
«Բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում և Վրաստանում գրեթե նույնն են». Արտակ Շաբոյան

Հայաստանում և Վրաստանում բենզինի և դիզվառելիքի գները գրեթե նույնական են, իսկ գնագոյացման մեխանիզմները` տարբեր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ և Հայաստանում, և Վրաստանում բենզինի և դիզվառելիքի գները գրեթե նույնն են, բայց պետք է հաշվի առնել, որ երկու երկրներում կան գնագոյացման տարբերություններ: Հայաստան ներկրվող բենզինը տեղափոխվում է Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով: Հաշվարկները ցույց են տալիս, որ տեղափոխման ծախսերը էական ազդեցություն ունեն բենզինի ինքնարժեքի մեջ»,- ասաց Արտակ Շաբոյանը:
Նրա խոսքով` տարբեր է նաև ներմուծման երկրների աշխարհագրությունը: Եթե Հայաստանը ներմուծումներն իրականացնում է հիմնականում Ռուսաստանից, Ռումինիայից և Բուլղարիայից, ապա Վրաստանը` Ադրբեջանից և Թուրքմենստանից:
Անդրադառնալով դեռևս նախորդ տարվա ընթացքում բենզինի ու դիզելային վառելիքի գնային փոփոխությանը, մասնավորապես, աճին` Արտակ Շաբոյանը նշեց, որ դա պայմանավորվել է ձեռբերման գների ավելացմամբ:
Այս տարեսկզբին ևս այս ապրանքային շուկաներում արձանագրվել է գների ավելացում` հարկային դրույքաչափերի փոփոխությունների ազդեցությամբ:
Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի մեկից 1 լիտր բենզինը թանկացել է 20, դիզելային վառելիքը 60, իսկ բնական սեղմված գազի 1խմ-ը 20 դրամով: