Հայաստանում շարունակվում է ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարը
Ոչ վարակիչ հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհի բժիշկներին առավելագույնս անհանգստացնող թեմաների շարքում։ Ինչպես ցույց են տալիս վիճակագրական հետազոտությունների արդյունքները, դրանց վրա է ընկնում հիվանդացության և մահացության հիմնական բեռը:
Առաջին հայացքից սա կարող է հակասական թվալ. չէ՞ որ վարակիչ հիվանդությունները միանգամից շատ մարդկանց են թիրախավորում: Սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ 193 երկրում կատարված հետազոտությունները փաստում են, որ ոչ վարակիչ՝ սրտանոթային, քաղցկեղային և էնդոկրին հիվանդությունների հետևանքով մահացության աճն ակնառու է՝ անգամ «ամենավարակիչ» ՁԻԱՀ-ից, տուբերկուլյոզից, մալարիայից մահացության համեմատությամբ: Ընդ որում, այս միտումը, ըստ կանխատեսումների, շարունակվելու է առաջիկա 20 տարվա ընթացքում:
Հայաստանում պատկերը գրեթե նույնն է, ինչ եվրոպական տարածաշրջանի մյուս երկրներում: Ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունը կազմում է ընդհանուրի 80%-ը: Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունները (48%), հետո՝ չարորակ նորագոյացությունները (19,8%), երրորդ տեղում շաքարային դիաբետն է՝ 4,9% -ով: Դիաբետից մի փոքր ավելի քիչ՝ 4,8%-ով, մահացության պատճառ են դառնում վնասվածքներն ու թունավորումները: Առողջապահության կազմակերպիչների հավաստմամբ՝ 90-ականների համեմատությամբ 2000-ականներին ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական իրավիճակը ծանրացել է:
Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններ են համարվում տարիքը, ծխելը, ալկոհոլը, ֆիզիկական պասիվությունը, ավելորդ քաշն ու ճարպակալումը, սխալ սննդակարգը, կերակրի աղի չարաշահումը, ինչպես նաև մի շարք սոցիալ-հոգեբանական երևույթներ: Այսինքն՝ այս շարքի հիվանդություններն առավել հաճախ դրսևորվում են ծխողների, նստակյաց կյանք վարողների, ավելորդ քաշով, արագ սնունդ սիրող և գենետիկական նախատրամադրվածություն ունեցող մարդկանց մոտ: Գնահատելով պատճառահետևանքային այս կապը՝ պարզ է դառնում, որ բուժումից առավել հեշտ և ձեռնտու է՝ կանխարգելել ոչ վարակիչ հիվանդությունները:
Կանխարգելմանն ուղղված առաջին քայլերից մեկը սկրինինգային հետազոտություններն են: 2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային ծրագրի շրջանակներում առ այսօր զարկերակային գերճնշման վաղ հայտնաբերման սկրինինգային հետազոտություն է անցել 35-68 տարեկան շուրջ 605 հազար քաղաքացի: Նույն տարիքի մոտ 408 հազար քաղաքացի հետազոտվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը պարզելու նպատակով, ինչը թույլ է տալիս հայտնաբերել շաքարային դիաբետը: 30-65 տարեկան շուրջ 148 հազար կին ՊԱՊ թեստի հետազոտություն է անցել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար: Հետազոտություններն իրականացվում են անվճար՝ ՀՀ բոլոր առողջության առաջնային պահպանման բժշկական հիմնարկներում: Դրանք տեղամասային պոլիկլինիկաներն են և ամբուլատորիաները:
Առողջապահության նախարարությունը հորդորում է մտածել սեփական առողջության մասին՝ կանխարգելելով հիվանդությունների զարգացումն ու բարդացումը: Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը հաճախ ազատում է նաև հաշմանդամությունից, հատկապես՝ աշխատունակ տարիքի մարդկանց մոտ, ինչն անխուսափելի է դառնում հիվանդության ուշ փուլերում: Հետևելով զարկերակային ճնշման, արյան մեջ գլուկոզայի, մարմնի քաշի ցուցանիշներին, տարեկան մեկ անգամ այցելելով բժիշկներին՝ ՊԱՊ քսուքի հետազոտության համար, վարելով ակտիվ կենսակերպ, սնվելով ճիշտ, չծխելով և չչարաշահելով ալկոհոլը, մենք լավացնում ենք մեր կյանքի որակը:
Այցելեք տեղամասային պոլիկլինիկաներ և ամբուլատորիաներ, ասացեք բժշկին, որ եկել եք սկրինինգային հետազոտության համար: Նա կհավաքի անամնեզ՝ լրացնելով փաստաթուղթ՝ տարիքի, սեռի, ծխախոտի օգտագործման, ժառանգական ծանրաբեռնվածության, սոցիալ-տնտեսական վիճակի ու աշխատանքային պայմանների մասին, կչափի զարկերակային արյան ճնշումը, արյան մեջ գլուկոզայի պարունակության մակարդակը, կանանց դեպքում՝ նաև ՊԱՊ քսուք կվերցնի՝ հետազոտության համար: Տվյալները կգրանցվեն Ձեր անձնական թերթիկում: Ձեր պարբերական այցելություններից հետո բժիշկը կհամեմատի նախորդ և այդ պահի տվյալները, կվերլուծի առողջական վիճակն ու կգնահատի այն՝ կրկին լրացնելով ցուցանիշները Ձեր թերթիկում: Որևէ խնդրի հայտնաբերման դեպքում առաջնային բուժօղակի բժիշկը կուղղորդի Ձեզ նեղ մասնագետների մոտ՝ նույն կամ այլ բժշկական հաստատությունում, որտեղ համապատասխան ծառայություններ են մատուցվում:
Պահպանեք Ձեր ամենաթանկ ունեցվածքը՝ առողջությունը:
ԱՍՏՂԻԿ ՄԱՐԿՈՍՅԱՆ