«Դա բավական անկատար մի բան է և իր դրույթներով՝ գիտության բնագավառում պետության դեմ գործող օրենք». Լիլիթ Արզումանյան
«Հրատապ թեմա» ծրագրի շրջանակներում այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը: Հանդիպման թեման Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին ՀՀ օրենքի նախագիծն էր, ԲՈՀ-ի ապագան և գիտական նոր աստիճանակարգը, ինչպես նաև՝ վերջերս գիտակրթական շրջանակներում աղմուկ առաջացրած՝ ՀՀ Զինապարտության մասին նոր օրենքի նախագիծը:
Անդրադառնալով Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի նախագծին՝ Լիլիթ Արզումանյանը հստակեցնում է.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի նախագիծ կա, և, ընդ որում, այն չի կարելի համարել նոր օրենք: Ինչպես այդ օրենքի, այնպես նաև նոր առաջարկվող օրենքի առնչությամբ ես ունեմ ավելի խիստ կարծիք: Որևէ հիմնավորում և տրամաբանական բացատրություն՝ նոր օրենք ունենալու հետ կապված, գոյություն չունի: Ինձ համար դա բավական անկատար մի բան է և իր դրույթներով՝ գիտության բնագավառում պետության դեմ գործող օրենք: Չեմ կարծում, որ այն վիճակով, որով առաջարկվել է՝ հավանություն կստանա»:
Մանրամասնելով ԲՈՀ-ի մասին նոր օրենքի նախագծի դրույթները՝ բանախոսը նշում է.
«Եթե խոսենք ԲՈՀ-ի օրենքի մասին, ապա ընթացիկ օրենքում հստակ գրված է, որ գիտական աստիճանները շնորհում են մասնագիտական խորհուրդները, հաստատում և վկայագրերով ամրագրում՝ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Բարձրագույն որակավորման հանձնաժողովը նոր նախագծում առհասարակ հանված է: Դա, բնականաբար, արվել է միտումնավոր նպատակներով: Այսօր երկրում ԲՈՀ-ի բացակայության մասին շրջանառվող խոսակցություններն ինքս համարում եմ ժամանակավրեպ: Շատ պարզ պատճառներով մենք չունենք հեղինակավոր բուհեր, որոնց շնորհած գիտական աստիճանի վկայագիրը ճանաչելի կլինի աշխարհում: Եթե ողջ աշխարհն այսօր ճանաչում է ԲՈՀ-ի շնորհած վկայագիրը, ապա միայն այն պատճառով, որ դա տալիս է պետությունը»:
Անդրադառնալով կառույցի լինելիության շուրջ շրջանառվող զրույցներին և դրանց հիմքերին՝ Լիլիթ Արզումանյանը հարկ է համարում պարզաբանումներ մտցնել՝ ԲՈՀ-ում պաշտպանած ատենախոսությունները, որպես կանոն, տեղադրվում են կառույցի մասնագիտական խորհուրդների կայքերում, իսկ պաշտպանություններն ընթանում են բաց ընթացակարգով:
Արդյո՞ք գիտական ատենախոսություն պաշտպանած ցանկացած անձ կարող է համապատասխանել պահանջվող չափանիշերին և համարվել գիտնական. Այս հարցին բանախոսը պատասխանում է.
«Մենք ընդհանրապես սովոր ենք ամեն ինչ սև գույներով ներկայացնել, կամ հայտարարել, որ գիտություն չկա, և այլն: Դա բացարձակապես այդպես չէ: Կան հրաշալի երիտասարդներ և հիանալի գիտական աշխատանքներ: Թյուր տպավորություն է ստեղծվել, թե այդ ամենն ինչ-որ սուտ հիմքերի վրա է կառուցվել: Կան, իհարկե, բացասական երևույթներ՝ գրել են տալիս ատենախոսությունները, արտատպում են այստեղից-այնտեղից, բայց, այնուամենայնիվ, որակյալ գիտություն կա, հետևաբար՝ եկեք ո՛չ ինքներս մեզ, ո՛չ մեր ազգին չթերագնահատենք: Կամ խոսում են՝ Գիտությունների ազգային ակադեմիան պետք է փակվի: Ո՞վ իրավունք ունի դա անելու, և եկեք չմոռանանք, թե երբ է այն բացվել՝ պատերազմի տարիներին: Մեզանից որևէ մեկն անգամ մտքում բարոյական իրավունք չունի մտածելու, որ մեր ազգն այլևս Վիկտոր Համբարձումյան չի տալու: Թողնենք անտեղի խոսակցությունները, հատկապես, եթե դրանք որևէ օգտակար գործողության գործակից չեն պարունակում»:
ՀՀ ԲՈՀ-ի լինել-չլինելու վերաբերյալ ընթացող քննարկումների ֆոնին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում Լիլիթ Արզումանյանը հարկ համարեց հիշեցնել, թե որքան կարևոր գործունեություն է այսօր ծավալում վերոհիշյալ կառույցը՝ ԲՈՀ-ը հաստատում, ուսումնասիրում և մշակում է Հայաստանում գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, որով գիտական աստիճաններ են շնորհվում, հաստատում է մասնագիտական քննություններն ու միասնական ծրագրերը, Հանրային գրադարանի հետ թվայնացնում է ավելի քան 25 տարվա ատենախոսությունները՝ ստեղծելու համար հիմնական թվայնացված բազա, և այլն: