«Վիճակը վատանալու է ու չի էլ կարող լավանալ». Վահագն Խաչատրյան
«Ֆինանսական ճգնաժամի արդյունքում՝ մեր տնտեսական վիճակը պետական պարտքի առումով վատացրեցինք, որևէ ձևով չկարողացանք լուծել գործազրկության հարցը, և որևէ ձևով չլուծվեց նաև աղքատության հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունն այս վիճակից դուրս գալու վատթարագույն ճանապարհն է ընտրել: Վ. Խաչատրյանն ասաց, որ հունիս ամսին Համաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի համակարգային գնահատականը, որտեղ նշվել է, որ ՀՀ-ի տնտեսական զարգացման մոդելն իրեն ամբողջությամբ սպառել է.
«Այն, ինչ պետք է իշխանության ներկայացուցիչները ներկայացնեին մեզ, պետք է վերաբերեր սրան, թե ի՞նչ տնտեսական մոդել ենք մենք ուզում, որովհետև մոդելն իրեն սպառել է: Մինչև 2009 թվականը, եթե կար հնարավորություն ինչ-որ քայլեր անելու, տնտեսական բարեփոխումներ անելու, 2017-ին մենք այդ հնարավորությունը չունենք, ու մենք հիմա փնտրում ենք ռեսուրներ, միջոցներ, թե ոնց պետք է անենք, որ այս վիճակից դուրս գանք: Վիճակից դուրս գալու վատթարագույն ճանապարհն է ընտրվում: Երկրի տնտեսական քաղաքականությունը չի բերելու միջին բիզնեսի կայացմանը»:
Վ. Խաչատրյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տնտեսական քաղաքականության մեջ տնտեսության զարգացմանը նպաստող որևէ գործիք չի օգտագործվում. «Երբ խոսում ենք ֆինանսական միջոցների մատչելիության խնդրի մասին, մեզ ասում են՝ «գյուղատնտեսությանը մենք սուբսիդավորում ենք, վարկերն իջեցնում ենք, փոքր բիզնեսի համար վարկերն իջեցնում ենք», և այլն, բայց ինչի՞ եք դա անում, ընդհանուր երկրում վարկային քաղաքականությունը նպաստող չէ: Դրա փոխարեն՝ մենք հաջորդ թակարդի մեջ ենք ընկնում, որպեսզի կարողանանք տնտեսական զարգացմանը նպաստել, սկսում ենք պետական պարտքն ավելացնել: Երբ չկա ներքին ռեսուրսների օգտագործման արդյունավետություն, երբ չկա մասնավորի կողմից շահագրգռվածություն ինքնուրույն տնտեսական գործունեություն ծավալելու և զարգացնելու, չի կարող լինել նաև զարգացում»:
Բանախոսի կարծիքով՝ մենք հիմա հայտնվել ենք մի ծուղակի մեջ, որ պետական բյուջեի մոտ 10 տոկոսը պետք է ծախսենք միայն պետական պարտքի սպասարկման համար. «Այսինքն՝ մենք ավելի շատ հիմա վճարում ենք, քան օգտագործում ենք»:
Վ. Խաչատրյանը նկատեց, որ իշխանություններն ասում են՝ 2018 թվականի բյուջեն կայունության համար է, եկող տարի կայուն կլինի, իսկ հաջորդ տարի լավ կլինի, բայց, ըստ նրա՝ եթե կենսաթոշակը չենք բարձրացնում, աշխատավարձը չենք բարձրացնում, դրանից ելնելով՝ մարդկանց եկամուտները պակասում են, մարդիկ ավելի վատ են ապրում. «Այնտեղ Ազգային ժողովում մի քանիսը, չգիտեմ ինչի, դարձել են գրագետ տնտեսագետներ, ասում են՝ տենց բան կա՞: Ո՞նց կարող է չլինել՝ եթե աշխատավարձ, թոշակ չի բարձրանում, երբ մենք ստորագրելու ենք ԵԱՏՄ-ի մաքսային օրենսգիրքը, ինչը նշանակում է, որ գները բարձրանալու են»:
Նրա խոսքով, ամեն դեպքում, վիճակը վատանալու է ու չի էլ կարող լավանալ, որովհետև որևէ նախապայման դրված չէ. «2019 թվականը նույնպես կասկածելի է, որովհետև այդ պետական պարտքի բեռը, որ կա մեր վզին, չի կարող՝ մարդկանց եկամուտները չպակասեն»:
Ըստ տնտեսագետի՝ Հարկային ամբողջ օրենսգիրքը բերել է նրան, որ մեզ մոտ ամբողջ տնտեսության մեջ և՛ ներդրում անելը ձեռնտու չէ, և՛ տնտեսությամբ զբաղվելը ձեռնտու չէ. «Ես որևէ ակնկալիք չունեմ, որ 2018 թվականի կամ 2019-ի բյուջեները որևէ բան կփոխեն: Տեսեք՝ ինչ ծախսեր են կրճատվում, որ անթույլատրելի է: Անթույլատրելի է, որ կրթության և առողջապահության ծախսերի կրճատում է լինելու»: