Բաժիններ՝

«Սիլիկոնային հովտի գաղտնիքն է՝ զբաղվել նրանով, ինչով խոշորները չեն զբաղվելու»

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը հրավիրված ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2017 թվականի դափնեկիր Թոնի Ֆադելը, ով հանդիսանում է «Նեստ Լաբս» ընկերության հիմնադիրը և IPod ապրանքանիշի ստեղծողը, հարցուպատասխանից առաջ զգուշացրել էր՝ պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին՝ խրախուսելու համար, որ սեփական ստարտափներն իրականություն դարձնեք… Հայտնի գյուտարար, դիզայներ, ձեռներեց և «հրեշտակ-ներդրողը», ով աշխատել է նաև աշխարհահռչակ Apple-ում, լինելով երջանկահիշատակ Սթիվ Ջոբսի անմիջական գործընկերը և համարվելով «iPod-ի հայրերից մեկը»՝ երկու ժամ շարունակ պատասխանեց երիտասարդներին հուզող բոլոր հարցերին: Ի դեպ, պարզվեց, որ Թոնի Ֆադելը հրաժարվել է առհասարակ որևէ սոցցանցից։ «Մի կարևոր բան էլ կա՝ ես իմ կյանքից բացառել եմ սոցիալական ցանցերը»,- հայտարարեց նա:

Որո՞նք էին «Nest Labs» ընկերության հիմնադրման առաջին տարիներին թույլ տրված սխալները։

– Ցավոք սրտի, «Nest Labs»-ը միակ դեպքն էր, որի շրջանակներում մենք շատ սխալներ չգործեցինք, իսկ դրան նախորդած 9-10 ձեռնարկությունների ստարտափների պարագայում եղան բազմաթիվ սխալներ: Առաջին ստարտափի ժամանակ թույլ տված ամենամեծ սխալս այն էր, որ կարծում էի, թե շրջապատի մարդկանց հետ կարող ենք ամեն ինչ անել, իսկ դա այդպես չէ: Պետք էր գտնել մեր շրջանակներից դուրս աշխատող մարդկանց, ովքեր ավելի շատ հաջողություններ էին գրանցել, պետք էր խոսել նրանց հետ, դասեր քաղել նրանց թույլ տված սխալներից:

Ես չափազանց շատ էի փորձում պատասխաններ փնտրել իմ մեջ, իմ ներսում, այնինչ իրական պատասխանները դրսում են՝ խելացի մարդկանց փորձի և աջակցության մեջ:

Երկրորդ մեծ սխալս էր՝ երբ մի բան ես ձեռնարկել՝ պետք չէ սահմանափակվել միայն դրանով և համարել, որ դա բավականաչափ լավն է կամ հիասքանչ է:

Որպես ձեռնարկատեր՝ հասկացել եմ՝ հիմնական ուղերձը պետք է ներկայացնել ոչ միայն տեխնոլոգիաների կամ վաճառքի մասնագետներին, գործարարներին և ներդրողներին, այլև հաճախորդներին: Պետք է տեղ հասցնել հաճախորդների սպասելիքները, բացատրել նրանց, թե ինչո՞վ է կարևոր քո ստեղծած արտադրանքը, և ի՞նչ ցավ է այն դարմանում:

Նախ՝ պետք է կարողանալ ձևակերպել սպառողի ունեցած խնդիրը, հետո դարմանն առաջարկել: Այդ կերպ շատ ավելի օգնած կլինես սպառողներին և հաճախորդներին: Իրականում ես կարող եմ իմ սխալների մասին գիրք գրել, ժամեր շարունակ խոսել դրանց մասին, որովհետև դրանք չափազանց շատ են եղել:

– Ո՞րն եք համարում ձեր կարևորագույն նվաճումը, որի մասին հանրությունը տեղյակ չէ։

– Հիանալի հարց է: Հնարավոր է, որ դա բիզնեսի և տեխնոլոգիաների հետ կապ չունենա: Ըստ իս, դա կապված է առաջնորդության հետ: Երկար տարիներ ես զբաղված եմ եղել կադրերի հավաքագրմամբ, աշխատանքի ընդունմամբ և աշխատանքից հեռացմամբ: Հիմնական դասը, որ քաղել եմ՝ այն է, որ մարդիկ հիմնականում գործում են ինքնապարտադրված սահմանների ներսում, ընդ որում՝ այդ սահմաններն իրենք են իրենց համար գծում, որոնք հիմնականում վախերն են:

Ամենակարևոր բանը, որ կարելի է անել, դա մարդկանց դրդել, սեղմելն է, որպեսզի նրանք դուրս գան այդ շրջանագծից, որ նրանց գցում է անհարմար և ոչ շահավետ իրավիճակի մեջ, և այդ դեպքում, եթե դա քեզ հաջողվի, մեկ կամ երկու տարի անց նրանք կվերադառնան և կասեն քեզ՝ անհավատալի բան արեցիր ինձ հետ, ես կարողացա սեփական սահմաններս հաղթահարել, ինչին ժամանակին չէի հավատում, թե ընդունակ եմ… Հիմա, երբ ունեմ երեխաներ, զուգահեռներ և նմանություններ եմ գտնում: Նույն բանը ծնողն անում է երեխայի հետ՝ թողնելով նրան առճակատվելու վտանգներին, հաղթահարելու դրանք և կայունանալու:

Միայն այս ճանապարհով է, որ նրանք կարող են դառնալ այնպիսին, ինչպիսին դառնում են կադրերը, և դա է միակ մնայուն արժեքը ձեռնարկատիրոջ համար: Տեխնոլոգիաները գալիս և գնում են, բայց հղկված մասնագիտական և անձնական որակներով մարդիկ մնում են:

– Ինչո՞ւ հեռացաք Apple-ից:

– Ծանոթացա կնոջս հետ, ամուսնացանք: Այդ ժամանակ երկուսս էլ՝ կինս և ես, աշխատում էինք Apple-ում՝ Սթիվ Ջոբսի մոտ, և երկու երեխա ունեինք: Մեկ տարեկան և մեկուկես տարեկան: Մի օր ես ու կինս աշխատանքից տուն վերադարձանք, և մեր որդին, ով շատ տխուր, բարկացած ու անհանգիստ էր, փոխանակ այդ վիճակում վազեր իմ կամ մայրիկի մոտ, վազեց դայակի գիրկը: Երբ դու ծնող ես, կամ, առավել, երբ կինն է ծնող, և երեխադ վազում է օտարի մոտ, սա ծնողի, տվյալ դեպքում՝ կնոջս, սիրտը կոտրեց: Մենք կարող էինք մնալ Apple-ում և տոննաներով հաջողություններ ունենալ, բայց ես ու կինս հասկացանք, որ երեխաների մանկական բաց թողած տարիներն այլևս ոչ մի գումարով հետ չես գնի, ուստի մենք որոշեցինք դուրս գալ Apple-ից և ավելի շատ ժամանակ անցկացնել մեր երեխաների հետ: Սա էր պատճառը:

– Որպես գյուտարար՝ դուք հանճարների դասից եք: Ի՞նչ է կատարվում ձեր ներսում: Ինչ-որ բան եք պատկերացնում, հետո հետապնդո՞ւմ եք այդ գաղափարը, թե՞ ձեզ մոտ հանկարծ կարող է միտք ծագել, և հասկանաք՝ ինքն է որ կա:

– Լինելով այսպիսին, ես ուշադրություն եմ դարձնում աշխարհի մանրամասներին: Շատ քննադատաբար եմ դիտարկում մանրամասները և նկատում խնդիրները: Իմ նպատակն այդ խնդիրները լուծելն է՝ վերցնենք iPod-ը: Ես դիջեյ էի և անդադար բազմաթիվ սկավառակներ էի քարշ տալիս հետս: «Nest Labs»-ի պարագայում կրկին նույնն էր՝ չէի գտնում իմ սրտով թերմոստատ, այդ պատճառով նախագծեցի ու կյանքի կոչեցի իմ պատկերացրած թերմոստատը:

Մեզ շրջապատող աշխարհը լի է բազմաթիվ խնդիրներով, և պետք է պարզապես բացել աչքերի կապը ու դիտարկել դրանք, հետո օգտագործելով մեր ունեցած փորձառությունը և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ լուծել այդ խնդիրները: Այստեղ ներկա յուրաքանչյուր ոք ի զորու է լուծելու այդ խնդիրները, պետք է պարզապես փնտրել դրանք ձեզ շրջապատող աշխարհում և գիտենալ՝ դրանք լուծելի են, դուք ստիպված չեք համակերպվել և ապրել այդ խնդիրների հետ միասին:

– Լինելով 6-ամյա ստարտափ ընկերության հիմնադիր, որը զբաղվում է ավտոմատացմամբ և տեխնոլոգիաներով, այսօր շատերը փորձում են հարդի և սոֆթի միաձուլման լուծումներ գտնել, բայց չկա միասնական հարթակ, որը կլուծի խելացի սարքերի խնդիրը, ինչպիսին, օրինակ, բջջայինի համար iOS-ն է կամ Android-ը: Ձեր կարծիքով՝ քանի՞ տարի է պահանջվելու, որպեսզի խելացի սարքերի համար միասնական հարթակ ստեղծվի, և ո՞վ կլինի դրա հեղինակը՝ «Nest Labs»-ը, թե՞ մեկ ուրիշը:

– Հիանալի հարց է, որն ինձ թույլ կտա զուգահեռ անցկացնել: Ժամանակը տալիս է բոլոր հարցերի պատասխանները: Բերեմ մի օրինակ, երբ 1991-95թթ.աշխատում էի «General Magic»-ում, մենք ժամանակից առաջ ընկանք և նախատեսվածից 15 տարի ավելի վաղ ստեղծեցինք iPhone-ը: Իրերի ինտերնետի համար երկար ժամանակ է պահանջվելու: Պետք է ասեմ, որ այն արդեն հինգ տարի է, ինչ սկսվել է, բայց դեռ շատ ժամանակ կպահանջվի: Սա, կարելի է ասել, իրերի ինտերնետի դեռևս սկզբնական փուլն է: 1990-ականներին բազմաթիվ խելացի հեռախոսներ ու սարքեր ստեղծվեցին, որոնք մահացան: Պետք է համբերություն ունենալ, կարողանալ ձախողումներ հաղթահարել, չշեղվել նպատակից, և ճիշտ ժամանակին սպասված լուծումները կգան:

– Ձեր կարիերայի ընթացքում ունեցե՞լ եք այնպիսի ձախողումներ, որ թվացել է՝ վերջն է, դրանից այն կողմ ավելի վատ լինել չի կարող, այլևս որևէ ելք չկա: Ի՞նչն է ձեզ հույս տվել հետագայում՝ զրոյից սկսելու և շարունակելու գործը:

– Այդ հոգեվիճակը ռացիոնալ պատճառներ չունի, հուզական դաշտից է և ինչ-որ առումով նման է ամուսնանալուն: Երբ զգում ես, որ նա է, ուրեմն նա է: Բացատրելու չէ, բայց անում ես, որովհետև գիտես, որ դա է: Այլ օրինակ բերեմ՝ կնոջս հետ ծանոթանալուց տասը շաբաթ անց մենք նշանադրվեցինք: Դրանից հինգ ամիս անց մենք ամուսնացանք, կարող է՝ ես խելագա՞ր եմ, միգուցե: Ամուսնությունն արդեն հույզ չէ, այլ ճակատագիր: Թե՛ ձախողված ստարտափների, թե՛ այդպիսի հարաբերությունների դեպքում առաջնորդողը ներսի կրակն է, որը պետք է պոռթկա, միջիցդ դուրս գա, խոսես ուրիշների հետ, չդադարես սովորել, բայց ներսիդ կրակն է, որ պետք է առաջ տանի քեզ և հասցնի ուզածիդ:

Հրաշալի զգացողություն է, որ հիմա արդեն 200-ից ավելի ձեռնարկությունների հետ եմ աշխատում, շաբաթը մեկ նոր ձեռնարկության հետ եմ շփվում, տեսնում եմ այդ մարդկանց ներսի կրակը, այդ կրակի վրա յուղ եմ լցնում, նրանք այդ կրակը վերցնում են, գնում են առաջ, նոր շուկաներ են նվաճում, սպառողական համակրանք ձեռք բերում: Մարդկանց մեջ այդ կրակը հնարավոր է տեսնել և դրանով առաջնորդել նրանց:

– Ժամանակի կառավարման մասին՝ ինչպե՞ս կնկարագրեիք ձեր աշխատանքային օրը, դրա ընթացքը և ոչ աշխատանքային օրվա ընթացքը:

– Իմ ամեն առավոտը սկսվում է 1-2 ժամ մարզվելով: Դա ես կատարում եմ առանց զուգահեռ ատրիբուտների՝ երաժշտության և այլն: Դա նման է շարժական մեդիտացիայի, երբ շարժվում եմ, մարզվում և հընթացս նաև մեդիտացնում առաջիկա ժամանակը, վերլուծում եմ նաև անցած օրը, ու այդ մեդիտացիոն գործընթացի արդյունքում սկսում են ծնվել և ձևավորվել նոր գաղափարներ: Հետո սովորական աշխատանքային օրս է, որը ես անցկացնում եմ գրասենյակում: Հանդիպումներիս մեծ մասը գերադասում եմ անցկացնել գրասենյակից դուրս, բայց կա մի բան, որ միշտ արել ու անում եմ դեռ մանուկ հասակից՝ ահռելի ծավալի տեղեկատվություն և լուրեր եմ ընթերցում և փորձում եմ դա կլանել-յուրացնել՝ կյանքի տեխնոլոգիաների, հասարակության մասին միշտ ցանկացել եմ իմանալ և սովորել:

Հայաստանում ես նույնպես այդ պատճառով եմ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ ձեզ, ձեր երկրի մասին տեղեկատվություն քաղելով՝ փորձեմ սովորել, որովհետև միայն ուսումնասիրելով և սովորելով կարելի է ավելի լավ պատկերացնել աշխարհն ու իրականությունը: Փորձում եմ նաև վայելել, հաճույք ստանալ կյանքից, զբաղվում եմ հեծանվասպորտով, բազմաթիվ համերգների եմ մասնակցում, ժամանակ եմ անցկացնում ընկերներիս հետ: Աշխատանքը թթվածնի աղբյուր է ուղեղիս համար, բայց նշված բոլոր զվարճալի և լիցքաթափման միջոցները ևս կարևոր են մարդկանց կյանքում: Մի կարևոր բան էլ կա՝ ես իմ կյանքից բացառել եմ սոցիալական ցանցերը:

– Դուք էլ ժամանակին ինչ-որ ընկերության աշխատող եք եղել և գտնվել եք ձեր կոմֆորտի գոտու տարածքում, ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, որպեսզի դուրս գաք այդ վիճակից, երբ զգում եք, որ այլևս տեղաշարժի տարբերակներ չկան:

– Որպես ձեռնարկատեր և որպես անձ՝ եթե ամեն օր ներսումդ «թիթեռնիկներ» չեն ճախրում, ապա կամ բավականաչափ ուշադրություն չես դարձնում շրջապատին, կամ բավականաչափ ռիսկերի չես գնում և չես փորձում սահմաններն ընդարձակել կամ սահմանից դուրս գործել: Պտույտը զվարճալի չէ, եթե չի պարունակում վախ: Եվ նույնը պետք է լինի ձեր կյանքում՝ վայրիվերումներ, թիթեռնիկներ, կտրուկ շրջադարձեր և փորձարկումներ: Այդպիսին է նոր էվոլյուցիան, որն ասում է՝ եթե նոր բան չես սովորում և առաջ չես շարժվում, ուրեմն մահացել ես, ընտրությունը ձեր ձեռքում է: Այս պահին այստեղ կանգնած էլ՝ ես բազմաթիվ հարցերով մտահոգ եմ և անհանգստացած՝ պարանոյի աստիճան, որը թույլ է տալիս խուսափել բթացումից, և միայն այդ կերպ կարող ես ինքդ քեզ պատրաստել աճի համար:

– Հե՞շտ է արդյոք ձեզ տրվում՝ ելույթներ ունենալ հարյուրավոր մարդկանց առաջ, և ի՞նչ մեթոդներ եք կիրառում հաղթահարելու համար ստեղծվող արգելքները:

– Պետք է ասեմ, որ ավագ դպրոցում կամ քոլեջում, երբ նույնիսկ քսան հոգու առաջ էի ելույթ ունենում, խորը վախ և զզվանք էի ապրում այդ երևույթից: Պարապել, պարապել, պարապել, և ես ունեի մենթոր: Եվ ճշմարտություն ասեմ ձեզ՝ Սթիվ Ջոբսի մոտ շնորհանդեսները շատ լավ էին ստացվում, որովհետև նա ևս ուներ մենթոր, ով իրեն սովորեցնում էր, թե ինչպես պետք է դա ճիշտ կերպով անել: Նախագծելիս, քայլելիս, խոսելիս, շնորհանդես անելիս և միշտ՝ պետք է ընկնել և վեր կենալ ու սովորել, անվերջ սովորել: Միայն այս կերպ է հնարավոր առաջ ընթանալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս