Ինչ է կատարվում Իրանում, և ինչպես իշխանությունը պետք է վերացնի ժողովրդական ընդվզումը
Իրանում շարունակվում են վերջին ութ տարիներին Իրանում ծավալված ամենազանգվածային ցույցերը: Բողոքի լայնածավալ ակցիաները, ինչպես հայտնի է, սկսվեցին նախորդ շաբաթ Իրանի մեծությամբ երկրորդ Մեշհեդ քաղաքում, որտեղ մարդիկ բողոքում էին հիմնական ապրանքների գների, մասնավորապես՝ ձվի գնի կրկնակի բարձրացման դեմ:
Այնուհետև ցույցերը տարածվեցին ևս 50 մեծ ու փոքր քաղաքներով, այդ թվում Թեհրանով` ստանալով քաղաքական երանգ: Ի սկզբանե ոստիկանությունը զսպվածություն էր ցուցաբերում, սակայն ցույցի ընդլայնմանը զուգահեռ՝ արձագանքն ավելի կոշտ դարձավ, ուստի ամենամեծ բողոքի ցույցի ընթացքում, որը տեղի է ունեցել Մեշհեդ քաղաքում, ձերբակալվել է 52 մարդ: Այժմ ցուցարարները բացահայտ պահանջում են Իրանի հոգևոր ու քաղաքական իշխանության հրաժարականը, իսկ իշխանությունները ցույցերի հրահրման ու կազմակերպման մեջ մեղադրում են ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Սաուդյան Արաբիային: Դեկտեմբերի 28-ից շարունակվող հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է 21 մարդ և ձերբակալվել ավելի քան 450 մարդ:
Վերջին անգամ Իրանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել 2009-ին, երբ տասնյակ հազարավոր իրանցիներ դուրս էին եկել փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով Իրանի արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի՝ ընտրություններում վիճելի հաղթանակի հետ:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին Իրանում ստեղծված իրավիճակը բազմաշերտ և բարդ որակեց՝ հաշվի առնելով նաև այս ակցիաների բազմամարդ բնույթը: Ըստ նրա, տարբեր վարկածներ, պատճառներ են շրջանառվում, ի սկզբանե թվում էր, թե այս ակցիաները զուտ կենցաղային բնույթ են կրում, կարծես փողոց է դուրս եկել Իրանի ամենաաղքատ շերտը:
«Սակայն այս թանկացումները միայն կայծ կարելի է համարել, որով հասարակությունը սկսեց բարձրաձայնել այն բոլոր բողոքները, որոնք ուներ Ռուհանիի վարչակազմից: Իսկ Ռուհանիից սպասելիքները մեծ էին, քանի որ նա արտաքին քաղաքական մեծ նվաճում ունեցավ, միջուկային համաձայնությանն Իրանի ժողովուրդը սպասել էր շատ երկար, համաձայնագրի կնքումից հետո ժողովուրդը սպասում էր տեսնել մեծ բարեփոխումներ, լավ կյանք, լավ տնտեսություն, և այլն, և այլն: Իսկ այս թանկացումները ժողովրդին ավելի խորը մտածելու առիթ տվեցին, հասարակությունը տեսավ, որ երկրում ոչինչ չի փոխվել դեպի դրականը, նույնիսկ կան ոլորտներ, որտեղ հակառակ ընթացքն է շարունակվել:
Միջուկային գործարքից հետո երկրի ձեռք բերած գումարներն ուղղվել են այլ ոլորտների: Հասարակությունը դժգոհում է Իրանի արտաքին քաղաքականությունից, քանի որ իշխանությունների ողջ ուշադրությունը, հետևաբար՝ նաև երկրի ռեսուրսների մեծ մասն ուղղվում է արտաքին քաղաքականության իրացմանը: Ընդհանուր առմամբ հասարակությանը սա է անհանգստացնում»,- նման մանրամասներ հայտնեց մեր զրուցակիցը: Իրանցի քաղաքագետի համոզմամբ՝ ցուցարարների նախնական պահանջներն արդար էին:
Ներկայումս, ըստ նրա, շատ ավելի արմատական պահանջներ են հնչեցվում հրապարակներից, քանի որ ոստիկանությունը որոշ հատվածներում ուժ է կիրառել երկրի քաղաքական առաջնորդի հորդորով:
«Ռուհանին հայտարարել էր, որ չի հանդուրժի անկարգություններ: Ցույցերի զարգացումը տեղի ունեցավ դասական սցենարով, հիմա դրվել են քաղաքական պահանջներ, ինչպես միշտ է պատահում: Իշխանությունը դեռ կարողանում է իր վերահսկողության տակ պահել իրավիճակը, ինչը շատ կարևոր է, որովհետև փողոց են դուրս եկել ոչ թե մի քանի հարյուր, այլ միլիոնավոր քաղաքացիներ: Անվերահսկելի իրավիճակը լուրջ վտանգ կարող է իրենից ներկայացնել երկրի և անկայուն տարածաշրջանի համար, հատկապես, երբ Իրանն իսկապես ունի թշնամիներ»,- ասաց Սալամին:
Վերջինիս համոզմամբ՝ իշխանություններն այս ցույցերի մեղքը դնում են արտաքին դերակատարների վրա:
«Սակայն նույնիսկ այս դեպքում իշխանությունը պետք է փորձի վերացնել այն բոլոր լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք դարձան այս ցույցերի պատճառը: Իշխանությունը պետք է հասարակությանն ընդառաջ գնա: Հայտնի է, որ արտաքին դերակատարներն օգտվում են ներքին պատճառներից, իսկ այդ պատճառները կան, դրանք լուրջ են և շատ: Պետք է փորձել կենտրոնանալ այդ խնդիրների վրա, հասարակության գլխավոր պահանջը դա է»,- ասաց Ալի Սալամին:
Նրա համոզմամբ՝ այս ցույցերի նախաձեռնությունը չի եկել դրսից, բայց ինչ-որ պահի դրան սկսեցին նպաստել որոշ կենտրոններ: «Ես արտաքին բաղադրիչի վրա կենտրոնանալ չեմ ցանկանում, քանի որ Իրանում կան լուրջ խնդիրներ, որոնք, անկախ ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, և այլն՝ պետք է լուծվեն»,- ասաց Սալամին:
Վերջինս չի ցանկանում կանխատեսել, թե ինչպիսի ելք կունենան այս ցույցերը: «Ես ասացի, թե ինչպես եմ տեսնում ելքը, բայց այս պահին հիմքեր չկան պնդելու, թե ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, քանի որ իշխանությունը` նախարարները, դեռ միայն սպառնում են: Ինձ համար կարևոր է, որ իշխանությունները բարձրաձայնում են, որ այս ցույցերն ունեն առաջին հերթին՝ ներքին պատճառներ: Թող սա իշխանության համար բարեփոխումների գործընթաց սկսելու խթան դառնա: Հուսով եմ՝ այդպես էլ պետք է լինի»,- ասաց Սալամին:
Հարցին, թե ինչպես կանդրադառնա այս ընդվզումը հայ-իրանական հարաբերությունների վրա, Ալի Սալամին պատասխանեց, որ ազդեցության մասին չափազանց վաղ է խոսել, քանի որ հույսեր կան, որ այս ընդվզումը երկար չի շարունակվելու:
«Բնականաբար, եթե երկար շարունակվի, երկիրը կաթվածահար իրավիճակում է լինելու այդ փուլում, արտաքին քաղաքականությունը դրանից մեծ չափով տուժելու է, իսկ եթե իրավիճակը դրական լուծում ստանա, կառուցողական կլինի նաև արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ հայ-իրանական հարաբերությունները»,- ասաց Սալամին: