Գները՝ Ամանորից առաջ

Այս օրերին լրատվամիջոցներում ամենահիշատակվող թեման գներն են: Բոլորս էլ գիտենք, որ Ամանորից առաջ գները մեր երկրում բարձրանալու անզուսպ հակում ունեն: Հատկապես՝ սննդամթերքի գները:

Արդեն մեկ ամսից ավելի է, բոլորը (նույնիսկ քաղաքական գործիչներն ու իրենց այդպիսին համարողները) խոսում են կարագի և մսամթերքի թանկանալու մասին: Խոսում ու փորձում են բացատրություն գտնել: Հավանաբար նրանց օգնելու համար Ազգային վիճծառայությունը հրապարակել է սպառողական գների ինդեքսը: Այդ հրապարակումից պարզվում է, որ հասարակությունն իզուր է իրար անցել: Գնաճը Հայաստանում պաշտոնապես գտնվում է նախատեսվածի սահմաններում:

«Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2017թ. հունվար-նոյեմբեր» պաշտոնական հրապարակման մեջ նշվում է, որ գնաճն ընդամենը 2,2 տոկոս է կազմում: Հետևաբար՝ բոլորը կարող են հանգիստ շունչ քաշել ու ներքաշվել ամանորյա խրախճանքների նախատոնական հոգսերի մեջ: Եթե, իհարկե, հավատում են պաշտոնական տվյալներին, և ոչ թե՝ խանութների գնապիտակներին:

Եկեք արձանագրենք, որ մեր վիճակագիրները մասնագիտական հրաշքներ են գործել նման ցածր գնաճ արձանագրելու համար: Դա հեշտ գործ չէ: Տեսեք, պաշտոնապես 2,2 տոկոսանոց գնաճի պարագային մեր վիճակագիրներն ընդունում են, որ սննդամթերքի գները համարյա կրկնակի առաջանցիկ են: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատ՝ այս տարի սննդամթերքը գնաճ է ունեցել 4,2 տոկոսով:

Մի շտապեք անգութ պաշտոնյայի նման մեղադրել մեր վիճակագիրներին, թե թվերը չափազանցված են: Սննդամթերքի գնաճը 4,2-ի սահմանում արձանագրելն անհնարինության աստիճան բարդ երևույթ էր: Որովհետև մսամթերք ասվածը մեկ տարվա ընթացքում թանկացել է 9,7 տոկոսով: Կարագը, որ պաշտոնական վիճակագրության փաստաթղթերում ամփոփվում է «յուղեր, ճարպ» համեստ անվան տակ, հասցրել է թանկանալ 14.8 տոկոսով:

Հանրահայտ պատգամավորների ինքնաբուխ ելույթներից բոլորիս հայտնի դարձավ, որ աղքատներին մսի ու կարագի թանկացումը ոչնչով չի սպառնում: Որովհետև նրանք այդ սննդամթերքներից չեն օգտվում: Նրանց կերածը կարտոֆիլ ու այլ բանջարեղեն է: Սակայն պաշտոնապես հայտարարվում է, որ բանջարեղենը ևս անցած տարվա նույն ժամանակի համեմատ երկնիշ է թանկացել` 10,5 տոկոսով: Ի հեճուկս իշխող կուսակցության, կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել է 21,5 տոկոսով, իսկ ծաղկակաղամբը՝ 55,6 տոկոսով:

Հանրապետական պատգամավորները՝ խախտելով տրամաբանության բոլոր կանոնները, հարկավ, աղքատների սննդակարգի նոր առաջարկներ կմշակեն: (Տափակ ու անպատասխանատու բստրելու համար մեզանում ոչ մի պատգամավոր ու պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվել): Փոխարենը՝ չափազանց բարդացել էր պաշտոնական վիճակագիրների աշխատանքը: Նրանք համարյա օրենսդրական «պարտականություն» ունեն գնաճը որոշակի սահմաններում հաշվարկելու համար: Իսկ դա հեշտ չէ, եթե, օրինակ, հաշվի առնենք, որ ձուկն ու ծովամթերքը Հայաստանում թանկացել են 27 տոկոսով: Փորձեք ինքներդ այս պարագային ընդհանուր գնաճի 2,2 տոկոս ցուցանիշը հիմնավորել:

Բայց հաշվի առեք, որ կարագի համարյա 15 տոկոսանոց գնաճի կողքին պաշտոնապես ընդունվում է, որ կաթնամթերքը և պանիրը թանկացել է 3,1 տոկոսով: Այսինքն՝ կարագն ինքնուրույն է թանկացել՝ առաջանցիկ տեմպով ետ թողնելով իր բաղադրիչ կաթի թանկացումը: Նույնիսկ ամենաշատ սպառվող ու աղքատի սնունդ համարվող հավկիթն է միջին ցուցանիշից ավելի թանկացել:

Մոտ 5-6 տոկոսի չափով: Նրանց համար, ում անհասկանալի է, թե ինչի հաշվին է ի վերջո սպառողական գների միջին 2,2 տոկոսանոց ցուցանիշ արձանագրվել, ասենք`որոշ սննդամթերքների գնանկման:

Օրինակ՝ անցած տարի Հայաստանում խաղողի անասելի քանակ էր հասունացել: Մթերումների հարցում լուրջ բարդություններ կային: Իսկ այս տարի բերքը քիչ էր: Հետևաբար՝ գյուղացիները մայրուղիներ չփակեցին: Բայց ըստ Վիճվարչության՝ քիչ բերքի պարագային խաղողի գնանկում է եղել: Ընդհանուր գնանկում են արձանագրել մրգի հաշվարկով: Ճիշտ է, միրգ կոչվածն ընդամենը 0,7 տոկոս է էժանացել: Բայց դրան գումարեք նաև «շաքար և շաքարավազ» ապրանքախմբի 5,4 տոկոսանոց գնանկումը:

Այս դեպքում հնարավոր է՝ տեսականորեն կարողանաք ապացուցել, որ մեր իշխանությունների քրտնաջան, հայրենանվեր աշխատանքի շնորհիվ գնաճի հրեշին հնարավոր է եղել զսպել օրենքով նախատեսված միջակայքում: Եթե հավատացիք պաշտոնական վիճակագրությանը, ապա կարող եք ընկղմվել ամանորյա տոնական առևտրի հորձանուտ:

Տեսանյութեր

Լրահոս