայտելու, ինչպես նաև օգնելու են մեր քաղաքացիներին, ովքեր ցանկանալու են մեր այդ նյութերն օգտագործել»:
Ամեն դեպքում, Ս. Միքայելյանը նշեց, որ դրանով մարդու խոսքի սահմանափակում է տեղի ունենալու. «Պարզ չէ՞, որ դառնալու է ոստիկանական երկիր, մարդ չի կարող ազատ արտահայտվի, խոսա: Ես չեմ հասկանում՝ մեր երկրի և խոսքի ազատության ապագան ոնց է լինելու»:
Վ. Եղիազարյանն ասաց, որ խոսքի ազատության սահմանափակման և օրինագծի մեջ որևէ կապ չկա: