Կառավարությունը կօտարի պետական գանձարանի թանկարժեք մետաղների և քարերի պահուստները
Կառավարությունը հավանություն տվեց Ֆինանսների նախարարության աշխատակազմի թանկարժեք իրերի օտարման միջոցառումների 2018-2021 թթ. ծրագիրը։
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ 1996 թվականից ի վեր թանկարժեք քարերն ու պետական գանձերը չեն օտարվել, ինչի արդյունքում կուտակվել են բավականին մեծ քանակությամբ զարդեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը և արժեքը: «Բացի այդ, այս ապրանքները պահելը չափազանց թանկ է: Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել հանրային աճուրդներ կազմակերպել պահուստային ֆոնդի չամրացված պահուստները վաճառելու նպատակով»,- նշեց նախարարը՝ ավելացնելով, որ եթե թանկարժեք իրերը չվաճառվեն սահմանված գնով, ապա դրանց արժեքը կարող է նվազել, սակայն միջազգային գներից ոչ պակաս: Նախարարը վստահեցրեց, որ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի այդ աճուրդների անցկացման ու դրանց արդյունքների մասին:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կստանա բարձր լիկվիդայնություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներ, որոնք ժամանակի ընթացքում չեն կորցնում իրենց արժեքը:
Պահուստներից կվաճառվեն 4712 հատ արհեստական քար, 1177 գրամ արհեստական քարերից շարաններ, 256,3 կարատ զմրուխտ, 3575,76 կարատ ադամանդ, ընդհանուր առմամբ ավելի քան 100 կիլոգրամ արծաթյա ու ոսկյա իրեր և այլն:
Նախագծում նշված է, որ սրանց նվազագույն արժեքը շուկայական գներով հասնում է ավելի քան 1 միլիարդ 533 միլիոն դրամի:
Ըստ լիկվիդացման ժամանակացույցի՝ օտարումը կմեկնարկի արդեն այս տարվա առաջին եռամսյակում: