Սերգեյ Ավետիսյանը՝ հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու մասին

«2018թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է։ Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին»,- այսօր իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

2017թ. կարևոր ձեռքբերումներից մեկը նա համարում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի նախաստորագրումը. «Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն։ Ավիաընկերությունների համար ստեղծվելու է կանխատեսելի միջավայր։ Հայաստանում ներդրվելու են քաղավիացիայի ոլորտի բոլոր այն ստանդարտները և կարգավորումները, որոնք ԵՄ երկրներում արդեն գործում են»։

Նա ասաց, որ հայկական կողմն այս պահին սպասում է եվրոպական կողմից արձագանքին. «Առաջիկայում այդ համաձայնագիրը կստորագրվի»։

Սերգեյ Ավետիսյանը կարևորեց նաև ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը հնարավորություն է ընձեռում մասնակցել մասնավոր օդաչուի պատրաստման դասընթացների և ստանալ Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կողմից սահմանված պահանջներին համապատասխանող մասնավոր օդաչուի վկայական (PPL). «Ծրագիրը բավական ամբիցիոզ է, որը պահանջված է լինելու Հայաստանում և Հայաստանից դուրս։ Արդեն իսկ ունեցել ենք ՌԴ-ից Հայաստան ժամանած առաջին ուսանողին, ունենք նաև հերթագրված ուսանողներ։ Գարնան ամիսներից բավական ակտիվ կսկսի այդ նախագիծը գործել»։

Լրագրողները հետաքրքրվեցին հայ-ռուսական համատեղ ավիաընկերություն ստեղծելու՝ ռուսական կողմի հայտարարության մասին։ «Սա առաջարկություն էր գործընկեր երկրի կողմից, որը կարող է հնչել ցանկացած այլ երկրի կամ ցանկացած այլ ներդրողի շուրթերից։ Մեզ համար սա, ըստ էության, արտաքին աղբյուրների հիման վրա մեր տնտեսության մեջ ներդրում անելու ցանկություն է, մասնավորապես՝ ավիացիոն ոլորտում, որին, իհարկե, մենք արձագանքում ենք դրական՝ հայտնելով մեր պատրաստակամությունը։ Այս պահի դրության այդ ուղղությամբ որևէ քայլ և զարգացում չի արվել՝ տարբեր պատճառներով։ Նմանատիպ ծրագրերը չեն իրականացվում մեկ կամ տասը օրվա ընթացքում»,- ի պատասխան՝ ասաց Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում SSJ 100-ի հիմքի վրա նոր ավիաընկերության ստեղծման հարցը քննարկվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը Մոսկվայում։

«Ես ուրախ եմ, որ մեր երկու երկրի վարչապետների հանդիպման նախաշեմին կա մի շարք հարցերի շուրջ մտքեր փոխանակելու նման հնարավորություն»,- նշել է ՌԴ արդյունաբերության նախարար Դենիս Մանտուրովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս