Բաժիններ՝

«Ի՞նչ փոխվեց այս 3 տարիների ընթացքում, կառավարությունը դադարե՞ց ուզել ազգաբնակչության բեռի թեթևացումը կամ տնտեսության զարգացումը». Իվետա Տոնոյան

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկվում են օրենսգրքի 109 հոդվածներում շուրջ 240 իրավական նորմերի փոփոխություններ և լրացումներ:

Նրա խոսքով՝ օրինագիծը լավացնող է, 99 տոկոսով բոլոր դրույթները ավելի ավ իրավիճակ են ստեղծելու հունվարի 1-ից: Նա նշեց, որ իրենք առաջարկում են, որ հստակեցվի այն նորմը, որ 2017 թվականի հունվարի 1-ից և 2018 թվականի հունվարի 1-ից համապատասխանաբար օտարերկրյա ֆիզիկական անձանց և ՀՀ քաղաքացիների կողմից ստացված այն շահաբաժիններն են ենթակա հարկման, որոնք 2017 թվականի հունվարի մեկից և 2018 թվականի հունվարի 1-ից հետո գործունեության արդյունքում շահույթի հաշվին են ստացվել.

«Մենք բացառում ենք այն մտահոգությունը, որ կարող է՝ նախորդ տարիներին կուտակված շահույթը հարկվել այս օրենսդրական փոփոխության արդյունքում»:

Փոխնախարարի խոսքով՝ Հարկային օրենսգրքում սահմանված է մի նորմ, որ, եթե յուրաքանչյուր տարվա հաջորդող հարկային տարվա մինչև հունիսի 30-ը ընկերության ընդհանուր ժողովի կողմից որոշում չի կայացվել շահաբաժնի բաշխման վերաբերյալ, ապա հունիսի 30-ի դրությամբ հարկման նպատակով կուտակված շահույթը համարվում է բաշխված՝ իր հարկային հետևանքներով.

«Մենք առաջարկում ենք հանել այդ իրավական նորմը, քանի որ մենք՝ որպես կառավարություն, գնահատում ենք, որ, այո, հնարավոր է՝ որոշ բաժնետերեր, իրենց եկամուտների օպտիմիզացիայի կամ խնայողության նկատառումներից ելնելով՝ փորձեն այս կամ այն ճանապարհով կուտակված շահույթն արտահանել Հայաստանից, և չհարկման ռիսկ կարող էր առաջանալ»:

Դ. Անանյանն ընդգծեց, որ առաջարկում են նաև հանել նվազագույն շահութահարկի գծով գերավճարների հաշվին մարելու համար տրված ժամանակային սահմանափակումը.

«Այսօր հարկ վճարողներին մենք ասում ենք, որ նվազագույն շահութահարկի գծով գերավճարները կարող են ուղղվել շահութահարկի գալիք ժամանակաշրջաններին առաջադրվող հարկային պարտավորությունների մարմանը»:

Դ. Անանյանը նաև նշեց, որ 2014-ին եկամտային հարկի վերաբերյալ իրականացված փոփոխությունները, որոնք նպատակ ունեին ստեղծել գնողունակ պահանջարկ շինարարության ոլորտում և ստեղծել սոցիալական բաղադրիչ, չեն արդարացրել իրենց.

«Մենք ուսումնասիրել ու պարզել ենք, որ սոցիալական բաղադրիչը չի գործել, և պետական բյուջեից եկամտային հարկի փոխհատուցումներն առավելապես նպաստել են հանրության գնողունակ զանգվածին լրացուցիչ անշարժ գույք ձեռք բերելու ֆինանսավորմանը»:

Փոխնախարարը նշեց, որ Հարկային օրենսգրքում կատարվում են այնպիսի փոփոխություններ, որոնք առաջնայնություն են տալիս սոցիալական բաղադրիչին.

«Այդ նպատակով կառավարությունը 3 սահմանափակում է առաջարկում՝ բազմաբնակարան շենքի կառուցապատողից, ինչպես նաև պետությունից ու համայնքից բնակարան ձեռք բերելու գործարքների առավելագույն շեմ է սահմանվում 55 մլն դրամը: Բնակարան ձեռք բերելու գործարքներում եկամտային հարկի հետ ստացման առավելագույն շեմ է սահմանվում եռամսյակի համար 1,5 մլն դրամը: 2018 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացին այս համակարգից կարող է օգտվել միայն մեկ անգամ՝ թե՛ վարկառու, և թե՛ համավարկառու հանդես գալու միջոցով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նկատեց, որ 2014 թվականին «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ժամանակ կառավարության ներկայացուցիչները շատ մեծ ոգևորությամբ ասում էին, որ սա օգնում  է մեր ազգաբնակչությանը՝ թոթափել սոցիալական բեռը, կնպաստի շինարարական ոլորտի աշխուժացմանը, որը կբերի տնտեսության զարգացման. «Ի՞նչ փոխվեց այս 3 տարիների ընթացքում, կառավարությունը դադարե՞ց ուզել ազգաբնակչության բեռի թեթևացումը կամ տնտեսության զարգացումը»:

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ 3 տարվա ընթացքում կառավարությունն իր դիրքորոշումը մի փոքր փոխել է. «Որովհետև պարզվել է, որ այս տարիների ընթացքում սոցիալական բաղադրիչն ընդհանրապես չի գործել: Համակարգը 3 տարվա ընթացքում բացառապես ֆինանսավորել է հասարակության գնողունակ հատվածին: Մենք հիմա ասում ենք՝ պետությունն իր նպատակադրումն ավելի հասցեական է դարձնում»:

Ի. Տոնոյանը նկատեց, որ 3 տարին մի քիչ երկար ժամանակ էր դա հասկանալու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս