«Սա ռեֆորմների ճանապարհային քարտեզ է». Արտակ Կիրակոսյանը` ՀՀ-ԵՄ պայմանագրի մասին
«Սա ռեֆորմների ճանապարհային քարտեզ է, որ նախագծված է: Դա նշանակում է, որ մենք, ըստ էության, ունենք երկրի զարգացման մի մեծ ծրագիր, որին պետք է հետևենք, և դրան գումարած` կա մի կառույց, որ պատրաստ է կատարվող քայլերի համար վճարել: Ես կարծում եմ` այդ իմաստով Եվրամիության հետ կնքված պայմանագիրը շատ լավ փաստաթուղթ է: Ընդ որում` մենք համաձայնության ենք եկել մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի հետ, և այդ իմաստով շատ կարևոր է»,- 168.am–ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը` խոսելով Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի մասին:
Ըստ նրա` քաղաքացիական հասարակությունը նույնպես իր առջև ունի այդ ծրագիրը և կորոշի՝ ինչքանով և որ կետերին մասնակցություն կունենա:
Ա.Կիրակոսյանը նշեց, որ այդտեղ մի խնդիր կա, որը մի կողմից՝ առավելություն է, մի կողմից` թերություն.
«Դա այն է, որ հիմնական հաշվետու մարմինը դառնում է ԵՄ-ն, իրենք են վճարելու ինչ-որ բաների համար, և քաղհասարակության դերն այդ իմաստով կարող է երկրորդական լինել, բայց դա արդեն այդքան էլ կարևոր չէ, և սնափառության որևէ խնդիր չի կարող լինել»:
Թե որքանո՞վ ՀՀ գործող իշխանությունը կկարողանա կյանքի կոչել պայմանագրի դրույթները՝ հարցին, Ա.Կիրակոսյանը պատասխանեց, որ բարեփոխումների 2 հիմնական ճանապարհ կա` քաղաքական կամքը, որ Սահակաշվիլիի նման ինչ-որ անձ գալիս է իշխանության և ունի միջազգային ու տեղական հանրության կրեդիտը և իր կողմից նախանշած փոփոխությունների ճանապարհով գնում է, երկրորդը` Եվրոպական ինստիտուցիոնալ ռեֆորմների ճանապարհն է, որ տարբեր տիպի օրենքների, ինստիտուտների ստեղծման շնորհիվ զարգացում է տեղի ունենում.
«Այս երկուսն էլ իր թույլ կողմն ունեն. երբ քաղաքական կամքը չափից ավելի ուժգնությամբ է գնում, վերջում ունենում ենք Սահակաշվիլիի նման իրավիճակ, որ երկրի նախագահի դեմ քրեական գործեր են հարուցված, և երկրից փախած է, այսինքն` կա չարաշահման, ժողովրդավարության անտեսման շատ մեծ պոտենցիալ, դիկտատորական վիճակներ: Ինստիտուցիոնալի դեպքում, ինչպես մենք անընդհատ մեր իշխանություններին ենք քննադատում, որ իմիտացիոն փոփոխություններ են անում, կարծես` ամեն ինչ արվում է, բայց մարդիկ իրականում չեն զգում այդ փոփոխությունները:
Ես կարծում եմ, որ, եթե մենք շեղում ունենանք, կարող է ավելի շատ այդ իմիտացիոն տարբերակով լինել, քան էական փոփոխությունների, բայց երկարաժամկետ իմաստով դրանք ավելի կայուն են: Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ՝ համադրել երկուսը` քաղաքական կամքն ու ինստիտուցիոնալ ռեֆորմները»: