Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին
Որոշ ժամանակ առաջ սոցիալական ցանցերում մեծ աղմում բարձրացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակված մի տվյալ, ըստ որի՝ Հայաստանում ծնված աղջիկների թիվը մի քանի անգամ պակաս էր տղաների թվից։ Նշվել էր, որ հոկտեմբերի 27-ին Երևանում ծնվել է 46 տղա ու 10 աղջիկ, իսկ վերջին 4 օրվա մեջ՝ 168 տղա և 97 աղջիկ։
Տղաների և աղջիկների ծնունդների այս խիստ անհամաչափությունը բուռն քննարկման առարկա դարձավ։ Հետո, իհարկե, պարզաբանվեց, որ մեկ օրվա տվյալի հիման վրա չի կարելի ընդհանրացված դատողություններ անել: Ավելին՝ ընդամենը մի քանի օր անց քաղաքապետարանը տեղեկացրեց, որ տվյալ օր ավելի շատ աղջիկ է ծնվել քան տղա։
Սակայն կրքերը հեշտությամբ չհանդարտվեցին, և կրկին ակտուալություն ձեռք բերեց սելեկտիվ աբորտների թեման։ Այսինքն՝ Հայաստանում գնալով ավելի տարածված են դառնում հղիության արհեստական ընդհատումները, երբ տղա երեխայի սպասող ծնողները իմանում են, որ աղջիկ է ծնվելու։
Իհարկե, սելեկտիվ աբորտները անցանկալի երևույթ է։ Սակայն իրո՞ք Հայաստանում այդ խնդիրը չափազանց լուրջ է և գնալով լրջանում է։ Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ ոչ:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակեց «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2017 զեկույցը», որտեղ տվյալներ կան վերջին տարիներին Հայաստանում ծնված տղաների և աղջիկների թվաքանակների մասին։
Այդ տվյալների հիման վրա մենք կազմել ենք այս գծապատկերը։ Ուշադրություն դարձրեք սեռերի հարաբերակցությանը, որը ներկայացված է կորով։
Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։ Այսինքն՝ նորմալ է, որ տղաներն ավելի շատ են ծնվում, որովետև տղամարդկանց կյանքի միջին տևողությունն ավելի կարճ է, և հավասարակշռությունը հետագայում վերականգնվում։
Մեզ մոտ սեռերի հարաբերակցությունը 2016 թվականին եղել է 1.12՝ նորմայից 0.06 տոկոսային կետով բարձր։ Դա լավ չէ, սակայն շեղումը մեծ չէ։
Սակայն նախորդ տարիների համեմատ, ինչպես տեսնում եք, այդ անհամաչափությունը նվազել է՝ 2012 թվականի 1.15-ից այն իջել է 1.13-ի (2013-2015թթ.), իսկ հետո հասել 1.12-ի։
Սա նշանակում է, որ սելեկտիվ աբորտների տարածման վտանգը խիստ ուռճացված է։
Շատ ավելի մտահոգիչ է ծնունդների թվի նվազումը՝ ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների։ 2016 թվականին Հայաստանում ծնվել է 40 592 երեխա (21 445 տղա և 19 147 աղջիկ)։ Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 5 տարիների կտրվածքով։
Ընդ որում, ծնունդների քանակը նվազել է ոչ թե միայն բնակչության թվի նվազման պատճառով, այլև պտղաբերության՝ հայաստանցիները սկսել են ավելի քիչ երեխաներ ունենալ։
Եթե 1990-ականների սկզբին 1 կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թվաքանակը 2.5-ից բարձր էր, այժմ այն 1.6-ի սահմաններում է։ Ու եթե նախկինում բարձր ծնելիությունը ապահովվում էր հիմնականում գյուղական բնակավայրերի հաշվին (գյուղերում ծնելիությունն ավելի բարձր էր), 2012-ից այդ «ավանդույթը» խախտվեց՝ գյուղաբնակ կանայք այժմ ավելի քիչ երեխաներ են ունենում, քան քաղաքաբնակները (այս մասին ավելի մանրամասն՝ այստեղ)։
b4b.am