«2018թ. կսառեցվի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև՝ իրավիճակը շփման գծում». Ալեքսանդր Ռար

«2017թ. Հայաստանն ունեցել է արտաքին քաղաքական ձեռքբերումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ խոսելով 2017 թվականի քաղաքական տարվա ձեռքբերումներից, անհաջողություններից և հաջորդ տարվա սպասելիքներից:

Ալեքսանդր Ռարի խոսքով՝ հաշվի առնելով 2016 թվականին արձանագրված դեպքերը Ղարաբաղում, ձեռքբերում կարելի է համարել այն, որ 2017 թվականին իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում դուրս չեկավ վերահսկողությունից:

Ըստ նրա՝ ձեռքբերում է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը Ժնևում, որի ժամանակ նախագահները քննարկեցին կարգավորման հեռանկարները:

«Կարգավորման ընթացքում եղել են այնպիսի տարիներ, երբ միջնորդներին չի հաջողվել կազմակերպել նախագահական հանդիպում, թեև այս հանդիպումները բեկումներ չեն մտցնում կարգավորման գործընթացում: Սակայն դրանք կարևոր են շփման գծում կայունության համար»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ միանշանակ դիվանագիտական հաղթանակ էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման պատրանք ստեղծեց:

«Իրականում, սակայն, Հայաստանը վաղուց է կատարել իր աշխարհաքաղաքական ընտրությունը՝ միանալով Եվրասիական տնտեսական միությանը: Իսկ ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագիրը չի ենթադրում ասոցիացում, առավել ևս, դա աշխարհաքաղաքական ընտրություն չէ, դրանով Եվրամիությունը փորձեց պահպանել Արևելյան գործընկերություն ծրագիրը, որն ըստ էության այլևս գոյություն չունի այն տեսքով, ինչ ստեղծվել է տարիներ առաջ, փոխվել են նաև այդ ծրագրի նպատակները»,- ասաց Ալեքսանդր Ռարը:

Վերջինիս կարծիքով՝ 2018թ. ընթացքում կշարունակվի այս համաձայնագրի վավերացումը: «Կարծում եմ` խնդիրներ չեն լինի այդ առումով»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության կարգավորմանը, ապա, նրա խոսքով՝ 2017թ. ոչնչով չառանձնացավ: Գերմանացի քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ հաջորդը ևս խոստումնալից չէ, քանի դեռ չկա ավելի լուրջ ու ազդեցիկ քաղաքական հարթակ, որի միջոցով կկարգավորվի այս հակամարտությունը: Իմ համոզմամբ՝ 2018թ. ևս կարգավորման բանակցությունները կշարունակվեն նույն տեմպով, ինչ 2017թ., ինչը որևէ բեկում չի մտցնի գործընթացում: Ավելին՝ 2018թ. ընտրություններ են սպասվում հակամարտող երկրներում, ապա Ռուսաստանում, որը կսառեցնի հակամարտության կարգավորման գործընթացը, ինչպես նաև՝ իրավիճակը շփման գծում»,- ասաց Ռարը:

Տեսանյութեր

Լրահոս