Անուրախ տարեդարձ

Աննկատ մոտեցավ Եվրասիական տնտեսական միության անդամակցման երրորդ տարեդարձը: 2013-ին, երբ մեր իշխանությունները «կտրուկ ու անսպասելի» ստորագրեցին այդ միությանն անդամակցելու փաստաթղթերը, մեզ բոլորիս մեծ-մեծ խոստումներ տվեցին:

Ժամանակն անցավ, ու պոետի բառերով ասած՝ «Վեհ գաղափարի անհաղթ փոթորիկն էլ չի աղմկում»: Փորձագիտական տվյալներով՝ Հայաստանից տարեկան 100 հազարից ավելի մարդ արտագնա աշխատանքի է մեկնում: Հիմնականում՝ Ռուսաստան: Արտերկրից ստացվող տրանսֆերտների ու արտագնա աշխատանքից ստացվող վարձատրության 80-85 տոկոսն էլ է ստացվում ՌԴ-ից:

Մինչ Եվրասիական միությանն անդամակցելը 2013թ. Հայաստան տրանսֆերտների հոսքը ռեկորդային ցուցանիշ ապահովեց` 2 մլրդ 302 մլն դոլար: Այս ցուցանիշը հաշվարկելով՝ Համաշխարհային բանկը հայտարարեց, որ Հայաստանն աշխարհում 7-րդ տեղում է այն երկրների ցանկում, որոնց տնտեսության վրա տրանսֆերտներն էական ազդեցություն ունեն:

Նույն ՀԲ-ի հաշվարկով՝ 2015-ին մեր ՀՆԱ-ի 21 տոկոսը ձևավորվում էր տրանսֆերտների շնորհիվ: Բայց ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով տրանսֆերտները կտրուկ նվազել են: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարիներին (2009-2011թթ.) արտասահմանից եկող գումարները նվազեցին տարեկան մինչև 1,6 մլրդ դոլարի սահմանագիծ: Հետո դրանք աճեցին, բայց 2016-ին գրանցվեց ռեկորդային փոքր թիվ` 1 մլրդ 533 դոլար:

Եվրամիության ջատագովների բացատրությամբ՝ պատճառը ռուսական տնտեսության կրճատումն է, ոչ թե նոր ու անկատար միության անդամ երկրների տնտեսական հակասությունները: Ավելին, մայիսի վերջին մեր ԿԲ-ն հայտարարեց, որ ռուսաստանյան տնտեսության կայունացումը հնարավորություն է տալիս ենթադրել, որ արտագնա աշխատանքի վարձատրությունն ու տրանսֆերտները 2017-ին սպասվածից ավելի են լինելու: Տարեսկզբին հաշվարկվել էր, որ ՀՆԱ-ում տրանսֆերտների ծավալը կազմելու է 9,4 տոկոս: Մայիսի վերջին ԿԲ-ն վերանայեց այս ցուցանիշը՝ ենթադրելով, որ այն կկազմի 10,3 տոկոս:

Այսինքն՝ չնայած այն փաստին, որ մեր կառավարությունն անդադար խոսում է տնտեսության նոր ու ավանդական ճյուղերի զարգացման մասին, մեր հույսն իրականում դրսում աշխատած փողերն են:

Նման կարծիք ունեցողները բոլորիս ուշադրությունն են հրավիրում այն փաստի վրա, որ կառավարությունն օրենսդրական նախաձեռնությամբ փորձեց փոխել ՀՆԱ/Պետական պարտք 60 տոկոսանոց արգելքի շեմը: Բացահայտ ի ցույց դնելով արտաքին պարտքի նոր չափաբաժին ներգրավելու ծրագիրը: Հնարավոր է, որ Եվրամիության հետ նոր ստորագրած համաձայնագիրը մեր իշխանություններին հնարավորություն կտա ֆինանսական աղբյուրներ որոնել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական միության կառույցներում ու երկրներում: Ավելին, հնարավոր է, որ երկու միություններում էլ հաջողեն:

Հաջողեն ու նոր պարտքեր բերեն: Պարզապես անհասկանալի է, թե ինչու և ինչ նպատակների ու ծրագրերի իրագործմանն են ուղղորդվելու դրանք: Կառավարությունը, արդեն մեկ տարուց ավելի է՝ չի խոսում նոր ծրագրերի փնտրտուքի կամ նախկին ծրագրի իրագործման մասին: Մեր տնտեսական կյանքը շարունակում է հարահոսով: Հարահոսով, որի կառավարումն ամենևին էլ մեզանից չէ կախված:

Այլ` Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններից: Իսկ դա մեր իշխանությունների քաղաքական կողմնորոշման հետևանքն է: Անկեղծ ասած, տարեմուտի վերջին հոդվածը գրելիս փորձեցի ռուսական կայքերում այդ երկրի տնտեսության մասին տվյալներ փնտրել: Ի վերջո, դրանք բավական սերտ կապված են մեր բարեկեցության ու տնտեսական կյանքի աշխուժացման հետ:

Հատկապես, որ ՌԴ իշխանությունները պաշտոնապես հայտարարում են, որ իրենց երկիրը դուրս է գալիս ստագնացիայից: Բայց բոլորովին այլ բնույթի տեղեկություն գտա: Դեկտեմբերի 27-ի առավոտյան մոսկովյան «Մենշևիկ» հրուշակեղենի ձեռնարկություն էին այցելել դատական հարկադիր կատարողներ: Պարզվում է, որ այդ ձեռնարկությունը վերջին երկու տարում վեց դատական պրոցեսի մեջ է ներքաշված եղել:

Անցած տարի մարտ ամսին ձեռնարկությունը սնանկ է ճանաչվել: Մարտ ամսին  ձեռնարկությունը շահել է հարկադիր կատարողների գործունեությունն անօրինական ճանաչելու հայցով դատը: Բայց երբ հարկադիր կատարողները ներկայացել են 3 մլն ռուբլի բռնագրավելու նպատակով՝ ձեռնարկության գործադիր տնօրենը բարիկադավորվել է ու հրազենային կրակ բացել: Կա առնվազն մեկ զոհ:

Սույն օրինակն առավել ցայտուն է դարձնում ռուսաստանյան մենեջմենթի պատկերն ու տրամաբանությունը: Այս մեթոդներով տնտեսական խնդիրներ կարգավորող մենենջմենթը չի կարող զարգացման ապագա ունենալ: Բայց նման տխուր մտահանգումներն ամենևին էլ սազական չեն տարեմուտի տոնական սպասումներին:

Տեսանյութեր

Լրահոս