«Նման համաձայնագիր ունենալու համար ԵՄ-ի հետ ՀՀ-ն ոչ մի ետքայլ չարեց իր համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն այսօր Բրյուսելում ստորագրված Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագիրը բավականին երկարատև աշխատանքների արդյունք է համարում:

«Մենք տեսանք, որ ԵՄ-ն հրաժարվեց նախկինում իր որդեգրած «կա՛մ-կա՛մ»-ի քաղաքականությունից, և ըստ էության այն գործընթացը, որ 2013 թվականին կիսատ էր մնացել ուկրաինական ճգնաժամի պատճառով, այսօր իր տրամաբանական ավարտին հասավ, և Հայաստանը դարձավ ԵՄ ասոցիատիվ գործընկեր: Իհարկե, այս փաստաթուղթն առավելապես քաղաքական շեշտադրումներ ուներ, և հայկական կողմը շահագրգռված էր և ամեն ինչ անում էր, որպեսզի այս փաստաթղթում մեզ համար կարևոր նշաակություն ունեցող խնդիրներին նույնպես գնահատական տրվի, հատկապես` Ղարաբաղյան խնդրին, որպեսզի ԵՄ-ն որպես հակամարտության կարգավորման մեխանիզմ՝ ճանաչի նաև ազգերի ինքնորոշման իրավունքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա` այն փաստաթղթում, որ հրապարակվել էր շաբաթներ առաջ և այսօր ստորագրվեց, հստակ նշված է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ընթացող բանակցություններին և հակամարտության կարգավորումը տեսնում է 3 հիմնական սկզբունքների վրա` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք.

«Այսինքն` ԵՄ քաղաքական դիրքորոշումը լիովին համահունչ է հայկական կողմի մոտեցումներին, և կարելի է ասել, որ նման համաձայնագիր ունենալու համար ԵՄ-ի հետ ՀՀ-ն ոչ մի ետքայլ չարեց իր համար սկզբունքային նշանակություն ունեցող հարցերում, ինչը շատերի համար հնարավոր է, որ անսպասելի է, որովհետև գիտենք, որ Եվրոպայում սկիզբ առած գործընթացները, հատկապես` Կատալոնիայում, կարծրացրել էին ԵՄ դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականության հետ կապված, և ազգերի ինքնորոշման իրավունքը, որպես այդպիսին, ստորադասվում կամ երկրորդ պլան էր մղվում, ինչը ՀՀ-ի պարագայում չաշխատեց, և մեր դիվանագիտությանը հաջողվեց ամրագրել այս պայմանագրի մեջ:

Հիմա կսպասենք Արևելյան Գործընկերության (ԱլԳ) հռչակագրի հրապարակմանը, որտեղ,  գրեթե վստահ եմ, որ նույն դիրքորոշումներն են լինելու: Համենայն դեպս, արդեն պարզ է, որ Եվրոպայում ամենաազդեցիկ քաղաքական կառույցը` ԵԺԿ-ն, նախօրեին նույնպես իր աջակցությունն է հայտնել հակամարտության կարգավորման այս մոդելին, և կարելի է ենթադրել, որ ըստ էության քաղաքական այդ գիծն արդեն ամրագրված է եվրոպացիների մոտեցումներում և գնահատականում, և կարելի է ենթադրել, որ հակամարտության ընկալումն արևմտյան երկրներում այնպիսին է, ինչպիսին կցանկանար տեսնել հայկական կողմը»:

Տեսանյութեր

Լրահոս