Ինչպես է փոխվել Հայաստանի ներմուծման կառուցվածքը վերջին տարիներին (ինֆոգրաֆիկա)
2016 թվականին Հայաստանի ներմուծման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռը պահպանել են արդյունաբերական պաշարները։
Նախորդ տարի ներմուծման ընդհանուր ծավալը կազմել է 3 մլրդ 211.3 մլն դոլար, որից 1 մլրդ 22.6 մլն դոլարը (31.8%) արդյունաբերական պաշարներն են։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2016 թվականին (Ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2-նիշ դասակարգման)» զեկույցից։
Վառելիքի կշիռը ընդհանուր ներմուծման մեջ 17.5% է (561.9 մլն դոլար), սպառողական ապրանքներինը՝ 17.1% (547.7 մլն դոլար), մթերքի և խմիչքի ներմուծման կշիռը 15% է (481.6 մլն դոլար):
Կապիտալ ապրանքներին 2016 թվականին բաժին է ընկել ընդհանուր ներմուծման 14.1%-ը (453.9 մլն դոլար), 4.5%-ն էլ տրանսպորտային սարքավորումներն են և դրանց մասերը (143.6 մլն դոլար)։
Եթե 2016-ը համեմատենք 2013 թվականի հետ, կտեսնենք, որ բացարձակ արժեքով նվազել են բոլոր ապրանքախմբերի ներմուծման ծավալները։
Տոկոսային առումով ամենից շատ՝ 33.3%-ով, նվազել է արդյունաբերական պաշարների ներմուծումը՝ 1 մլրդ 308.6 մլն դոլարից հասնելով 1 մլրդ 22.6 մլն դոլարի։
Կապիտալ ապրանքների ներմուծումը նվազել է 29.4%-ով, մթերքինը և խմիչքինը՝ 26.4%-ով, մյուս ապրանքախմբերինը՝ ավելի քիչ չափով։
Այս ամենից արդյունքում ՀՀ ներմուծման կառուցվածքը որոշակի փոփոխությունների է ենթարկվել. որոշ ապրանքների կշիռները աճել են, մյուսներինը՝ նվազել։
Ամենից շատ՝ 2.9 տոկոսային կետով, աճել է սպառողական ապրանքների կշիռը։ Կապիտալ ապրանքների կշիռը ընդհանուր ներմուծման մեջ աճել է 0.5 տոկոսային կետով, արդյունաբերական ապրանքների կշիռը՝ 0.4 տոկոսային կետով։
Իսկ ամենից շատ՝ 2.7 տոկոսային կետով, նվազել է վառելիքի և վառելանյութի ներմուծման կշիռը։
2017 թվականի ներմուծման կառուցվածքը այս դասակարգմամբ դեռ հրապարակված չէ։ Սակայն ՀՀ կառավարությունը իր 1 տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվության մեջ, ի թիվս այլ ցուցանիշների, նշել էր, որ կապիտալ ապրանքների ներմուծումը 2017 թվականի հունվար-հուլիսին կազմել է ընդհանուր ներմուծման ոչ 14.9%-ը։ Ըստ այդ հաշվետվության՝ կապիտալ ապրանքների ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 33.3%-ով և կազմել 322.1 մլն դոլար։
Ինչո՞ւ ենք առանձնացրել հենց կապիտալ ապրանքները։ Որովհետև այս տարի ներմուծումն ավելի արագ է աճում, քան արտահանումը։ Եվ ընգծելով, որ ներմուծումն աճել է հիմնականում կապիտալ ապրանքների հաշվին՝ կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ դա դրական երևույթ է. ներմուծման աճն ուղղված է ոչ թե սպառմանը, այլ զարգացմանը։