«Աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի հիմնավորումներն անհիմն են»

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամ, համակարգող Արթուր Խաչատուրյանը այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների  ներմուծման արգելք. փոփոխությունների դրդապատճառներն ու հնարավոր հետևանքները»  թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ որպես արգելքի հիմնավորում՝ սկզբում բերվում էր աջ ղեկով մեքենաների վտանգավորությունը, որը, ըստ նրա՝ ապացուցված չէ։

Ըստ Խաչատուրյանի՝ այս որոշումը պարզապես երթևեկությունը թեթևացնելու հեշտ ճանապարհ է. «Այսինքն՝ փորձում են ընդամենը արգելելով՝ թեթևացնել մեքենաների քանակը ու դրանով ասել, որ, տեսեք՝ գործ արեցինք, երթևեկությունը համեմատաբար թեթևացավ։ Բայց դա էլ արդյունք չի տալու, որովհետև դրա փոխարեն՝ ներկրվելու են ուրիշ մեքենաներ։ Այդ կարգով երթևեկության թեթևացման հարց չեն լուծում, դրան ավելի խելացի պետք է մոտենալ»։

Մյուս պատճառը, ըստ նրա՝ կարող է տնտեսական լինել, քանի որ, եթե կա ավելի մատչելի ու որակյալ մեքենա գնելու հնարավորություն, մարդիկ չեն ցանկանում ավտոսրահներից թանկ մեքենաներ գնել։ Արթուր Խաչատուրյանն առաջարկեց օրինագիծն ընդհանրապես հանել քննարկումից: Նա վրդովվեց. «Սա մի բան է նշանակում. ԵՏՄ-ից պարտադրանք է, որ ԵՏՄ-ի արտադրածը զոռով այստեղ իրացվի, որին համաձայն չեմ: Ռուսական արտադրության մեքենա երբեք չեմ գնելու: Եթե անգամ ՀՀ-ում համ ձախակողմյան, համ աջակողմյան ղեկով մեքենաներն արգելեն, ես չեմ պատրաստվում ռուսական մեքենա գնել»։

Քննարկման մասնակից, փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ մեքենայի աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելու համար համապատասխան արհեստանոցներ մոտ ապագայում չեն կարող կառուցվել, իսկ այն տեղափոխությունները, որ արդեն արվել են, ըստ նրա՝ եղել են գարաժային պայմաններում, ինչն անթույլատրելի է, ազդում է անվտանգության վրա.

«Մենք ուսումնասիրել ենք, ղեկային մեխանիզմը սահմանափակ է, խնդիրներ է առաջացնում։ Մեքենաներ կան, որոնք հենց գործարանային արտադրությամբ չեն կարող ձախ ղեկ ունենալ, այսինքն՝ այդ մեքենաների կարգավիճակն էլ օրենքով կարգավորված չի։ Սա անիրականանալի նախագիծ է։ Այսինքն՝ օրենքով պարտադրում են անօրինական միջոցներով տեղափոխություն անել։ Ղեկն ավելի լավ է մեքենայի հետևում լինի, քան աջից ձախ տեղափոխվի։

Կառավարությունն այն մակարդակի հիմնավորումներ է բերում, ոչ չգիտենք էլ՝ ինչ պատասխանենք»։

«Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանն էլ նկատեց՝ եթե անվտանգությունից են խոսում, ապա ինչո՞ւ են թույլ տալիս մինչև 2018թ. ապրիլի 1-ը ներմուծված մեքենաների շահագործում.

«Դա անվտանգության հարց չի լուծում։ Նախագծում հղում է տրված, թե սա կատարվում է ԵՏՄ շրջանակներում, որի անդամ պետություն է նաև ՌԴ-ն, բայց այնտեղ նման արգելք չկա։ Այսինքն՝ այդ հիմնավորումները լրիվ անհիմն են»։

Նա համաձայն է՝ աջ ղեկով մեքենաների դեպքում կան որոշակի անհարմարություններ՝ մեր երկրի երթևեկության կազմակերպման հետ կապված, բայց թե որքանով են դրանք վտանգ ստեղծում քաղաքացիների համար, պետք է պատկան մարմիններն ինչ-որ ձևով բացատրեն. «Ես կողմ կլինեմ, որ տաքսի ծառայությունների կողմից աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելվի, որովհետև հենց վարորդի կողքի ուղևորը, մեքենայից իջնելիս՝ երթևեկության գոտի է դուրս գալիս։

Այդ ժամանակ պետք է վարորդը շատ ուշադիր լինի։ Այսինքն՝ մեր երկրում միայն դա կարող է խնդիր լինել, բայց, որ դրա պատճառով բոլորին արգելենք, դա անհիմն եմ համարում։ Ինչ վերաբերում է սահմանադրական նորմերի ոտնահարմանը, ապա՝ այո, սահմանադրական մեծ խնդիրներ կան․ այդ գույքը պատկանում է քաղաքացուն, նա ցանկացած ձևով օտարելու և տնօրինելու իրավունք ունի, որը չի թույլատրվելու այս որոշումով։

Բացի այդ՝ Սահմանադրությամբ և Իրավական ակտերի մասին օրենքով հստակ սահմանված է, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն, որը վատթարացնող պայմաններ է, ստեղծում պետք է հետին ուժ չունենա։ Տվյալ դեպքում այստեղ վատթարացնող պայմաններ կան նախկին սեփականատերերի նկատմամբ, և իրենց համար ոչ մի արգելք չպետք է կիրառվի»։

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ ասաց. «Նախ՝ ձևակերպումը, որ՝ վտանգավոր է վարել աջ ղեկով մեքենա, փորձագիտական մակարդակով գոյություն չունի։ Մեքենա վարելն ինքնին վտանգավոր է։ Ձախ և աջ ղեկերի տարբերությունն ի հայտ է գալիս միայն վազանցի դեպքում։ Վազանց կատարելիս պետք է և՛ ձախ ղեկով որոշակի տարածություն պահպանել, և՛ աջ, միայն այդտեղ է տարբերությունը։ Մյուս դեպքերում որևէ տարբերություն չկա»։

Տեսանյութեր

Լրահոս