«Մինչև 60% հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման և հովացման ծախսերը». Հայկ Հարությունյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ԵՄ պատվիրակության, ԵՄ-ն էներգետիկայի համար կառավարման ծրագրի և այլ գործընկերների հետ համատեղ այսօր՝ նոյեմբերի 8-ին, անցկացվեց «Եմ-ն էներգետիկայի համար (Eu4energy) բարձրաստիճան համաժողով. Հայաստանի էներգախնայողության ներուժի բացահայտում» միջոցառումը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումներ իրականցնելու հիմնական խնդիրն այն է, որ այնտեղ շահառուները շատ են, ամեն շենքում կան բնակարաններ, որոնք դատարկ են, կան բնակիչներ, որոնք չեն ուզում ոչ մի բանի համար վճարել, կան բնակիչներ, որոնք ուզում են, բայց այդքան հնարավորություն չունեն, կամ համատիրություններ, որոնց կարողությունները շատ են տարբերվում. «Ունենք շատ օրինակելի համատիրություններ, բայց ունենք նաև այնպիսինները, որոնց կառավարման մշակույթը դեռևս բավարար մակարդակի չէ, որպեսզի նման միջոցառումներ իրականացվեն։ Հետևաբար, երբ ունես մի իրավիճակ, երբ այսքան շատ շահառու ունես, շատ դժվար է մեկ ընդհանուր ֆինանսական և կոմերցիոն սկզբունքներով աշխատող բիզնես մոդել գտնել և մասսայական էներգախնայողության միջոցառումներ իրականացնել։ Այս համաժողովը նման լայն շրջանակների, փորձագետների հետ կարևոր կլինի, որպեսզի հասկանանք թե ինչ քայլեր են պետք անել»։
Հ. Հարությունյանի խոսքով՝ արտաքին ջերմամեկուսացման դեպքում միջին խնայողությունը մեկ բազմաբնակարան շենքի համար մոտ 60% է կազմում. «Եթե մենք արտաքին ջերմամեկուսացում անենք, փոխենք ընդհանուր տարածքների դռները, պատուհանները, հստակ պիլոտային ծրագրեր ունենք արած, որ մինչև 60% հնարավոր է խնայել բնակիչների ջեռուցման և հովացման ծախսերը։ Բայց որպեսզի նման բարձր ցուցանիշի հասնենք, պետք է շենքը արտաքին ջերմամեկուսացում անենք, այլ ոչ թե ամեն բնակարանում ներքին մեկուսացում արվի։ Նման բան անելու համար բոլոր մասնակիցների համաձայնությունն է պետք։ Այստեղ մեկ մոտեցումը բոլորի համար բավարար չի լինի, տարբեր մոդելներ են պետք, որպեսզի այս միջոցառումներն անենք։ Հայաստանում կա մոտ 20 հազար բազմաբնակարան շենք, և մոտ 450 հազար առանձնատուն, և խնայողության պոտենցիալն այստեղ շատ-շատ է»։
168.am-ի հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ ներդնել 1 շենքի էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, փոխնախարարը պատասխանեց. «Մենք շատ տարբեր չափերի շենքեր ունենք․ ՄԱԿ-ի զարգացմած ծրագրի շրջանակներում ունեցել ենք պիլոտային ծրագիր, որը 40 մլն դրամ էր։ Եթե դա մասսայականացվի, մենք հաշվարկներ ունենք, որ հանարվոր է կիսով չափ ծախսերն օպտիմալացնել և մինչև 20 մլն դրամով մեկ շենքի արտաքին ջերմամեկուսացումն իրականացնել»։