Բաժիններ՝

Ճարպակալած լյարդի համար ոչ մի բուժում չկա

Կան միայն կանխարգելիչ կամ վիճակը հանգստացնող բուժումներ

– Ի՞նչ է լյարդի ճարպակալումը:

Պատասխանում է վիրաբույժ Դավիթ Պետրոսյանը:

«Լյարդը ամենակարեւոր օրգաններից է: Այն տարրալուծում է ճարպը, կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը, կարեւոր դեր է խաղում օրգանիզմում էնզիմների արտադրության եւ կարեւոր վիտամինների, հանքանյութերի եւ գլիկոգենի պահպանման գործում: Ոչ մի այլ օրգան չի կարող փոխարինել լյարդին: Ինչ էլ ուտենք կամ խմենք՝ անցնում է լյարդով: Ահա թե ինչու է այս օրգանն ամենաշատը տուժում մեր վնասակար սննդակարգի պատճառով:

Արյան բարձր ճնշումը, հոգնածությունը, խոլեստերինի բարձր մակարդակը միայն մի քանիսն են այն նշաններից, որոնք հուշում են, որ լյարդը գերծանրաբեռնված է, իսկ ճարպերի նյութափոխանակությունը՝ խախտված:
Փոքր քանակությամբ ճարպերը ոչ մի բացասական ազդեցություն չեն կարող ունենալ:

Մյուս կողմից, եթե ճարպերը կազմում են լյարդի ամբողջ քաշի 5-10%-ը, սա նշանակում է, որ առաջացել է սթեաթոզ. հիվանդություն, որն առավել հայտնի է որպես լյարդի ճարպակալում:

Այս հիվանդությունն հաճախ կոչվում է լուռ հիվանդություն, քանի որ դրա նախանշանները հազվադեպ են ակնհայտ դառնում: Շատ դեպքերում տարիներ են պահանջվում, մինչեւ կնկատեք ինչ-որ բան:

Եթե հիվանդությունը զարգանա, միայն այդ ժամանակ կնկատեք նախանշանները, օրինակ՝ թուլություն, ախորժակի կորուստ եւ կենտրոնացման խնդիրներ:

Հնարավոր է՝ որովայնի միջին եւ վերին հատվածներում ցավեր զգաք, կամ մաշկի վրա մուգ կետեր առաջանան, ինչպես նաեւ՝ լյարդը մեծանա:
Ճարպակալած լյարդի համար ոչ մի բուժում չկա: Կան միայն կանխարգելիչ կամ վիճակը հանգստացնող բուժումներ: Այս հիվանդության մասին իմանալուց հետո անմիջապես պետք է հրաժարվել ալկոհոլից: Ճարպակալությամբ տառապող մարդիկ պետք է ազատվեն ավելորդ կիլոգրամներից: Կանոնավոր վարժությունները, հստակ սննդակարգը կարող են լավացնել վիճակը:

Շատ կարեւոր է նաեւ նվազեցնել վերամշակված ուտելիքների օգտագործումը, որոնք պարունակում են կարբոհիդրատներ, օրինակ՝ սպիտակ հացը, կարտոֆիլը, շաքարը, հացահատիկը եւ տրանսյուղերը:

Ստիպված կլինեք նաեւ հրաժարվել այնպիսի կերակուրներից, որոնք պատրաստված են մարգարինով (սննդանյութ, ձեթերի ու կենդանական ճարպերի, կաթի, համեմունքների եւ այլ նյութերի խառնուրդ), կարագով կամ տարբեր ձիթայուղերով»:

asparez.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս