«ԱՄՆ-ը չի կարող արգելել Հայաստանին և Ադրբեջանին՝ զենք գնել Ռուսաստանից. դա ինքնիշխան որոշում է». Ռազմական փորձագետ

«ԱՄՆ-ի այս քաղաքականության նպատակը, որի թիրախը ռուսական ռազմաարդյունաբերական համալիրն է, հենց այս համալիրի հնարավորությունները սահմանափակելն է, Ռուսաստանին զենքի շուկայից դուրս մղելը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ամերիկյան նոր հակառուսական պատժամիջոցներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ծրագրել է այս ամիս նոր պատժամիջոցներ հայտարարել Ռուսաստանի դեմ, որոնք առաջին գլոբալ ֆինանսական պատժամիջոցներն են լինելու Ռուսաստանի դեմ և կարող են լրջագույն հետևանքներ թողնել ռուսական տնտեսության վրա: Սակայն հետաքրքրականն այն է, որ նոր հակառուսական պատժամիջոցներն ունենալու են նաև ռազմական բաղադրիչ, քանի որ ուղղվելու են շուրջ մեկ տասնյակ պաշտպանական ձեռնարկությունների դեմ: Բացի այդ, դեկտեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել ռուսական մի շարք ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ: Ռուս և ամերիկացի քաղաքագետները չեն բացառում, որ ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ պատժամիջոցների շարքն ընդլայնվի:

Նշենք նաև, որ Ամերիկայի Արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկն օրերս նշել է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից. «Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»: Բլանկի խոսքով, թեև հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողները, այդ թվում և՝ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել. «Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:

Ռազմական փորձագետ Եվսեևն ասաց, որ ԱՄՆ-ի այս նոր քաղաքականության նպատակը, որի թիրախը ռուսական ռազմաարդյունաբերական համալիրն է, հենց այս համալիրի հնարավորությունները սահմանափակելն է, Ռուսաստանին զենքի շուկայից դուրս մղելը, այդ շուկայում անմրցակցային գերակա դիրքեր հաստատելը և Ռուսաստանին խոշոր տնտեսական վնաս հասցնելը, քանի որ Ռուսաստանն այս ոլորտից մեծ միջոցներ է ստանում: Նա նշեց, որ դեռ պետք է սպասել և տեսնել, թե որ ընկերություններն են հայտնվելու պատժամիջոցների ցանկում, և ինչ մասշտաբի ընկերություններ են լինելու և ինչպիսի սահմանափակումներ: Նրա համոզմամբ՝ դրանք միանշանակ կունենան իրենց բացասական հետևանքները: Եվսեևն ասաց, որ չի բացառվում այս պատժամիջոցների ետևում մեծ քաղաքականություն է թաքնված, որում կարող ենք համոզվել միայն պատժամիջոցների ցանկը տեսնելուց հետո:

«Այս պատժամիջոցները վերաբերելու են ռուսական ընկերություններին, երրորդ երկրները դրա հետ առնչություն չունեն: Քիչ հավանական եմ համարում, որպեսզի ԱՄՆ-ը ռուսական պետական ընկերության դեմ պատժամիջոցներ սահմանի, որից Հայաստանը գնումներ է անում, բայց նույնիսկ այդ դեպքում սահմանափակումները վերաբերելու են այդ ընկերությանը, և ոչ՝ երրորդ երկրներին: Երրորդ երկրներն իրենք են որոշում իրենց քաղաքականությունը, իրենց ինքնիշխան որոշումներն են կայացնում, որոնց հետ երրորդ կողմերը կապ չունեն: Չեմ պատկերացնում, թե ինչպես ԱՄՆ-ը կարող է արգելել ռուսական զենքի մուտքը Հարավային Կովկաս: Հայաստանն ու Ադրբեջանն իրենք են որոշում՝ որ երկրից ինչ զենք ձեռք բերել, ուստի ամերիկացի փորձագետների կարծիքներն անձնական դատողություններ են և իրատեսական չեն կարող դառնալ, քանի որ չկա եղանակ՝ ազդել երկրների՝ զենք գնելու որոշումների վրա»,- ասաց Եվսեևը:

Տեսանյութեր

Լրահոս