«Շփման գծում լարվածության աճը կամ նվազումը կախված են Ալիևի անձնական որոշումից». Արմեն Աշոտյան

ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Արցախի հիմնահարցի և սահմանային միջադեպերի մասին՝ արձանագրեց, որ 2017թ. առաջին կեսն ուղեկցվում էր լայնածավալ սահմանային միջադեպերով, սադրանքներով, մարդկային կորուստներով, սակայն 2017թ. երկրորդ կեսին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, ըստ նրա՝ որոշակի լարվածության թուլացում տեղի ունեցավ։

«Լարվածության անկումն արցախաադրբեջանական սահմանին հետևանք չէ ՄԽ համանախագահների կողմից առաջարկված և կողմերի կողմից ընդունված մոտեցումների, որոնք արտահայտվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, հետևանք չէ մոնիտորինգային ֆունկցիաների ընդլայնման, հետաքննության մեխանիզմների ներդրման, այսինքն՝ որևէ ինստիտուցիոնալ հիմքի հետևանք չէ։

Լարվածության անկումը կամ թուլացումը կարող ենք կապել բացառապես Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ։ Հետևաբար, եթե նման տեսակի լարվածության թուլացումը կարող է լինել անձնական որոշման հետևանք, ապա, ցավոք, կարող է լինել նաև սրացում՝ այդ անձնական որոշման պատճառով, ինչի ականատեսը շատ ենք լինում»,- ասաց Աշոտյանը՝ կարևորելով Արցախում խաղաղության պահպանման համար և միջադեպերի հետաքննության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը։

«Բարի կամքը կարևոր է, բայց դա պետք է լինի ավելին, քան տեսանելի ժամանակահատվածում լարվածության թուլացումն է։ Բարի կամքը պետք է դրսևորվի նաև ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ։ Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից։ 2018-ի ընթացքում լավագույն ակնկալիքը, որ մենք կարող ենք ունենալ ՀՀ-ում և Արցախում՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումն է, վստահության մթնոլորտի ձևավորումը, բանակցային միջավայրի բարելավումը, և այս ընթացքում նաև բարձր մակարդակի կոնտակտները կարող են լինել էֆեկտիվ:

Սակայն ես մտածելակերպով բժիշկ եմ, կան նախանշաններ, ցանկացած հիվանդություն ինչ-որ նախանշաններից է սկսվում․ Արցախյան կարգավորման դրական նախանշան ես կսկսեմ համարել, երբ Իլհամ Ալիևն իր երկրի ներսում իր ներքին լսարանի համար ասի այն, տարածի, խոսի այն, ինչ ասվում է Մինսկի խմբի համանախագահների հանդիպումների և հայտարարությունների շրջանակներում:

Երբ չլինի անդունդ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արտաքին և ներքին օրակարգերի բառապաշարի և ուղերձների միջև, ես դա կհամարեմ լավ նշան: Դա կնշանակի, որ Ադրբեջանի ղեկավարությունը սկսում է կամաց-կամաց նախապատրաստել իր հասարակությանը խաղաղության»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելուն՝ Արմեն Աշոտյանն ասաց. «Մեր գերխնդիրն այն չէ, որ խաղադաշտ դուրս գա նոր խաղացող կամ միանա թիմին նոր խաղացող, գերխնդիրն այն է, որ թիմը հաղթի: Եթե թիմային հաղթանակի համար, որպես տակտիկական միջոց՝ պետք լինի նմանատիպ գործողությունների միջոցով պնդել այդ օրակարգը, դա տեղի կունենա: Եթե այդ օրակարգը չի լինելու միակ միջոցը, որով մենք կարող ենք հասնել թիմային հաղթանակի, ապա այդ ռազմավարական սխեման կարող ենք դեռ պահել:

Ակնհայտ է մի բան, որ չի կարող լինել կարգավորման որևէ վերջնական բանաձև, որի կապակցությամբ Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի չառնվի: Սա ակնհայտ է: Չի կարող լինել որոշում, որը հակասի Արցախի ժողովրդի ցանկությանը և այդ ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս