Կարագի թանկացումը և հանրային հասունության գնահատականը
«Թայմ»-ի «Կարագ կերեք»-ը
Անցյալ տարի ԱՄՆ-ում հրապարակվեցին կարագի սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև կապը հերքող գիտական հետազոտության արդյունքները։ Մինչ այդ մասնագետները բարձրաձայնում էին ուղիղ հակառակը՝ պնդելով, որ կարագը բարձրացնում է խոլեսթերինը, և պետք է հեռու մնալ այն օգտագործելուց։
Իհարկե, գիտական այս աշխատանքը մեծ արձագանք չէր ստանա, եթե հանրահայտ «Թայմ» ամսագիրը դրա արդյունքը չդարձներ շապիկի լուր՝ հայտարարելով «կարագ կերեք» (Eat Butter)։ Կարագի սպառումն սկսեց կտրուկ աճել աշխարհի շատ երկրներում, արտադրողները չհասցրեցին բավարարել աննախադեպ արագ ավելացող պահանջարկը և գները սկսեցին թռիչքաձև աճել։
Ինչպես «նեղը գցել» կենտրոնական բանկի ցանկացած պատասխանատուի
80-ականներին մանուկների սիրած ֆիլմերից մեկում հայտնի դրվագ կար, երբ գերզարգացած մոլորակի ամենագետները, որոնք բարդագույն հարցերն ու խնդիրները վայրկյանական լուծում են, բառացիորեն սկսում են այրվել, երբ նրանց հարցնում են՝ Ա-ն ու Բ-ն նստած են ճյուղին, Ա-ն ընկնում է, Բ-ն՝ կորում, ի՞նչ է մնում։
ՀՀ կենտրոնական բանկում պրոֆեսիոնալները շատ են։ Նրանք կարող են ժամերով հիմնարար վերլուծություններ անել ինֆլյացիայի, փոխարժեքի կամ տոկոսադրույքների կառավարման նրբությունների մասին, լուծումներ առաջ քաշել ամենաբարդ իրավիճակների համար։ Սակայն կենտրոնական բանկի ցանկացած պատասխանատուի հեշտությամբ կարելի է «նեղը գցել» հարցնելով՝ ինչու՞ եք թողել, որ կարագը թանկանա, չէ՞ որ գնաճի կարգավորման գործառույթը ձերն է։ Եվ դա բնական է։
«Մենք մեկ կամ մի քանի ապրանքատեսակների գնաճով չենք զբաղվում» իրավացի պնդումը հարցին բավարարող պատասխան չի ընկալվի։ «Կարագը թանկացել է ողջ աշխարհում» էլի իրավացի պնդումը նույնպես դժկամությամբ կընդունվի։
Իսկ «Կարագը թանկացել է, սակայն մի շարք այլ ապրանքատեսակների գներն էլ իջել են, հանրագումարում ձեր ընտանեկան բյուջեն չի տուժել, և ընդհանուր գնաճը ծրագրավորվածի սահմաններում է» թեզը, որ թերևս ամենալիարժեքն է, դժվար ընկալելի է պարզ մարդու համար։ Այնպես որ կարագի գների մասին հարցը լրագրողները կարող են համարել կենտրոնական բանկի «Աքիլեսյան գարշապարը»։
Ֆինանսական պատերազմներում զինվոր ենք բոլորս
«Երկրները կարելի է ոչնչացնել ոչ միայն պատերազմներով, այլև ֆինանսական կատակլիզմներով» պնդման հետ այսօր կարծես համաձայն են շատերը։ Ցավոք շատերը չեն սակայն, որ ընկալում են հենց իրենց դերը նման պայմաններում։ Վերջին տասնամյակում Հայաստանն առնվազն երեք նման իրավիճակներով է անցել։ Պնդել, որ քաղաքական ուժերը, մամուլն ու հասարակությունը ֆինանսական այդ դժվար պահերին իրենց դրսևորել են կուռ բանակի պես, նպատակին միտված զինվորների պես, իհարկե, շատ դժվար է։
Այս տեսանկյունից Ադրբեջանի հետ շփման գծում լարումների պահերին մենք, որպես հասարակություն, այս տարիների ընթացքում քիչ թե շատ սովորել ենք պատշաճ վարքագիծ դրսևորել։ Ամեն դեպքում ադրբեջանական պրոպագանդան մեր տեղեկատվական դաշտ ներս բերողների թիվն էապես նվազել է, իսկ ապրիլյան դեպքերը վկայեցին, որ, մեծ հաշվով, անհիմն պանիկա տարածողների թիվն էլ նվազման միտում ունի։
Նույն բանը պնդել ֆինանսական ճգնաժամերի դեպքում, սխալ է։ 2014 թվականի դեկտեմբերի՝ ազգային դրամի արժեզրկման հայտնի օրերին, երբ Կենտրոնական բանկն արել էր արդեն հնարավոր բոլոր քայլերն իրավիճակը կայունացնելու և փոխարժեքը հետ բերելու համար, ու շուկայում առկա արժութային հարաբերակցությունն արդեն վկայում էր, որ արագ կարգավորումն անխուսափելի է, մեկ ամբողջ օր դրամը դեռևս շարունակում էր արժեզրվել միայն ու միայն հանրային խուճապի ու անհիմն սպասումների պատճառով։ Այն ժամանակ գործընթացը հնարավոր եղավ կանգնացնել Ազգային Ժողովի փակ նիստում երկարատև քննարկումով դաշտի ակտիվ հռետորներից եկող բացասական էներգետիկան առժամանակ ընդհատելով, և այդ ժամանակահատվածում էլ կուրսն սկսեց վերադառնալ հավասարակշռության մակարդակ։
Շատ ավելի փոքր մասշտաբներով, այսօր էլ նույն երևույթը կա։ Կարագի գնի ավելացումը համաշխարհային երևույթ է։ Մենք կարող ենք հրապարակայնորեն նյարդային վարք դրսևորել կարագի թանկացման առնչությամբ և ստանալ ընդհանուր ինֆլյացիոն սպասումներ։ Այդ սպասումները կբերեն իրական ինֆլյացիայի, դրանից կտուժեն բոլորը։
Բայց մենք կարող ենք նաև ընկալել իրողությունը, նյարդային ոչինչ չանել, փոխարենը բացատրել եղելությունը և չունենալ ավելորդ սպասումային ճնշում գնաճի վրա և իզուր չտուժել։ Այս ընտրությունը՝ ըստ էության մեր հանրային հասունության գնահատականն է։
Մարդկային զարգացման միջազգային կենտրոն