Բաժիններ՝

«Ես մտածում եմ՝ էդ 60 տոկոսի ձեռքը կրակն ենք ընկել». Վարդան Բոստանջյան

«Սրանով իսկապես տպավորություն է ստեղծվում, որ մենք օրինականացնում ենք  նախորդ վարկերի օգտագործման անօրինականությունը»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Մ. Մելքումյանի խոսքով՝ եթե մենք բերում ենք մի նոր կանոն, որը նախկինում չի եղել, ստացվում է՝ նախկինում խաղի կանոն չի եղել. «Նախևառաջ պետք է գնահատական տաք նախորդին, թե այն վարկերը, որ ներգրավվել են, ինչ տրամաբանությամբ են օգտագործվել: Եթե դուք բերում եք նոր կանոն, պետք է ասեիք՝ անցած վարկերն ինչ կառուցվածք ունեն, ինչպես են օգտագործվել»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ այն խաղի կանոնները, որոնք ներկայացվում են, միտված են բուժելու տնտեսությունը.

Կարդացեք նաև

«Ես ուզում եմ հասկանալ, այդ կանոնները, որ հիմա բերում ենք և օրենքի ուժ ենք տալիս, արդյոք գոյություն չունեի՞ն, և չպե՞տք էր այս օրենքներով առաջ շարժվել, որպեսզի չհասնեինք 60 տոկոսին: Սրանք ոսկե կանոններ են, որոնցով պետք է բուժեինք մեր տնտեսությունը, բայց մեր կառավարությունը, նույն իշխանությունը, նույն մարդիկ, ովքեր իշխանության են տարիներ շարունակ, պետք է փաստենք, որ գործել են ապաշնորհ, չեն գործել այնպես, որ տնտեսությունը բուժվի, սա է փաստում այս կանոնը:

Որևէ վստահություն չկա, որ կանոնը կիրառելու դեպքում մենք նորից չենք ունենա այն բացատրությունները, որ այս անգամ չհաջողվեց, որովհետև նման իրավիճակ ստեղծվեց: Սրանով մենք ընդամենը փաստում ենք, որ նախորդ կառավարությունները վարել են ապաշնորհ քաղաքականություն, ոչնչով չեն տարբերվում այսօրվա կառավարությունից, բացի նրանից, որ պարոն Արամյանն արհեստավարժ է և կարող է շատ արհեստավարժ կերպով բացատրել ցանկացած թերացում և փոփոխություն: Սա այն հիմնավորումն է, թե ինչու մենք այս օրենքը պետք է ընդունենք, և հետագայում 60 տոկոսը պետք է անցնի մեր պարտքը, բայց դա լինելու է բացատրված և տրամաբանված»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ այս փոփոխությունները կարևոր են հարկաբյուջետային հարաբերությունների կարգավորման առումով. «Այդուհանդերձ, ես մտածում եմ՝ էդ 60 տոկոսի ձեռքը կրակն ենք ընկել: Բոլոր դեպքերում, ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել մեր նման երկրների համար: Չեմ ասում՝ եկեք գերազանցենք 60 տոկոսը, այլ ասում եմ՝ եկեք հնարավորինս ռացիոնալ և արդյունավետ օգտագործենք պարտքային գումարները»:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն էլ իր եզրափակիչ ելույթում ասաց, որ վարկային միջոցները ծախսվում են այնպիսի կանոններով, ինչպես ծախսվում է բյուջեի յուրաքանչյուր ծախս. «Դրա գնահատականը, թե որքանով լավ կամ վատ է ծախսվել, հենց Ագզային ժողովն է տալիս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս