«Կոռուպցիայի մասով այս կառավարությանը չհաջողվեց էական քայլ անել». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ տնտեսական առումով 2017թ. որակաապես տարբերվում է 2016 թվականից.

«Ցուցանիշների մակրոտնտեսական շրջանակը վերընթաց է գրանցել, տնտեսական ակտիվությունն այս 11 ամիսների տվյալներով կազմել է 7.3%, և, եթե ամփոփենք այս 12 ամիսների տվյալներով՝ իհարկե, կիջնի այդ թիվը, հնարավոր է՝ 5.5-6 տոկոսի սահմաններում տնտեսական աճ, որն իսկապես առաջընթաց է, բայց ի՞նչ կա այդ աճի ետևում։

Մեծ մասամբ բարենպաստ արտաքին ազդակներն են աշխատել՝ պղնձի աննախադեպ բարձր գինը՝ նախորդ տարիների հետ համեմատությամբ, Ռուսաստանի շուկայի կոնյունկտուրայի դրական փոփոխությունները, որը նպաստել է արտահանումների աճին, և որոշ ներդրումային աշխուժությունը տնտեսության ներքին հատվածում։ Բայց, եթե տնտեսական իմաստով ենք խոսում, այդ մի թիվը խիստ անբավարար է»։

Նա ասաց, որ առնվազն 3 ցուցանիշ պետք է համադրել. «Դրանցից մեկը զբաղվածության մակարդակն է. գործազրկության մակարդակը չի նվազել, սա արդեն ահազանգ է։ Երկրորդ՝ գնաճային թույլ, կարելի է ասել՝ դեֆլյացիոնին մոտ իրավիճակ է, որը նույնպես բացասական ազդակ է այն իմաստով, որ ներդրողը ձեռնպահ է մնում իր ներդրումներից, որովհետև գնային ֆոնը ներդրողի տեսանկյունից բավարար չէ, սպառողին է ձեռնտու, որ գները լինեն կայուն կամ նվազեն։ Ներդրումների խոստումներ եղան, բայց ներդրողը համեմատությունների մեջ է կողմնորոշվում՝ հարևան երկրում ինչպիսին է իրավիճակը, տարածաշրջանում ինչպիսին է, ռիսկերն ինչպիսին են, և այս իմաստով՝ այդ խոստումների 30-35 տոկոսն է իրականացվել»։

Ինչ վերաբերում է 2018 թվականին, տնտեսագետն ասաց, որ քաղաքական համակարգը վերջապես պետք է կայունանա. «Այս կառավարությունն արդեն 1.5 տարի  աշխատում է անկայուն, բարձր ռիսկերի պայմաններում։ Ի վերջո, պետք է ապրիլի հետ կապված որոշակիություն լինի։ Այդ պայմաններում արդեն ներդրումային հոսքերն իսկապես իրական կդառնան։ Երկրորդ մարտահրավերը կոռուպցիան է, որի մասով այս կառավարությանը չհաջողվեց էական քայլ անել։ Կոռուպցիոն համակարգը շարունակում է նույն վիճակով իր խրախճանքը։ Վերջապես, պետք է տնտեսական այս ձեռքբերումները դարձնել զարգացման թրենդ և բաշխել բնակչության բոլոր շերտերին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս