Յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար հիվանդություն ստեղծում. Հոգեբան Վալերի Սինելնիկով
Հոգեբան Վալերի Սինելնիկովի 20 մտքերը
1. Ես խորապես հավատում եմ այն բանին, որ կարելի է մարդու ճակատագիրը փոխել միմիայն այն դեպքում, եթե մարդն ինքն է դառնում իր ճակատագրի տերը: Իսկ դրա համար նախ և առաջ նա պետք է իր վրա վերցնի սեփական մտքերի համար պատասխանատվությունը:
2. Մեր աշխարհը մեր սեփական մտքերի արտացոլանքն է: Այն ամենը, ինչ մենք ունենք մեր կյանքում, մենք ինքներս ենք ստեղծում:
3. Հարաբերությունները կյանքի նպատակ և իմաստ չեն, այլ զուտ լիարժեք կյանքի միջոց:
4. Ստացվում է, որ աշխարհում ամեն ինչ՝ մեր մարմնի վիճակը, հոգեկան և ֆիզիկական առողջությունը, ընտանիքում, մարդկանց և շրջապատող աշխարհի հետ հարաբերությունները, աշխատանքը, ֆինանսական վիճակը, մեր մտքերի, զգացմունքների և էմոցիաների փոխակերպումն են իրականության մեջ:
Այստեղից էլ ծնվում է իր պարզությամբ հանճարեղ մի ձևակերպում՝ մենք բոլորս ապրում ենք ներդաշնակ, արդար և մաքուր աշխարհում, ուր յուրաքանչյուրին տրվում է իր մտքերին համապատասխան: Նույնիսկ Աստվածաշնչում է ասվում, որ յուրաքանչյուրին տրվում է իր հավատի չափ: Իրականում դուք կյանքում ստանում եք այն, ինչին հավատում եք:
5. Շփման միակ նպատակն արարումն է:
6. Եթե դուք ուզում եք ապրել մաքուր և հիասքանչ աշխարհում, սկսեք մաքրվել ինքներդ:
7. Հիացեք: Հիացեք մարդկանցով, շրջապատող աշխարհով: Հիշեք, որ միայն դուք չեք բացառիկ. Բացառիկ կարող են լինել նաև ուրիշները:
8. Եթե ես ուզում եմ, որ իմ երեխաները երջանիկ լինեն, ես ինքս պետք է երջանիկ մարդ դառնամ:
9. Պետք է սովորել ոչ միայն նվիրել, այլև նվերներ ընդունել: Մեզ շրջապատող աշխարհը կենտրոնացած է մեզ վրա, մեր մտքերի և ցանկությունների վրա: Յուրաքանչյուր պահի նա շտապում է օգնել մեզ: Բայց մենք առօրյա կյանքի խառնաշփոթի մեջ կամ չենք նկատում այդ օգնությունը, կամ հրաժարվում ենք դրանից:
10. Յուրաքանչյուր մարդ ինքն է իր համար հիվանդություն ստեղծում:
11. Պետք է ապրել ու մղվել դեպի սեփական նպատակները: Մեր ունեցած գլխավոր գործիքներից մեկը մեր բանականությունն է, և մենք այն օգտագործում ենք մեր աշխարհը ստեղծելու համար: Անհրաժեշտ է այն զարգացնել: Բայց կա նաև հոգին, որի մասին հաճախ մոռանում են: Եվ նրա մեջ ներդրում պետք է կատարել, հարստացնել մաքուր, ոգևորող զգացմունքներով:
12. Շատ մարդիկ ընդհանրապես հայրենիք չունեն: Դա տարօրինակ է հնչում, բայց փաստ է: Ինչ-որ մեկը կարող է հայտարարել, որ, քանի որ ծնվել է, ասենք, Ռուսաստանում կամ Ուկրաինայում, ուրեմն իր հայրենիքը դրանք են: Սակայն դա սոսկ պատրանք է:
Այն, որ դուք ծնվել եք ինչ-որ մի երկրում կամ ունեք համապատասխան քաղաքացիություն և անձնագիր, դեռ չի նշանակում, որ դուք հայրենիք ունեք: Հայրենիքը կոնկրետ տեղ է: Եվ այդ տեղը պարտադիր պետք է Երկրի վրա լինի:
13. Մեր մտադրությունները չպետք է սահմանափակվեն միայն ինչ-որ նյութական արժեքներով՝ տներով, բնակարաններով, մեքենաներով: Դա կարող են լինել նոր հարաբերություններ կամ ինչ-որ արժեքավոր ներքին որակ: Լավ է, երբ մեզ կյանքում հետաքրքրում է բացարձակապես ամեն ինչ:
14. Մարդկանց հանդեպ խղճահարությունն անպայման առաջացնում է նրանց հակադարձ ագրեսիվությունը: Չէ՞ որ խղճահարությունն ագրեսիվ զգացմունք է:
15. Կյանքում ձեզ հանդիպած յուրաքանչյուր մարդ ձեզ համար բերում է շատ կարևոր ինֆորմացիա, անկեղծություն:
16. Պետք է շարժվել այն ուղղությամբ, ինչ ուզում եք, այլ ոչ թե փախչեք նրանից, ինչ ձեզ դուր չի գալիս: Այլապես ինչպե՞ս կարելի է շարժվել ինչ-որ բանի ուղղությամբ, եթե չգիտեք՝ դա ինչ է: Եթե դուք չգիտեք, թե ուր գնաք, երբեք այնտեղ չեք ընկնի:
17. Ենթագիտակցության մեջ պահպանվում է Տիեզերքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության մասին ինֆորմացիա: Դա նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրն արդեն իսկ ամեն ինչ գիտի: Պատկերացրեք օրգանիզմի մեկ բջիջը: Այն չի կարող տեսնել ողջ օրգանիզմը, բայց նրա մեջ պարունակվում է ողջ օրգանիզմի մասին ինֆորմացիա:
Այն կոդավորված է գենետիկ մակարդակում: Մարդն ինքն էլ Տիեզերքի նմանատիպ բջիջ է: Նրա ենթագիտակցության մեջ պահպանված է Տիեզերքի անցյալի, ներկայի և ապագայի մասին ողջ ինֆորմացիան: Այդ օրենքով բացատրվում են շատ ֆենոմեններ՝ պայծառատեսությունն ու գուշակությունը, օրինակ, կամ մտքերը կարդալու և դրանք տարածության վրա փոխանցելու ֆենոմենը:
Յուրաքանչյուր մարդ իր մեջ կարող է բացահայտել ու զարգացնել այդ ունակությունները: Անհրաժեշտ է միայն մտքերի ու մտադրությունների մաքրություն:
18. Ընդհանրապես ես նկատել եմ, որ սննդի հարցերը մարդկանց մոտ հարուցում են զգացմունքների փոթորիկ: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սնունդը հանդիսանում է հաճույք ստանալու, վայելքի աղբյուրներից մեկը, և երբ, օրինակ, ասում են, որ չի կարելի միս ուտել, ալկոհոլ օգտագործել կամ ծխել, ապա մարդկանց մոտ զգացողություն է առաջանում, որ իրենցից խլում են ամենաարժեքավորը:
19. Որտեղ միտքն է, այնտեղ էլ էներգիան է: Որտեղ էներգիան է, այնտեղ էլ արյունն է: Իսկ արյունը հոգու նյութական փոխակերպումն է:
20. Փողն ու իրերը վա՞տ բան են: Իհա՛րկե ոչ: Սակայն փողի ու իրերի համար աշխատանքը վատ է: Մի՞թե դա կյանք է: Դա արդեն կյանք չէ, այլ գոյատևում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը