«Միակ խոչընդոտը Կարեն Կարապետյանն է». Արմեն Գրիգորյան
Հարցազրույց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ
– Պարոն Գրիգորյան, մինչև փետրվարի վերջ հայտնի կդառնան ՀՀ նախագահի թեկնածուների անունները։ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, նախագահի թեկնածու կարող է առաջադրել պատգամավորների առնվազն 1/4-ը։ Հաշվի առնելով, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե իրենք իրենց «ծանր տեղը չեն թեթևացնելու» և թեկնածու չեն առաջադրելու, և միայն ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն է հայտարարել Արտակ Զեյնալյանի թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին, սակայն նրանք տեխնիկապես չեն կարողանա դա անել, ստացվում է, որ միայն մե՞կ թեկնածու կլինի։
– Կարծում եմ՝ այո։ Հանրապետականը՝ դաշնակների հետ միասին, կառաջադրի 1 թեկնածու։ Չեմ կարծում, որ դաշնակներն իրենք թեկնածու առաջադրեն։ Ձայների քանակի պատճառով էլ, եթե անգամ «Ելքը» հնարավորություն ունենար առաջադրելու, կարծում եմ, դժվարություն կունենային իրենց թեկնածուին անցկացնելու համար։ Նոր սահմանադրակարգի պայմաններում նախագահի պաշտոնը, մեծ հաշվով, երկրորդական, երրորդական պաշտոն է։ Նախագահը կլինի Անգլիայի թագուհի, նույնիսկ Անգլիայի թագուհին ավելի մեծ լիազորություններ ունի, քան կունենա ՀՀ նախագահը։ Դա ավելի շատ ֆիկտիվ պաշտոն է լինելու, նույնիսկ՝ անկուսակցական։
– Ամեն դեպքում՝ ընտրություն, որպես այդպիսին, չի լինի, և ընդդիմությունը զրկվում է այդ հնարավորությունից։
– Քանի որ ԱԺ-ն է նախագահ ընտրում, և դա ավելի շատ անուղղակի ընտրություններ են, մեծամասությունն էլ այս պահին ՀՀԿ-ն ունի, ապա նույնիսկ, եթե փոքրամասնությունն առաջադրեր այդ թեկնածուին, շատ բան չէր փոխվի։ Այնպես չէ, որ հանրությունը պետք է ընտրի, և կարող էր կասկած լինել, թե արդյունքն ինչ կլինի։ Հստակ է, որ 105 պատգամավոր են, ու այդ պայմաններում ՀՀԿ-ն, ունենալով մեծամասնություն, վստահաբար կկարողանա անցկացնել իր թեկնածուին՝ դաշնակների հետ միասին։
– Վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները շարունակվում են, և դատելով ՀՀԿ-ականների ելույթներից, որ միակ արժանավորը Սերժ Սարգսյանն է, գրեթե կասկած չկա, որ հենց նա է առաջադրվելու վարչապետի պաշտոնում։ Այս իրավիճակն ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը դեռ 2013-ից գնում էր դեպի այդ պաշտոնին և ամեն ինչ անում, որպեսզի դառնա վարչապետ՝ Սահմանադրության փոփոխությունից մինչև 2017-ին ընտրությունների կեղծել, հանրապետականների «հաղթանակն» ապահովել, և գնալ դեպի 2018, որպեսզի ինքը դառնա վարչապետ։ Որովհետև Սահմանադրությունը փոխվել է 1 մարդու համար, և այդ 1 մարդը միանշանակ Սերժ Սարգսյանն է։ Միակ որոշակի խոչընդոտը, այսպես ասած, Կարեն Կարապետյանն է, որը ևս ուզում է դառնալ վարչապետ և հայտ է ներկայացրել, գոնե հրապարակային նա այդպես է հայտարարում, բայց դրա համար Կարեն Կարապետյանը լուրջ հիմքեր չունի, այլ ունի սահմանափակ ռեսուրսներ, և այլն։
– Իսկ ռուսական օլիգարխիկ թև՞ը։
– Ռուսական օլիգարխիկ թևն ազդեցություն ունի, բայց կարծում եմ, որ այդ թևը պատրաստ չէ այդ պաշտոնի համար, հանուն Կարեն Կարապետյանի, գնալ կոնֆլիկտի։ Կարծում եմ, որ ավելի շատ եղել է պայմանավորվածություն, որ Կարեն Կարապետյանը պետք է վարչապետ լինի, և Սերժ Սարգսյանը համաձայնություն է տվել, ասել է՝ եկեք այդ ճանապարհով գնանք, Կարեն Կարապետյանին նշանակել է վարչապետ այդ պայմանավորվածությամբ, սակայն, ինչպես պատմությունը ցույց է տալիս, Սերժ Սարգսյանը հաճախ է հրաժարվում իր պայմանավորվածություններից։ Նույնիսկ հրապարակային հայտարարել է, որ հրաժարվելու է և վարչապետի պաշտոնում չի առաջադրվելու, բայց, ինչպես միշտ տեղի է ունենում, նա խախտում է իր խոսքը։ Իր խոսքին Սերժ Սարգսյանն ամենաանլուրջն է վերաբերվում։
– Հնարավո՞ր են ֆորսմաժորային իրավիճակներ, թեկուզ՝ առողջական խնդիրների պատճառով, կամ այլ։
– Միանշանակ կարող է։ Սերժ Սարգսյանն ինքն ավելի շատ սովետական սցենարով է իրեն պատկերացնում, «գենսեկի» դիրքում, որ մարդը պաշտոնից հեռանում է ոչ թե իր կամքով, այլ մահկանացուն կնքում է պաշտոնում և հեռանում պաշտոնից՝ կյանքից հեռանալու պատճառով։ Եվ այդ ճանապարհին նա դրան պատրաստ է, նույնիսկ կարող ենք ասել, որ 2008-ից կամ 90-ականներից պատրաստվում էր ինչ-որ մի պահի բարձրագույն պաշտոն զբաղեցնել և հետո մինչև կյանքի վերջ մնալ այդ պաշտոնում։ Բայց, ինչպես փորձն է ցույց տալիս, կարող է խնդիր լինել։
Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը մտածում է, որ ինքն իր բնույթով եզակի քաղաքական գործիչ է, բայց մեծ հաշվով՝ նա միջին վիճակագրական դիկտատոր է, որը ցանկություն ունի իր իշխանությունը երկարաձգելու, բայց օբյեկտիվ պատճառներ կան, որ կարող են սահմանափակել դա, մեկը՝ իր առողջությունը, մյուսը՝ Կարեն Կարապետյանն ու ռուսական օլիգարխիկ թևը, որը կարող է կոնֆլիկտներ ստեղծել։ Մինչև այժմ նրանք ցույց չեն տվել, որ պատրաստ են ինչ-որ կոնֆլիկտի, դա ավելի շատ երևի ապրիլին մոտ բացահայտ կդառնա։
– Այսինքն՝ ապրիլին անակնկալներ սպասո՞ւմ եք։
– Ընդհանուր համակարգը դեռ կայուն է, բայց միշտ էլ անակնկալներ հնարավոր են, որովհետև կա առողջականից սկսած՝ մինչև մարդկային գործոնը։ Որովհետև Կարեն Կարապետյանն ու մյուսները դեռ հույս ունեն, որ Սերժ Սարգսյանն իր որոշումը կփոխի և իրենց պայմանավորվածությունների շրջանակներում կմնա, և Կարեն Կարապետյանը կարող է դառնալ վարչապետ։ Բայց եթե վերջնական որոշում լինի, կարող է՝ իրենք էլ որոշ քայլերի դիմեն։